Առաջարկվում է հաշմանդամության գնահատման նոր համակարգ ներդնել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է ներդնել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, ինչն, ըստ նախարարության, հնարավորություն կտա իրականացնել մարդկանց խնդիրների և կարիքների բազմակողմանի գնահատում։ Կառավարության այս որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հաշմանդամության գնահատման գործող կարգը չի համապատասխանում ժամանակակից զարգացումներին, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Նախարարությունն առանձնացրել է հաշմանդամության սահմանման կարգի հետ կապված առկա խնդիրները, մասնավորապես՝
- հաշմանդամությունը սահմանվում է Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության բաժինների (ԲՍՓ) կողմից։ Վերջիններիս կազմերը և նրանց կողմից սպասարկվող տարածքները նախապես սահմանված են, ինչը կոռուպցիոն ռիսկ է պարունակում՝ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից,
- բոլոր դեպքերի և բոլոր տարիքային խմբերի համար միևնույն բժշկական կազմով հանձնաժողովը չի կարող բազմակողմանի գնահատել անձի ֆունկցիոնալությունը և սահմանել այն ծառայությունների կարիքը, որոնք կապահովեն նրա հիմնական իրավունքների իրացումը և սոցիալական ներառումը,
- հաշմանդամության սահմանման չափորոշիչները պարունակում են դրույթներ, որոնք հիմք են հանդիսանում սուբյեկտիվ մոտեցումների և կոռուպցիոն ռիսկերի շարժառիթների համար,
- հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների ծանրությունը չի տարբերակվում և հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների համար սահմանվում են նույն ծառայությունները,
- հաշմանդամության սահմանման գործընթացն ավտոմատացված չէ, որի պարագայում մեծ է ոչ իրավաչափ և սուբյեկտիվ որոշումների կայացման ռիսկը։
Այս ամենը հաշվի առնելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է՝
- ԲՍՓ բաժինների փոխարեն անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության գնահատումը վերապահել գնահատող հանձնաժողովներին, որոնք կգործեն միասնական սոցիալական ծառայության և նրա տարածքային կենտրոնների համակարգում: Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով նշված հանձնաժողովները ոչ թե մշտապես միևնույն կազմով կգործեն, այլ յուրաքանչյուր գործով կկազմավորվի նոր կազմով գնահատող հանձնաժողով՝ պատահականության սկզբունքով,
- ներդնել e-disability էլեկտրոնային համակարգը, որը թույլ կտա գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնել, ինչն իր հերթին կնպաստի անձի համար տարբեր փաստաթղթեր ձեռք բերելու հետ կապված քաշքշուկի նվազեցմանը, կոռուպցիոն ռիսկերի գրեթե բացառմանը, պատշաճ վիճակագրական տվյալների հավաքագրմանը, ֆունկցիոնալության և հաշմանդամության գնահատման բանաձևի հիման վրա առավել ճշգրիտ որոշման ձևավորմանը և այլն։
Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ նոր համակարգը թույլ կտա գնահատվող յուրաքանչյուր անձի նկատմամբ դրսևորել առանձնահատուկ վերաբերմունք և գնահատականը հիմնել նրա անձնական հատկանիշների և միջավայրի վրա: Մասնավորապես, երեխաների դեպքում նույնպես մատուցվող ծառայությունները տարբերակվելու և անհատականացվելու են:
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության գործունեության 2021-2026թթ․ ծրագրից։ Այն օրինական ուժ կստանա միայն գործադիրի հավանությանն արժանանալուց հետո։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել