
ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագծին
Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին: Պատգամավորն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազարից դարձնել 100 հազար դրամ:
Նշենք, որ օրենքում վերջին փոփոխությունն արվել է 2019 թվականին, նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից դարձել է 68 հազար դրամ:
Նախագծի հեղինակի խոսքով` արդեն իսկ սպառողական զամբյուղի արժեքը 2021-ի համար կազմել է 73 400 դրամ, հետևաբար խնդիր կա աղքատությունը հաղթահարել նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման առումով:
«Առաջարկը կարծում եմ տեղին է` նկատի ունենալով գնաճը, վերջին շրջանի հոսանքի և ջրի թանկացումները, կարծում եմ` խելամիտ է նման առաջարկ անելը»,- ասաց Վարդանյանը:
Կառավարությունը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել`պատճառաբանելով հետպատերազմյան վիճակը և քովիդի համավարակը, ինչպես նաև այն, որ նախագծով առաջարկվում է փոփոխություններն ուժի մեջ մտնեն ամռանը, իսկ միջնաժամկետ ծախսերն արդեն ներառված են բյուջեում: Կառավարության հիմնավորման համաձայն` նման փոփոխությունները կարող են հանգեցնել գնաճի, ինչպես նաև գործազրկության աճի:
Այսպիսով, նախագիծը դրվեց քվեարկության` ստանալով բացասական եզրակացություն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել