HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայկական կողմը դեռևս չի ծանուցվել հյուսիսմակեդոնացի դիվանագետի՝ Հայաստանին արտահանձման պահանջի մերժման մասին

ՀՀ դատախազությունը պաշտոնապես ծանուցված չէ Հայաստանում քննվող քրեական գործով Հայաստանի իրավասու մարմինների կողմից հետախուզվող Միլե Միլենկոսկուն արգելանքից ազատելու և հանձնումը մերժելու վերաբերյալ Սերբիայում կայացված որոշումների մասին։ Այդ մասին «Հետք»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Համենայնդեպս հանձնման նպատակով սերբական կողմին ներկայացվել են բոլոր անհրաժեշտ փասատթղթերը՝ ներառյալ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հիմնավորվածության վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը՝ հավելելով, որ ըստ պատշաճ ընթացակարգով ստացվելիք համապատասխան տեղեկատվության՝ կհստակեցվեն հետագա հնարավոր գործողությունները։ 

Փետրվարի 1-ին հյուսիսմակեդոնական Telma հեռուստաընկերությունը, հղում անելով նախկին դիվանագետի ընտանիքին, հայտնել էր, որ Միլե Միլենկոսկին 4 օր առաջ ազատ է արձակվել սերբական Վրանյեի բանտից և արդեն իսկ գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայում։ Ըստ լրատվամիջոցի՝ ներկայումս Միլենկոսկին գործի շրջանակներում իր հետագա քայլերի մասով խորհրդակցությունների մեջ է իր փաստաբանների հետ, իսկ վերջիններս պնդում են, որ նախկին դիվանագետի կալանավորումը մեծ վնաս է հասցրել նրա պատվին ու արժանապատվությանը։ Միլենկոսկու հարազատները այլ մանրամասներ չեն հայտնել։

Հիշեցնենք, որ Սերբիայի իրավապահ մարմինները Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնված միջազգային օրդերի հիման վրա նախորդ տարվա օգոստոսի վերջին ձերբակալել էին ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկոսկուն: Ձերբակալությունը տեղի էր ունեցել 2021թ․ օգոստոսի 27-ին, երբ Միլենկոսկին Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մտնելու համար փորձում էր հատել «Պրշևո» սահմանային անցակետը, սակայն միայն սեպտեմբերի 3-ին էր Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել այդ լուրը։ 

Այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ Սերբիան տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությանը Միլենկոսկու ձերբակալման վերաբերյալ։ «Ներկայումս նախապատրաստվում է նրան ՀՀ-ին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սերբիայի պատկան մարմիններին ներկայացնելու նպատակով»,- հավելել էր գլխավոր դատախազի խորհրդականը։

Մակեդոնական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալությունից անմիջապես հետո Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը չեղյալ էր հայտարարել Միլենկոսկու դիվանագիտական անձնագիրը, իսկ որպես Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի նա չէր ստացել որևէ տեսակի օգնություն, բացառությամբ Սերբիայում Հյուսիսային Մակեդոնիայի դեսպանության միջոցով դեպքի ու կալանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց։ 

Telma-ն գրում է, որ Միլենկոսկու փաստաբանները բողոքարկել էին կալանավորման որոշումը, ինչը Սերբիայի Նիշ քաղաքի վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունվարի 28-ին բավարարել է՝ զուգահեռաբար մերժելով ՀՀ գլխավոր դատախազության հայկական կողմին Միլենկոսկու արտահանձման պահանջը։ 

Հայկական կողմը պնդում է, որ 2018 թվականին հյուսիսմակեդոնացի բարձրաստիճան երեք դիվանագետներ՝ Միլենկոսկու գլխավորությամբ, Հայաստանից հեռացրել են ՀՀ կառավարության նախկին ներկայացուցչին, որը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության համար: Խոսքը «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործի մասին է։

Ընդհանուր առմամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է հայկական կողմին արտահանձնել Հյուսիսային Մակեդոնիայի երեք քաղաքացիների, որոնցից երկուսը գործող դիվանագետներ են, իսկ մեկը ԱԳՆ նախկին պաշտոնյա։

Հատկանշական է, որ Միլե Միլենկոսկին Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը ներկայում իր պատիժն է կրում՝ ծառայողական լիազորությունների չարաշահման համար։ 

Հյուսիսմակեդոնական մեկ այլ լրատվամիջոց էլ գրում է, որ մակեդոնացի դիվանագետների նման գործողության դրդապատճառները հայտնի չեն, սակայն կան կասկածներ, որ այդ գործողությունն իրականացվել է Մակեդոնիայի հատուկ ծառայությունների իմացությամբ։ Մասնավորապես, հայ նախկին պաշտոնյային Հայաստանից հանելու համար վարձվել է մասնավոր ինքնաթիռ, որով մակեդոնացի դիվանագետներն ու հայ նախկին պաշտոնյան հեռացել են Հայաստանից։

Լուսանկարը՝ Linkedin / Mile Milenkoski

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter