HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Սեյրան Սիմոնյան. դեսանտագրոհային գումարտակ

«Պատերազմի օրերին ասում էր` մենք առաջնագծում չենք, էնտեղ մոբն է, մենք ապահով տեղում ենք, առաջնագծից հեռու,- պատերազմից հետո արդեն իրենց վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննեսյանից իմացանք, որ դեսանտագրոհայինները եղել են ամենաթեժ տեղերում»,- պատմում է Քրիստինե Սիմոնյանը՝ հոկտեմբերի 23-ին Շեխեր գյուղում զոհված Սեյրան Սիմոնյանի մայրը։

Սեյրանը դեսանտագրոհային վաշտի կազմում պատերազմի առաջին օրվանից մասնակցել է մարտական գործողություններին Թալիշում, Աղդաբանում, Մատաղիսում, հոկտեմբերի 22-ից  պաշտպանել են Շեխեր գյուղը: Այնտեղ գտնվելու երրորդ օրը զոհվել է հրետանային արկի պայթունից՝ բեկորը մեջքն է խոցել, վաշտի տղաները Սեյրանին հասցրել են մինչև Շտապ օգնության մեքենան, բայց փրկել չի հաջողվել, բեկորը վնասել է թոքը, Սեյրանը մահացել է հոսպիտալ տանող ճանապարհին: Նույն արկի պայթունից զոհվել է նաև Արտաշես Բաղդասարյանը, վաշտից մի քանիսն էլ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:

Լոռու Մարզի Թումանյան համայնքում ապրող ընտանիքի չորս զավակից երկրորդն էր Սեյրանը։ Իններորդ դասարանում որոշել էր դուրս գալ դպրոցից, ընդունվել ռազմական ակադեմիա. զինվորական էր ուզում դառնալ, բայց ծնողները դեմ էին: Ընդունվել է Ալավերդու արհեստագործական ուսումնարան, ծառայությունից հետո ծրագրում էր գնալ հոր մոտ Ռուսաստան՝ շինարարական արտագնա աշխատանքների:

«Բանակ գնալուց երկու ամիս առաջ, ընկերների հետ աշխատում էր Քոբայրավանքի վերականգնման  շինարարության մեջ, հիմա՝ Սեյրանի զոհվելուց հետո, հաճախ ենք գնում էնտեղ»,- պատմում է մայրը:

2019թ.-ի հունվարին Սեյրանը զորակոչվել է ծառայության Արցախ, իր ցանկությամբ տեղափոխվել է Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ, նռնակաձիգ էր: Ծնողների հետ խոսելիս ծառայությունից միշտ գոհ է եղել. զինվորականի գործը միշտ է սիրել:

Պատերազմի առաջին չորս օրը Սեյրանի հետ կապ չեն կարողացել հաստատել (ծանր մարտերի մեջ էին Թալիշում), բայց հոկտեմբերի 2-ից օրը երկու անգամ զանգել և համոզել է տնեցիներին, որ չանհանգստանան, և, որ իրենք մարտական գործողությունների չեն մասնակցում:

«Ես կարի ֆաբրիկայում եմ աշխատում, պատերազմի օրերին զինվորական վերմակներ էինք կարում և ուղարկում առաջնագիծ, մի օր տղայիս հարցրի՝ Սեյրան ջան, հո չե՞ք մրսում, մեր ուղարկած վերմակներից ձեզ հասնում ա, ասում էր՝ հա, մամ ջան, չենք մրսում, քո կարած վերմակների մեջ ենք քնում»:

Սեյրանի հետ վերջին անգամ հեռախոսով խոսել են հոկտեմբերի 22-ի գիշերը:

«23-ին, 24-ին չզանգեց, մտածում էի երևի հարմար չի, հոկտեմբերի 25-ին էի շատ սպասում որ կզանգի, էդ օրը իր ծննդյան օրն էր, էդ օրը Սերյանս կդառնար քսան տարեկան, բայց չզանգեց, հաջորդ օրը իմացա, որ տղաս զոհվել է»,- պատմում է մայրը:

Սեյրան Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով և Թումանյանի անվան մեդալով, հուղարկավորվել է Թումանյան համայնքում՝ ընտանեկան գերեզմանոցում:

Գլխավոր լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի, արված 2020թ. հոկտեմբերի 10-ին Մեծ Շենում. դեսանտագրոհային վաշտը մեկնում էր Լյուլասազ՝ մարտական գործողության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter