HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը մասնակցել է հայ-ավստրիական գործարար համաժողովին

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը փետրվարի 3-ին մասնակցել են հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը: Այս համաժողովը իսկապես հրաշալի առիթ է` հայ-ավստրիական տնտեսական հարաբերություններում առկա մակարդակը ֆիքսելու, այն ավելի խորացնելու և փոխշահավետ նոր գործարար հարաբերություններ հաստատելու և, ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները նոր որակի բերելու համար: Մենք հնարավորություն ունենք ուղենշելու տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված մեր քայլերը, և այս տեսանկյունից մեծապես ողջունելի է տարբեր ոլորտներ ներկայացնող ավստրիական ընկերությունների մասնակցությունն այս համաժողովին:

Որպես ոչ տնտեսական, այլ քաղաքական ոլորտի մարդ` ուզում եմ ասել, որ մենք Հայաստանում ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ապահովենք այն անհրաժեշտ բարենպաստ միջավայրը, որտեղ տնտեսական հարաբերությունները և բիզնես կապերը և, ընդհանրապես, բիզնեսը կարող է իրեն հարմարավետ զգալ: Այս առումով ես ուզում եմ նշել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ազատ, իրապես մրցակցային շուկայական հարաբերություների հաստատումը, և համոզմունք ունեմ, որ ավստրիացի գործարարների և, ընդհանրապես, աշխարհի գործարարների համար այս բառերը պետք է որ հնչեն որպես մեղեդի, որովհետև կարծում եմ, որ սրանք այն նվազագույն անհրաժեշտ պայմաններն են, որտեղ բիզնեսը կարող է և պետք է իրեն հարմարավետ զգալ: 

Նաև ուզում եմ ասել, որ Հայաստանն ունի որոշակի տնտեսական առավելություններ և ձեռքբերումներ վերջին տարիներին և հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում. նշենք «Արմաթ» լաբորատորիաները, ԹՈւՄՈ ստեղծարար կենտրոնները: Ուզում եմ հիշատակել, որ ԹՈւՄՈ-ի հաջող փորձը այժմ կիրառվում է Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Բեյրութում, Կիևում, Տիրանայում: Կարծում եմ` կարելի է դիտարկել նաև Վիեննայում և այլուր ԹՈւՄՈ-ների բացման հնարավորությունը:

Գիտեք իհարկե, որ Հայաստանը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է՝ իր որոշակի առավելություններով, իր 180 միլիոնանոց շուկայով: Եվ կարծում եմ, որ գործարարներն այս հնարավորոթյունը ևս կարող են օգտագործել: Նաև ուզում եմ անպայման նշել, որ իմ լավ բարեկամի՝ սիրելի պարոն Շալենբերգի հետ երեկոյան քննարկում էինք այս համաժողովը և մտածում էինք, որ իսկապես մեր կողմից արել ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք այն միջավայրը, որի մասին քիչ առաջ ասեցի: Եվ կարծում եմ, որ այստեղ մենք պետք է արդեն մի կողմ քաշվենք և թողնենք, որ բիզնեսն իր գործն անի: Ես հաջող ընթացք եմ մաղթում համաժողովին:

Շնորհակալ եմ»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Գործարար համաժողովի ընթացքում նաև ստորագրվել են Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, ինչպես նաև համագործակցության հուշագրեր՝ հայկական ու ավստրիական ընկերությունների միջև:

Մեկնաբանություններ (1)

Sevag
Yes, I heard that BS before. Favorable climate to make it easy for you to rob Armenian people.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter