
Փորձաքննական պահանջ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ընդլայնման նախագծին. պետք է հաշվարկել գործող պոչամբարի պատնեշի կայունությունը
Շրջակա միջավայրի նախարարությունը փետրվարի 2-ին դրական եզրակացություն է տվել Սոթքի հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի` Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ընդլայնման նախագծին։
Հիշեցնենք` ներկայում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան մշակում է տարեկան 1 մլն տ հանքաքար: Նոր նախագծով նախատեսվում է ֆաբրիկայի որոշ տեղամասերի վերակառուցման հաշվին արտադրողականությունը հասցնել մինչև 1.750 մլն տոննայի:
ՇՄԱԳ նախագծում ընկերությունը նշել էր, որ մինչ պոչամբարի ծավալի սպառումը, նախատեսվում է իրականանցնել գործող պոչամբարի պատնեշի կայունության հաշվարկ, որը թույլ կտա ընդունել վերջնական որոշում` ավելացնել գործող պոչամբարի ծավալը պատնեշի բարձրացման հաշվին, թե կառուցել նոր պոչամբար հարակից տարածքում: Չգիտես ինչու` այս հարցի պատասխանը ՇՄԱԳ-ում չկար, այլ դեռևս պետք է որոշվի:
Դրական եզրակացությունն ընկերությանը փորձաքննական մի քանի պահանջների կատարման պայմանով է տրվել: Դրանցից մեկը վերաբերում է հենց պոչամբարին. մինչ պոչամբարի ծավալի սպառումը և պատնեշի բարձրացումը` 821 nիշ, անհրաժեշտ է իրականացնել գործող պոչամբարի պատնեշի կայություն հաշվարկ, ինչը թույլ կտա ընդունել վերջնական որոշում` գործող պոչամբարի պատնեշի բարձրացման կամ հարակից տարածքներում նոր պոչամբարի կառուցման վերաբերյալ: Ավելին, օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել պոչամբարի կառուցման կամ ընդլայնման ՇՄԱԳ հաշվետվությունը և նախագիծը` պոչամբարի կայունության նոր հաշվարկով:
Փորձագիտական պահանջներից մեկն էլ արտադրական գործընթացում շրջանառու համակարգից և պոչամբարներից ջրի արտահոսքի բաց ավազան և շրջակա տարածքներ բացառելն է:
Ինչպես նշված է եզրակացության մեջ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության փուլերում, օրենսդրությամբ սահմանված կարգով Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքում անցկացված հանրային քննարկումներում գործունեության իրականացումը մասնակիցների կողմից արժանացել է հավանության: Քննարկումների ընթացքում բարձրացվել են հարցեր` աշխատատեղերի կրճատման, նոր աշխատատեղերի բացման, ազդակիր բնակչության առողջության ապահովման համար ընկերության կողմից հատկացումների տրամադրման և համայնքում սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Խոշորացված համայնքի ղեկավարն առաջարկել է մշտադիտարկումներ իրականացնել Արարատ քաղաքի և Արարատ գյուղի տարածքների 4-ական նմուշառման կետերում: Առաջարկվել է նաև համայնքի բնակչության հետ համագործացությունը առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ և մասնակցությունը` մշտադիտարկումների իրականացման գործընթացներին: Փորձաքննական հաջորդ պահանջը հենց այս առաջարկ է ներառվել:
Ընկերությունը նաև պետք է ապահովի ազդակիր բնակչության համար նախատեսված առողջության ապահովման և սոցիալական ծրագրերի իրականացման հատկացումները և միջոցառումները:
Պահանջներից մեկը վերաբերում է պոչամբարի ռեկուլտիվացմանը կամ փակմանը, որի աշխատանքների նախագծային փաստաթղթերը` ՇՄԱԳ հաշվետվությամբ պետք է սահմանված կարգով ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
Եվ վերջապես, փորձագետը պահանջել է ֆաբրիկայի արտադրողականության բարձրացման համար նոր ջրօգտագործման թույլտվության ստացման համար շրջակա միջավայրի նախարարություն հայտ ներկայացնել:
Մեկնաբանել