HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանի խոսքով՝ Դատախազությունը չի բողոքարկել այն դատական ակտը, որի համար դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին այս պահին մեղադրանք առաջադրված չէ, սակայն պարզ է, որ նրան վերագրվող ենթադրյալ արարքը վերաբերում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելուն:

Դատավոր Բախշիյանն, ըստ Դատախազության մեկնաբանության, ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին: Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Գործը, հիշեցնենք, վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելուն և Մանվել Փարամազյանի կողմից  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու ենթադրյալ դեպքին և այլ արարքների:

Այս գործով յոթ անձ է անցնում, նրանցից միայն մեկի՝ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ մյուս ամբաստանյալների նկատմամբ  առավել խիստ խափանման միջոցներ են ընտրված եղել՝ կալանավորում կամ գրավ:

2021 թվականի դեկտեմբերի 3-ին կայացած դատական նիստի ժամանակ բոլոր ամբաստանյալները, պաշտպաններն, այդ թվում՝ Երևանից, ներկայացել կամ ներկայացվել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայր՝ նիստին, սակայն Նվեր Մկրտչյանի պաշտպան Յուրա Ավայանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ Երևանում մեկ այլ գործով անհետաձգելի քննչական գործողության է մասնակցելու և ներկայանալ չի կարող: Միաժամանակ պաշտպանը գրությամբ հայտնել է, որ  իր պաշտպանյալ Նվեր Մկրտչյանին տեղյակ է պահել նիստին չներկայանալու մասին, վերջինս ցանկություն չի հայտնել առանց իրեն ներկայանալ:

Դատարանը անհարգելի է գնահատել Նվեր Մկրտչյանի չներկայանալն ու որոշել նրա նկատմամբ առավել խիստ խափանման միջոց՝ կալանավորում կիրառել՝ հաշվի առնելով, որ նա, ըստ դատարանի, խախտել է խափանման միջոցի պայմանը: Երբ Նվեր Մկրտչյանն արդեն կալանավայրում է եղել, գրություն է ուղարկել Դատախազություն՝ խնդրելով իր պաշտպանին պատասխանատվության ենթարկել՝ հաշվի առնելով, որ վերջինիս հորդորին հետևելով՝ ինքը չի ներկայացրել նիստին: Երկու շաբաթ անց Նվեր Մկրտչյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը դատարանը վերացրել ու գրավ է կիրառել: 

Նշենք, որ ամենայն հավանականությամբ այսօր արդեն դատավոր Բախշիյանին մեղադրանք կառաջադրվի ու նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան:  Փաստաբաններն ու դատավորները երեկվանից մտահոգություն են հայտնել Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ: Դատավորները պատրաստվում են լինել դատարանի դիմաց, որտեղ կքննվի դատավորի խափանման միջոցի հարցը, իսկ փաստաբանները համոզմունք են հայտնել, որ դատավորի նկատմամբ հետապնդումն  իրականում կապված է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու որոշման հետ:

Մեզ հետ զրույցում Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նույնպես նման համոզմունք հայտնեց:

«Բնականաբար ակնհայտորեն անօրինական գործընթացներ են տեղի ունենում դատավորի հետ կապված, և ամեն ինչ բացահայտ կերպով վկայում է այն մասին, որ խնդիրը հենց Աշոտ Մինասյանին կալանքից ազատելու հետ է կապված»,- ասաց Երեմ Սարգսյանը և նշեց, որ այս  ամենում համոզվելու համար ընդամենը բավարարել է գործի նյութերի ժամանակագրությանը ծանոթանալը, տեսնելը,  թե երբ է սկսվել այս պրոցեսը՝ որպես քրեական վարույթ, թե որքան ժամանակ են վարույթն իրականացնող մարմինները համարել, որ դատավորի արարքում  հանցագործություն չկա, բայց Աշոտ Մինասյանի որոշումից հետո համարել են, որ նրա արարքը հանցագործություն է: Հիշեցնենք, որ դատավորը Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կայացրել է դեկտեմբերի 3-ին, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելունը՝ հունվարի 26-ին, դատավորին անձեռնմխելիությունից զրելու գործընթացը դատախազը սկսել է երեկ՝ հունվարի 31-ին, այսինքն՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելուց շուրջ երկու, իսկ Աշոտ  Մինասյանին ազատ արձակելուց՝ 5 օր անց:

Երեմ Սարգսյանն ընդգծեց, որ Բորիս Բախշիյանի կայացրած որոշումը, որը դիտարկվում է ակնհայտ ապօրինի և որով Նվեր Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, վերադաս ատյանների կողմից չի վերացվել, այսինքն՝ այս պահին համարվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Դատախազությունն այդ որոշումը չի բողոքարկել, այն բողոքարկել է միայն ամբաստանյալի պաշտպանը, սակայն հետագայում բողոքը հետ է վերցվել:

«Այսինքն՝ պետք է արձանագրել, որ դատախազի կողմից այս որոշման դեմ բողոք չի ներկայացվել, սակայն այժմ այս որոշումը դիտարկվում է ակնհայտ ապօրինի կալանավորում»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ փաստելով, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը շարունակում է առկա լինել, և այս պահին քրեական հետապնդման մարմինները՝ քննիչը, դատախազը, որոշել են, որ իրենք կարող են վերադաս դատական ատյանների դեր ստանձնել և այդ դատական ակտը գնահատել ոչ միայն որպես խախտումներով, այլ նաև ակնհայտ անօրինական, որովհետև եթե կալանավորումը դիտարկում են որպես ակնհայտ անօրինական, ուրեմն դատական ակտն էլ են նման կերպ գնահատում: Պաշտպանն այս հանգամանքն աբսուրդ է որակում:

«Սա, կարծում եմ, աբսուրդ է, որևէ մեկը նման բան անելու իրավունք չունի: Ամբողջ իրավական համակարգը գլխիվայր շրջում և նոր պրակտիկա են ձևավորում: Ակնհայտ է, որ սա անում են հենց նման գործով, որի նպատակը ոչ միայն դատավորին պատժելն է, այլ մյուս անկախ դատավորներին բացատրելը, որ եթե որևէ մեկն իշխանություններին ոչ հաճո որոշում է կայացնում, նույնիսկ նման ապօրինի մեթոդներով նրան կդատապարտեն, կալանքի կվերցնեն և այլն»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը հետաքրքրական է  համարում նաև այն հանգամանքը, որ  գրեթե անխտիր կալանքների համար պայքարող դատախազությունն այսօր  հանկարծ ապօրինի կալանքի հարցով նման անհանգստություն ունի: Պաշտպանի համոզմունքը, որ դատախազությունը կալանքների և ձերբակալությունների մասով ակնհայտ անօրինականությունների կողմնակիցն է, ձևավորվել է պրակտիկայից:

Պաշտպանը հիշեց վերջին շրջանում ընդդիմադիր պատգամավորների կալանավորման հանգամանքները:

«Երբ մենք բարձրաձայնում  էինք այն մասին, որ նրանք պատգամավոր դառնալու հիմքով անձեռնմխելի են և պետք է ազատ արձակվեն, որ նրանց հետագա կալանքի տակ պահելն ապօրինի է, նրանց ազատ արձակելու վերաբերյալ մեր միջնորդությունները չէին բավարարվում, մինչև Սահմանադրական դատարանն արձանագրեց այդ հանգամանքը»,- ասաց Երեմ Սարգսյանը և նշեց, որ այդ ժամանակ իրենց բարձրացրած հարցը որևէ մեկին չէր հետաքրքրում, քանի որ հարցը վերաբերում էր ընդդիմադիր պատգամավորներին, որոնց իշխանությունը ցանկանում էր երկարարտև կալանքի տակ պահել:

Երեմ Սարգսյանը նաև նշեց, որ օրենքով՝ ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցը կարող է փոխվել, եթե նա խախտել է խափանման միջոցի պայմանը, և այս պահին այդ փաստն առկա է: Տվյալ պահին դատարանն, իր ներքին համոզմամբ և գործի հանգամանքները հաշվի առնելով, կայացրել է ամբաստանյալի նկատմամբ առավել խիստ խափանման միջոց կիրառելու  որոշումը:

«Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում ակնհայտ ապօրինի կալանավորման համար: Մենք այս դեպքում ունենք կալանավորման  բոլոր հատկանիշները, և եթե անգամ վերադաս ատյանը գտներ, որ առկա է դատական սխալ, որ անձը չպետք է կալանավորվեր, ակնհայտ ապօրինի կալանավորելու մասին խոսելը բացարձակ աբսուրդ է»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Վերջինս փաստում է, որ Դատախազությունը Նվեր Մկրտչյանին վերագրվող արարքում հիմնավոր կասկածի առկայության հանգամանքը չի վիճարկում, հակառակ դեպքում նրա վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ դատաան չէր ուղարկի: Այսինքն՝ խափանման  միջոցի պայմանն առկա է, մնում է հասկանալ՝ արդյոք առկա է խափանման միջոցի հիմք: Վարույթն իրականացնողը գտել է, որ հիմք նույնպես առկա է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, որի պայմանը ամբաստանյալը խախտել և չի ներկայացել դատական նիստին, հետևաբար դատարանը նրա նկատմամբ առավել խիստ խափանման միջոց կարող է կիրատել, ինչն արել է։

«Այս պահին իրենք են ակնհայտ ապօրինություն անում, երբ դատավորի գործունեությանը միջամտռում են, այսինքն՝ դատավորներն այևս չպետք է ազատ լինեն որոշում կայացնելիս, պետք է մտածեն՝ ինչ է ուզում մեղադրանքի կողմն, ու ինչ կուզի քաղաքական  իշխանությունը»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ պաշտպան Յուրա Ավայանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter