HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մեկնարկում են 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը․ Հայաստանը կներկայացնի 6 մարզիկ

Այսօր՝ փետրվարի 4-ին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկում են 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։ Բացի Պեկինից որոշ մարզաձևեր կունդունեն նաև Չժանցզյակոու և Յանցին քաղաքները։

Ձմեռային Օլիմպիական խաղերին ներկայացված են 91 երկրների ազգային օլիմպիական կոմիտեներ։ Մասնակից մարզիկների ընդհանուր թիվը գերազանցում է 4000-ը, որոնք պայքարելու են մեդալային 109 հավաքածուների համար 7 սպորտաձևի 15 մրցաձևերում։

Պեկինի ձմեռային Օլիմպիկան խաղերին մասնակցող թիմերից ամենամեծը ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականն է, որի կազմում ընդգրկված է 222 մարզիկ։ Երկրորդը Կանադան է՝ 215 ներկայացուցիչով, իսկ երրորդը՝ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը՝ 212 մարզիկով։

Ի դեպ, ռուս մարզիկները երկրորդ անգամ անընդմեջ հնարավորություն չունեն հանդես գալու Ռուսաստանի պետական դրոշի ներքո։ Պատճառը 2016-17 թվականների դոպինգ-սկանդալն է, երբ հայտնի դարձավ, որ 2014-ի Սոչիի Օլիմպիական խաղերում ռուս մի շարք մարզիկներ արգելված խթանիչներ են օգտագործել։ 2018-ին Փհենչhանում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերին ռուս մարզիկները հանդես եկան oլիմպիական դրոշի ներքո։

Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանի կունենա 6 ներկայացուցիչ։ Վաստակած վարկանիշային միավորների շնորհիվ Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: 

2021 թվականի սեպտեմբերին էլ Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Պեկինի ձմեռային խաղերի ուղեգիր էր նվաճել Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը:

Օլիմպիական խաղերի մասնակից 91 երկրներից երկուսը առաջին անգամ են մասնակցելու ձմեռային խաղերին։ Դրանք են Հայիթին և Սաուդյան Արաբիան, որոնք կունենան մեկական ներկայացուցիչ։

Ի տարբերություն նախորդ խաղերի, Պեկինի Օլիմպիական խաղերի ծրագրում ներառվել է 7 նոր մրցաձև։ Որոշումն ընդունվել է 2018 թվականի հուլիսին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից։ 7 նոր մրցաձևերն են՝ բոբսլեյի կանանց անհատական մրցույթը, բիգ-էյրի (big air) տղամարդկանց և կանանց մրցույթները «ֆրիսթայլ» ոճում, շորթ-տրեկի (չմշկավազք) խառը էստաֆետը, խառը թիմային մրցույթները ակրոբատիկայի «ֆրիսթայլ» ոճում, դահուկացատկում և սնոուբորդ-կրոսում։

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին։ Ի դեպ, Պեկինը առաջին քաղաքն է, որը հյուրընկալել է թե՛ ամառային (2008թ․), թե՛ ձմեռային Օլիմպիական խաղերը։

Նկարը՝ ՄՕԿ-ի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter