HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արջիձորի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելը համարվել է ոչ նպատակահարմար

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «ԱՎ մայնինգ» ՍՊԸ-ի` Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտում՝ Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու նախագծին։

Պատճառաբանական մասում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Ա. Վարդանյանն արձանագրել է, որ հայցվող տեղամասի տարածքը հարուստ է ջրային ռեսուրսներով, քաղցրահամ և հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներով, տարածքում է գտնվում նաև Լոռու սարավանդի ստորերկրյա ջրերի ավազանը, իսկ Արջիձորի ոսկու հանքերևակման աջափնյա մասը Ձորագետի երկու աջ վտակների` Արջիձորի և Սնկաձորի ակունքներում է և տարածվում է մինչև այդ վտակներկ ստորին հոսանքները` զբաղեցնելով նաև հարակից և շրջափակող ջրբաժանները, իսկ ձախափնյա մասը գտնվում է Ձորագետի ձախ ափին` Սնկաձոր գետակի դիմաց: Մասնագետն ընդգծել է, որ նախնական գնահատման հայտում շրջակա միջավայրի բաղադրիչների` մասնավորապես, ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցությունները` ստորերկրյա և մակերևութային, և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումները լիարժեք և հիմնավորված չեն ներկայացվել:

Փորձաքննական գործընթացին մասնակցել են ՇՄՆ ստորաբաժանումները, ԱԻՆ-ը, ԱՆ-ն, ԿԳՄՍՆ-ն, Կադաստրի կոմիտեն, Լոռու մարզպետարանը, Ստեփանավանի համայնքապետարանը: Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների` հայցվող տարածքի շրջադարձային կետերի կոորդինատներով պարփակված տարածքի մակերեսը կազմում է 407,5  հա, որտեղ ներառված են նաև անտառային նշանակության թփուտներ և ջրային նպատակային նշանակության հողեր:

Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում հունվարի 20-ին իրականացված հանրային քննարկումներին համայնքի բնակիչները տարակարծիք են եղել նախատեսվող գործունեության իրականացման հարցի շուրջ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և բնակիչների մի մասը դեմ են արտահայտնվել նախատեսվող գործունեության իրականացմանը` ելնելով հանքավայրի հետագա շահագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություններից:

Հանրային քննարկումներից հետո փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ին է ներկայացվել Ստեփանավան համայնքի ղեկավարի գրությունը, որում ներկայացվել է Կաթնաղբյուր բնակավայրի բնակիչների հետ իրականացված հարցումների վերաբերյալ Ստեփանավան համայնքի կարծիքը, համաձայն որի` Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրութան աշխատանքների վերաբերյալ համայնքը չի կարող տալ դրական կարծիք, քանի որ Կաթնաղբյուր բնակավայրն ունի առանձնահատուկ բնություն և աչքի է ընկնում բնական առողջարար ջրերով, և հեռանկարում նախատեսվում է զարգացնել էկոտուրիզմը:

Կաթնաղբյուր բնակավայրի բնակիչները և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն գրություն են ներկայացրել ՇՄՆ` նշելով, որ դեմ են բնակավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը, քանի որ ցանկանում են այն պահպանել որպես էկոլոգիական մաքուր, գյուղատնտեսական նշանակության բնակավայր` ապահովելով հեռանկարներ գյուղատնտեսության և զբոսաշրջության համար:

Ելնելով նշված հիմնավորումներից, Կաթնաբյուր համայնքում իրականացված հանրային քննարկումների արդյունքներից, շահագրգիռ հարության մտահոգություններից, երկրաբանական ուսումնասիրության ժամանակ տարածքի ջրային ռեսուրսների աղտոտման և հոսքային ռեժիմի խախտման հնարավոր ռիսկերից` նախատեսվող գործունեության իրականացումը համարվել է ոչ նպատակահարմար, քանի որ նախատեսվող երկրաբանական ուսումնասրրության, այնուհետև հնարավոր հանքավայրի շահագործումը խաթարելու են տարածքի էկոհամակարգը, ջրային գետային ցանցը, անտառային տարածքները, լանդշաֆտը և հարակից շրջակա միջավայրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter