HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Երկինքը երկրում է

Հենրիկ Էդոյանը գրել է. «Իրականությունը պոետոգեն չէ»: Բանաստեղծներից ոմանք այն, ինչ չեն կարողանում գտնել Երկրի վրա, փորձում են գտնել երկնքում: Թադևոս Խաչատրյանը, վերլուծելով Հակոբ Մովսեսի պոեզիան, առանձնացնում է տեսական որոշ սկզբունքներ, որոնք ըստ իր մտաընկալման ընկած են նրա բանարվեստի հիմքում: («Ի վերջո ու՞մ համար է գրվում բանաստեղծությունը:- Բանաստեղծության աստծո համար» ),- գրաքննադատը, որպես շարունակություն, բանաստեղծից նաև այս միտքն է մատնանշում, որը թեև ներառված է փակագծերի մեջ, որպես բացատրություն, բայց և կարևորվում է փակագծերից անդին, այլ դեպքում հոդվածը չէր վերնագրվի «Գաղտնիքները երկնքում են...»: Այսինքն՝ պոեզիա, որ սովորական մահկանացուին հասու չէ: Ինչից ինչ է ստեղծվում: Մեր պապերը կասեին. «Զուխտս կլանեն և զմժղուկս քամեն»: Ի՞նչ է, պարտադի՞ր է սավառնել երկնքում՝ Աստծո պոետիկ գթությունը ստանալու համար: Ինձ համար, օրինակ, նույնքան հոգեզմայլ է անճանաչ բանաստեղծ, Արցախի գոյամարտի մասնակից՝ Գուսան Տոտիկի (Աշոտ Բեգոյանի) նահատակ զինվորին նվիրված երկրաձիգ տողերն ու երգը, որքան ճանաչված բանաստեղծի Հակոբ Մովսեսի «Հո՛յ, հո՛յ մայրիկ...» վերերկրյա թառանչները: Ինչ սիրտ պիտի լինի, որ անհաղորդ մնա այս պարզ ու անհավակնոտ տողերին.

Ամեն մեկդ մի բլուր՝

Տեղս պահեք բլուրում...

Դանիել Մարգարեն էստեղ է ասել. «Երանի գլուխս ջուր լիներ, իսկ աչքերս արտասուքի աղբյուր և գիշեր ու զօր ես լաց կլինեի ազգիս մեղքերի համար»: Ավաղ, այսպիսիններին մեր Պառնասում ռաբիս են ասում: Ամեն մարդ իր բանաստեղծն ունենալու իրավունքն ունի: Ամենևին էլ Հակոբ Մովսեսը թող չդժգոհի, որ իրեն չեն կարդում: Աստծո համա՞ր է գրում, թող աստված էլ կարդա... Իսկ մենք կկարդանք Գուսան Տոտիկ, դեռ մի բան էլ ավելի... Կես դար առաջ ո՞վ էր ասում, թե Վիսոցկին բանաստեղծ է, նաև Ռուբեն Հախվերդյանը, Ջիվանին, իսկ Նիկո Փիրոսմանի՞ն...  Արվեստագետ լինելու համար ամենևին էլ պարտադիր չէ Աստծո քննությունը երկնքում բռնած լինել: Բավական է ընդամենը ճիշտ բառը, ճիշտ գույնը, մեղեդին, կերպարը, ձեռքը կամ թեկուզ և ոտքը ճիշտ տեղում դնել, երբ զգում ես, որ այլևս հոգին է խոսում, երգում, պարում, խաղում, նվագում, քանդակում՝.... տխու՞ր, թե՞ զվարթ... Մինչև ե՞րբ պիտի երկինք թռնենք... Չէ՞ որ, այս ամենը երկրի վրա է...

Երբ գրում էի այս տողերը, խոր գիշեր էր: Պառկեցի, աչքերս փակեցի... Գլխիս մեջ ոնց որ ճրագ լիներ վառած: Վեր կացա: Էդ ճրագի լույսով էլ շարունակեցի... Աստծուն մերձենալու համար որոշ արտիստներ սովոր են մեծ մարդկանց դերեր կերտել: Մեծի հետ մեծանում են, բարձրանում...Վաղարշ Վաղարշյանը Լենինի անփոխարինելի դերակատարն էր: Դա շատ-շատերի դուրը շատ էր գալիս, բայց Վահրամ Փափազյանի դուրը բոլորովին չէր գալիս: Դժվար է ասել՝ Փափազյանը Լենինի՞ն չէր սիրում, թե՞ Վաղարշյանին... Վաղարշ Վաղարշյանը Սունդուկյանի անվան թատրոնի պարտկոմն էր, միգուցե դա՞ էր պատճառը...  Համենայնդեպս, երբ  նա մահացել էր, Արվեստի տանը, հոգեհանգստին, Փափազյանը գնացել էր արտիստի դագաղի շուրջը պտտվել, մոտեցել մի կողմ քաշված Խորեն Աբրահամյանին և  Ֆրունզիկ Մկրտչյանին ու ականջներին շշնջացել.

-Օղռաշը դագաղի մեջ էլ է լյուբիտել ...

Էդպես է կյանքը. մեծ լինես, թե փոքր՝ վերջնական վայրէջքը նույն վայրում է:

Շատ չի՞ վերևից եկանք...

Կոմունիստական շրջանի միլիցիա է ինձ պատմել: Ասում էր՝ մի գնդապետ ունեինք, բոլորովին ռուսերեն չգիտեր: Միայն երկու բառ գիտեր. «Բուդտե դոբրի...»: Գրագետ էդ էրկու բառն էր ասում՝ առույգ, բարեկիրթ, ռուսի պես՝ վարժ առոգանությամբ, ասում էր, կարկամում, ռուսերենը պրծնում էր ու լալկվում էր, լեզուն կապ ընկնում, մնում էր ինքն իր իմացած ռուսերենի հետ: Մոսկվայից գալիս էինք,- պատմում էր ծանոթ միլիցես,- ինքնաթիռը ստարտի էր կանգնել, թռիչքն ուշանում էր: Անհանգստանում էինք: Մեկ էլ էս գնդապետը ուցեկցորդուհուն. «Բուդտե դոբրի,- ասաց,- սամալյոտ կագդա՞ պռիգայետ...»:

Էսպես էլ թռչում ենք, երկրից երկինք, երկնքից՝ Աստված... Փչում է, մոլեգնում է քամին ունայնության: Ոչ, ես հողմաղացներին երբեք դեմ չեմ գնացել: Մարդիկ կան, որ խոսել սովորել են միայն խաբելու համար: Աստծուն բանաստեղծություն հրամցնելն ամենևին դոնկիխոտություն չէ: Ամեն մարդ չէ, որ արդարության ասպետ է: Անհաղթելին հաղթելու պատրաստն է իսկական ասպետը: Խնդրում եմ վրաս չծիծաղեք. Դոն Կիխոտը մի օր կհաղթի: Սիրո և հարգանքի արժան է այն մարդն, որն իր կյանքում գոնե մեկ անգամ Դոն Կիխոտ է եղել: Իսկ ի՞նչ ասեն նրանք, ովքեր հայրենիքի զինվոր են եղել, եղել են, կա՛ն ու չկա՛ն: Պատերազմն ամեն ինչ իրար խառնեց՝ հողը, մարմինը, հոգին, ոգին... Հինգ հազար թաղված ու անթաղ զինվորներ... Նրանք երկինք չգնացին, ձուլվեցին հայրենիքին, յուրաքանչյուրը մի բլուր, իրենցից ծնված  պտղունց-պտղունց հողով անգամ շատացնելով հայրենիքը: Հայրենաց հողը յուր զավակների արյամբ է ոռոգվում: Նրանց կռիվը մահ չունի: Նրանց շնորհիվ մենք մեր ոտքը ամուր ենք դնում գետնին: Նրանց երկնքում մի փնտրեք: Նրանց հոգին թափառական չէ, բոլոր-բոլորը, անխտիր, տեղ ունեն մեր սրտերում: Մեր երկիրը մի բաբախուն սիրտ է, որտեղ կյանքն է ապրում: Շատերը կռիվ գնացին՝ երգը շուրթերին: Ինչքա՜ն պոետներ չվերադարձան, որ պիտի վերադառնային... Նրանց երկինքը երկրում էր և երկնքի համար չէ, որ զոհվում էին: Մի պոետ էլ ես եմ: Պարզապես բախտ չվիճակվեց հողով օծելու արյունս: Ես էդպես էլ արձակագիր չդարձա: Արձակի լեզուն չոր է ու ջղուտ: Ես պիտի կամ լամ, կամ խնդամ, կամ էլ նվնվամ: Սակայն իմ բառն ու բանը բանադրված չէ հանգով, վանկով, ոչ էլ կաշկանդված բանաստեղծական որևէ չափով: Ես թոկից փախած բանաստեղծ եմ: Այս երկիրն ինձ բոլ-բոլ բավարարում է հոգևոր տվայտանքներս թղթին հանձնելու համար: Դեռ ավելին, երկրի մեջ տեսնում եմ նաև երկինքը:  ՉԷ՞ որ, երկիրը հենց երկինքն է, չե՞ք հավատում... Գնացեք Լուսին և այնտեղից տեսեք, թե որտեղ է գտնվում Երկիրը... Հիսուսը մեր նմանին է նկատի ունեցել, ասելով. «Հայր մեր, որ երկնքում ես...»: Մենք ենք Աստվածը մեր երկրի, հողը հայրենի, սոսափը տերևների և բույրը ծաղկանց... Այստեղ է երազի երկիրը, այստեղ են նաև մեր երազների մեկնիչները՝ մեր ընթերցողները... Գաղտնիքը Երկրում է, քանզի երազները Երկրի վրա են կատարվում:

... Ձյուն է գալիս: Լուսինը 7 օրական է, երազը բարի: Սպիտակ, խոշոր փաթիլները թեթև, սահուն, քնքուշ, ճերմակ երազի պես զգուշորեն իջնում են ցած: «Երանի գրել կարողանայի այնպես, ինչպես ձյունն է գալիս»...

Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ...

  1. 01. 22թ.

Մեկնաբանություններ (1)

Սահսկ
Հրաշալի է։ Շնորհակալություն, վարպետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter