HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգայնագետ․ «Չի կարելի բացառել, որ Թուրքիան կարող է փորձել ջլատել Ռուսաստանի ուժերը»

Երկու հարց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանին

-Ուկրաինայի շուրջ իրավիճակը գնալով սրվում է։ ԱՄՆ-ն, ըստ էության, չի ընդունել Ռուսաստանի պայմանները եւ շարունակում է խոսել ՆԱՏՕ-ի ծավալման, նոր անդամներ ընդունելու հնարավորության մասին։ Կարո՞ղ ենք իրավիճակը պայթյունավտանգ գնահատել, եւ արդյոք կողմերը մոտ են ռազմական էսկալացիայի։ Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստան-Արեւմուտք սրացման ընդհանուր իրավիճակը։

-Իրավիճակը լարված է, եւ շաբաթների ընթացքում սա շատ լուրջ բախման հնարավորություն ունեցող գործընթաց է։ Միացյալ Նահանգներում տարբեր գիտական կենտրոններ, ակադեմիական եւ քաղաքական շրջանակներ վստահ են, որ բախում, այդուհանդերձ, լինելու է, ժամկետներ եւ ծավալներ, իհարկե, չեն կարող նշել, բայց վստահություն կա, որ այդ բախումը լինելու է։

Երկու կողմերն էլ ունեն «կարմիր գծեր», եւ, ըստ էության, դրանք հատվում են։ Կողմերից որեւէ մեկը չի կարող հետ կանգնել իր «կարմիր գծերից», իսկ հետ կանգնելն էլ լուրջ խնդիրներ է բերելու մյուս կողմի համար։ Գիտեք, որ ուկրաինական բանակը լուրջ տեխնիկական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից, Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամ տարբեր պետություններից, այնպես որ, այո, իրավիճակը պայթյունավտանգ է, եւ չի բացառվում նաեւ ռազմական էսկալացիան։

Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ են ուզում կողմերը միմյանցից։ Ռուսաստանն ուզում է երաշխիքներ, որ ՆԱՏՕ-ն չի մեծանալու եւ չի ընդլայնվելու դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք․ Ուկրաինան Ռուսաստանի հետ շատ մեծ ընդհանուր սահման ունի։ Սա Ռուսաստանի ազգային անվտանգությանն սպառնալիք է դիտարկվում Մոսկվայում։ Իսկ Արեւմուտքը Վաշինգտոնի գլխավորությամբ պնդում է, որ որեւէ մեկը չի կարող երրորդ երկրին արգելել իր արտաքին քաղաքականությունը կամ անվտանգային ճարտարապետությունը պայմանավորել այս կամ այն գործընթացով, այս կամ այն երկրի շահերով։ Այսինքն՝ այստեղ երկուսի ազգային անվտանգության խնդիրներն են հատվում, եւ այստեղ է ամենամեծ խնդիրը, որ երկուսի համար էլ սկզբունքային դիրքորոշումներ են։

-Հնարավոր ռազմական էսկալացիան ինչպիսի՞ անդրադարձ կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա՝ հաշվի առնելով, որ Ռուսաստան-Արեւմուտք կոնֆլիկտի մեջ ներքաշված կողմերից երկու երկիր՝ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այս պահին գլխավոր խաղացողներն են Հարավային Կովկասում։ Չմոռանանք նաեւ Ադրբեջան-Ուկրաինա հարաբերությունների մասին, որոնք դրսեւորում ստացան նաեւ վերջին պատերազմի ժամանակ։

-Ձեր հարցը, ըստ էության, պատասխանն էլ պարունակում է իր մեջ, որովհետեւ չի կարելի բացառել, որ ուկրաինական ճգնաժամի շուրջ Ռուսաստանի կենտրոնացած լինելու ու նաեւ ռազմական գործողութունների մասնակցելու ժամանակ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ եւ Ռուսաստանին հիմնական մարտահրավեր նետող պետություններից մեկը, կարող է փորձել ջլատել Ռուսաստանի ուժերը, ռեսուրսներն ու ուշադրությունը։ Չի բացառվում, որ այստեղ էլ կարող են ֆրոնտ բացել, ըստ էության, Ռուսաստանի դեմ՝ փորձ կատարելով միջանցքի հարց լուծել իրենց համար։ Սա չեմ բացառում, եւ սա հնարավոր սցենար է՝ ոչ շատ մեծ հավանականություն ունեցող, բայց մենք նույնպես պետք է պատրաստ լինենք դրան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter