HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ն հայտարարել է Բելառուսում ռուսական 30 000 զինծառայողների գտնվելու մասին

Վերջին օրերի ընթացքում Ռուսաստանը Բելառուս է տեղափոխել մոտ 30 000 զինծառայողների և ժամանակակից սպառազինություն։ Այդ մասին փետրվարի 3-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ Նրա խոսքով՝ դա դարձել է սառը պատերազմից հետո Բելառուսում ռուսական զորքերի տեղակայման ամենամեծ գործողությունը։

Բրյուսելում հանդես գալով լրագրողների առաջ՝ Սթոլթենբերգը նշել է, որ Մոսկվան հարևան երկիր է տեղափոխել, մասնավորապես, հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ, իսկ տեխնիկայից՝ Су-35 կործանիչներ, կարճ հեռահարության գերճշգրիտ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր և С-400 ՀՕՊ համալիրներ։ «Այս ամենը տեղի է ունենում ՌԴ-ում միջուկային ուժերի ամենամյա զորավարժություններին զուգընթաց»,- հավելել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

Միևնույն ժամանակ Կիևում Ուկրաինայի համար վտանգ չեն տեսնում ռուս-բելառուսական զորավարժությունների անցկացման մեջ։ «Մենք հույս ունենք, որ ռուսական զորքերի տեղակայումը ժամանակավոր կլինի, իսկ զորավարժությունների ավարտից հետո նրանք դուրս կգան Բելառուսի տարածքից»,- հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռազնիկովը։ Նրա խոսքով՝ ուկրաինական զինված ուժերը, սահմանապահները, Ազգային գվարդիան, ոստիկանությունը, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստ են դեպքերի ցանկացած զարգացման։ «Մենք դիտարկում ենք իրականացնում բոլոր հինգ մարզում, որոնք սահմանակից են մեզ բարեկամ Բելառուսի Հանրապետությանը։ Համապատասխանաբար, մենք հարմարվել ենք իրավիճակի փոփոխությանը»,- նշել է նա։

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Մինսկ է մեկնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որին իր հերթին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները նախատեսում են անցկացնել փետրվարի 10-20-ը։ Արևմուտքն ուշադրությամբ հետևում է Մոսկվայի ռազմական գործողություններին, ինչը պայմանավորված է ռուս-ուկրաինական սահմանին առկա լարվածությամբ։ Արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինա ներխուժելու մտադրության մեջ։ Կրեմլը հերքում է այդ լուրերը։

Արևմտյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ Ուկրաինայի սահմաններին մոտ գտնվող շրջաններում տեղակայվել է ՌԴ մինչև 120 000 զինծառայող։ Վերջին շրջանում այս հարցով Արևմուտք-Ռուսաստան տարբեր ձևաչափերով բանակցությունները մեծ հաշվով որևէ էական արդյունքի չեն հանգեցրել։

Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter