
Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Դավիթ Արղամանյանին
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան: Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնում է, որ գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Դավիթ Արղամանյանին: Կալանքի գործով նիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 2-ին, սակայն դեռևս ժամը հայտնի չէ․ այն պարզ կդառնա առավոտյան:
Նշենք, որ այս պահի դրությամբ՝ պաշտպանական կողմը հայտնել է, որ դատավորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ այսինքն՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Դատախազությունը դատավորի գործի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ հայտնել է, որ դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ կալանավորված ամբաստանյալին քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո Ն․Մ-ին կազմակերպված խմբի կողմից հարկադրվել է հրաժարվել ցուցմունք տալուց, որից հետո, Ն․Մ-ն հաջորդ դատական նիստին, առանց հանգամանքների որևէ փոփոխության, դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ազատ է արձակվել և նույն նիստում հրաժարվել ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց՝ բացառապես հայտարարելով, որ իր նկատմամբ անօրինական ազդեցություն չի գործադրվել: Թե այս հանգամանքը որքանով է դատավորի գործին վերաբերելի, մեզ այս պահին հստակ հայտնի չէ:
Նշենք, որ դատավորի պաշտպանները նրա նկատմամբ հետապնդման մեջ քաղաքական դրադապատճառներ են տեսնում:
Մեկնաբանել