
ՄԻՊ-ի թեժ գծին ստացված զանգերի մեծ մասը վերաբերում է թանաքների ցնդելուն և ընտրակաշառքներ բաժանելուն
Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին ընտրությունների առաջին 4 ժամվա ընթացքում՝ ժ. 8:00-ից 12:00-ն, ստացվել է 137 զանգ Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից:
Ինչպես «Հետքին» հայտնեց ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Կարմիրշալյանը, զանգերի գերակշռող մասը վերաբերել է դրոշմակնիքների՝ շուտ ցնդող թանաքներին և ընտրակաշառքների բաժանման դեպքերին:
Նաիրա Կարմիրշալյանը չկարողացավ ասել, թե ով և որտեղ է ընտրակաշառք բաժանել՝ նշելով, որ այդ տվյալները դեռ վերլուծված չեն:
137-ից 60 զանգի դեպքում ՄԻՊ-ի գրասենյակը արձագանքել է. արագ արձագանքման խմբերը գնացել են դեպքի վայր՝ տեղում տեսնելու իրավիճակը, զանգը գրանցվել է, դիմում է ընդունել և այլն:
Մնացյալ դեպքերում ՄԻՊ-ի գրասենյակը ուղղորդել է քաղաքացուն դիմել համապատասխան մարմիններ՝ ոստիկանություն, Սահմանադրական դատարան և այլն, քանի որ քաղաքացու հարցը վերաբերել է ոչ ՄԻՊ-ին:
Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից ստացվել են հիմնականում հավասար թվով զանգեր:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել