HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կայացել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վիճել են

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները երկուշաբթի երեկոյան քննարկել են Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման խնդիրը։ BBC-ի փոխանցմամբ, սակայն, հանդիպման գրեթե ողջ ընթացքում վիճել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք միասնական կարծիքի այդպես էլ չեն եկել։

Քվեարկության մեկնարկից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան ԱԽ անդամներին կոչ է արել «սկզբունքայնություն ցուցաբերել և թույլ չտալ ԱԽ հարթակն օգտագործել մեր արևմտյան գործընկերների քարոզչական գործիքներն իրականացնելու համար»։ 

Ռուսական տարածքում զորքերի տեղաշարժի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը Նեբեզնյան անվանել է իր երկրի ներքին գործերին անթույլատրելի միջամտություն։ Այդուհանդերձ, ընթացակարգային քվեարկության ժամանակ Անվտանգության խորհուրդը կողմ է արտահայտվել ամերիկյան կողմի նախաձեռնած նիստի անցկացմանը։

Ինչպես նշել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, եթե Ռուսաստանը «շարունակի հարձակումն Ուկրաինայի վրա, ապա մեզնից ոչ ոք չի կարող ասել, որ մենք դա չէինք կանխատեսել, և հետևանքները սարսափելի կլինեն»։ 

«Մեր առաջարկները միշտ հստակ են եղել և հետևողական։ Մենք տեսնում ենք խաղաղության ճանապարհը, մենք տեսնում ենք երկխոսության ճանապարհը, մենք չենք ցանկանում առճակատում, սակայն մենք հաստատակամ կգործենք, արագ և միահամուռ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա»,- հայտարարել է նա։

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալը պաշտպանել է ԱՄՆ դիրքորոշումը և ընդգծել, որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ցանկացած ներխուժում կամ ագրեսիայի գործողություն կդառնա միջազգային իրավունքի և ռուսական պարտավորությունների կոպիտ խախտում։

Չինաստանի ներկայացուցիչն էլ ԱԽ անդամներին կոչ է արել լսել «անվտանգության ոլորտում Ռուսաստանի հիմնավոր մտահոգությունները», ինչպես նաև խոստովանել, որ չի հասկանում, «թե ինչ հիմքերի վրա են առաջացել հնարավոր պատերազմի վտանգները»։

Լսելով ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթները՝ Վասիլի Նեբեզնյան ամերիկյան կողմին խնդրել է ներկայացնել «որևէ ապացույց, բացի հերյուրանքներից, այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա»։ «Որտեղի՞ց է վերցվել 100 000 զինծառայողների թիվը, որոնք, ինչպես դուք պնդում եք, տեղակայված են ռուս-ուկրաինական սահմանին, չնայած դա այդպես չէ։ Մենք որևէ տեղ այդ թիվը չենք նշել»,- հարցրել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։ 

Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ հիասթափված է Նեբեզնյայի ելույթից։ «Մենք ծրագրեր չունենք թուլացնելու Ռուսաստանին, ինչպես պնդում է ռուս գործընկերը։ Հակառակը, մենք ողջունում ենք Ռուսաստանին որպես միջազգային հանրության պատասխանատու անդամի, սակայն նրա գործողություններն Ուկրաինայի հետ սահմանին անպատասխանատու են»,- եզրակացրել է նա։ 

Ի պատասխան Նեբեզնյան հայտարարել է. «Մենք նախկինի պես չենք հասկանում, թե ինչ սպառնալիքների ու սրման մասին է խոսքը և ինչում են մեզ մեղադրում»։ 

Արևմտյան երկրները մտահոգություն ունեն, որ Ռուսաստանը մտադիր է ներխուժել Ուկրաինայի տարածք։ Ռուսական իշխանություններն այդ մեղադրանքները հերքում են, սակայն զուգահեռաբար պահանջներ ներկայացնում, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի դեպի արևելք հետագա ընդլայնումից և իր կազմ Ուկրաինային ընդունելուց։ 

Նախորդ ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունը հայտարարել էր այն մասին, որ Անվտանգության խորհուրդը, Վաշինգտոնի նախաձեռնությամբ, կհավաքվի հունվարի 31-ին՝ քննարկելու «Ռուսաստանի սպառնալից վարքագիծը»։

«Ավելի քան 100 000 ռուսական զինծառայողներ տեղակայված են Ուկրաինայի հետ սահմանին, Ռուսաստանը մասնակցում է նաև ապակայունացնող մյուս գործողություններին, որոնք ուղղված են Ուկրաինայի դեմ, ինչն ստեղծում է էական սպառնալիք միջազգային խաղաղության, անվտանգության և ՄԱԿ-ի Կանոնադրության համար»,- իր հայտարարության մեջ նշել էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կանոնակարգի համաձայն՝ ցանկացած հարցի քննարկման վերաբերյալ ընթացակարգային քվեարկություն կարող է նախաձեռնել ՄԱԿ-ի ԱԽ ցանկացած անդամ։ Քննարկման մեկնարկի համար անհրաժեշտ է, որ նախաձեռնությանն աջակցի 15 անդամներից առնվազն 9-ը։ 

Նիստի նախօրեին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հույս էր հայտնել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը չի քննարկվի և «ՄԱԿ-ի ԱԽ գործընկերները չեն աջակցի PR հնարքին, որը վարկաբեկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությանը»։

«Ես չեմ կարողանում մեկ այլ դեպք հիշել, երբ ՄԱԿ-ի ԱԽ անդամն առաջարկի քննարկել իր անձնական անհիմն մեղադրանքները և ենթադրությունները որպես ինչ-որ մեկի կողմից միջազգային խաղաղությանն ու անվտագությանն սպառնալիք»,- նշել էր Պոլյանսկին։

Լուսանկարը՝ Richard Drew/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter