HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունը նախատեսում է օրենքով ամրագրել «ակցիա» և «զեղչ» հասկացությունները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը առաջարկում է օրենքով ամրագրել «ակցիա» և «զեղչ» հասկացությունները։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը կլրացվի նոր՝ 4․3 գլխով, որը վերաբերում է ակցիաներին։ Առաջարկվող նախագծով սահմանվում է, որ ակցիան վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման ընթացքում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից իրականացվող միջոցառում է, որն ուղղված է սպառողների շրջանում ապրանքների կամ ծառայությունների առաջխաղացմանը և իրացման ծավալների մեծացմանը։

Ըստ առաջարկվող օրինագծի՝ ակցիան իրականացվում է երկու եղանակով՝ զեղչ և ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում։

Զեղչն ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գործող գնի կարճաժամկետ նվազեցումն է, որն իրականացվում է ապրանքի կամ ծառայության գնի նվազեցման տոկոսային արտահայտմա նկամ նվազեցված գնի նշման մասին հրապարակային տեղեկացմամբ և ենթադրում է զեղչի ավարտից հետո մինչև զեղչի իրականացումը սահմանված գնի վերականգնում, բացառությամբ եթե այլ գնի սահմանումը պայմանավորված է տնտեսական պայմաններով։

Գնի իջեցումը չի համարվում զեղչ, երբ վաճառողը կամ ծառայություն մատուցողը չի հայտարարում իր կողմից ակցիա իրականացնելու մասին և չի նշում գնի իջեցմանը նախորդող գինը։ Զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տևել ոչ ավել, քան մեկնարկի պահից հետո երեք ամիս անընդմեջ։

Իսկ ինչ վերաբերում է ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառմանը, ապա այն ակցիա իրականացողի կողմից կիրառվող կարճաժամկետ միջոցառում է,որի արդյունքում վաճառվող ապրանքի կամ ծառայության մատուցման իրացման գինը չի փոխվում, սակայն ակցիայի արդյունքում դրանց ձեռքբերումը դառնում է այլ կերպ շահավետ:

Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումները կարող են ներառել, օրինակ՝ ակցիայի գնի դիմաց լրացուցիչ ապրանքի կամ ծառայության կամ հատուկ գնով փաթեթի առաջարկ։ Ակցիայի այս տեսակը ևս կարող է տևել ոչ ավել, քան մեկնարկի պահից հետո երեք ամիս անընդմեջ։

Ակցիա իրականացնողը պարտավոր է ապահովել ակցիայի վերաբերյալ ընթեռնելի, ամբողջական և հավաստի տեղեկատվության հրապարակումը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ ներկայում ակցիա իրականացնողների գործողություններում նկատվում են խնդիրներ՝ պայմանավորված ակցիայի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացակայությամբ, և այդ պայմաններում վաճառողների և ծառայություններ մատուցողների կողմից իրականացվող մարկետինգային միջոցառումների ընթացքում հանդիպում են ենթադրյալ հասարակությանը մոլորեցման դրսևորումներ, օրինակ՝ ակցիայի իրականացմանը նախորդող ժամանակահատվածում ապրանքի իրացման գնի կտրուկ բարձրացումը, որին հաջորդում է ակցիայի կիրառումը արդեն իսկ բարձրացված գնից։

Նախագի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր ակցիայի կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, այդ թվում մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը։

Օրինակն ուժ ստանալու համար այս օրինագիծը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։ Օրենքի կարգավորումները տարածվելու են ուժի մեջ մտնելուց հետո հայտարարվող ակցիաների վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter