HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության 46․ հուշարձան-շենքի անցյալն ու անորոշ ապագան

Ֆիրդուս թաղամասում օտարված Հանրապետության 46 հուշարձան-շենքի քարերը համարակալված են։ Տարածքում և հուշարձանի հետնամասում արդեն քանդման աշխատանքներ են իրականացվում, ապամոնտաժվում են պատուհանները։ Շենքն արդեն տանիք չունի։ Կառուցապատողը, սակայն, դեռևս չի որոշել, թե ինչին է ծառայելու հուշարձանը վերակառուցումից հետո։ Կառավարությունն էլ չի ստիպել կառուցապատողին հստակեցնել շենքի ապագան։ 

Արխիվինչ հայտնաբերվեց հուշարձանի մասին

Տեղական նշանակության հուշարձանը՝ Հանրապետության 46-ը, բնակելի տուն է` կառուցված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Սա միակ ինֆորմացիան է, որ շենքի մասին մեզ տրամադրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Առհասարակ, քիչ տեղեկություն է պահպանված այս շենքի մասին նույնիսկ արխիվային փաստաթղթերում։

Հայաստանի ազգային արխիվի Ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության ֆոնդից հայտնաբերվեց միայն Հանրապետության (նախկին՝ Ալավերդյան) փողոցի շինությունների վերաբերյալ մի զեկուցագիր՝ ուղղված Հայկական ՍՍՀ պետշինի նախագահ Գ․ Աղաբաբյանին։

Զեկուցագիրը գրել է Վարչության պետի տեղակալ Ս․ Սաղումյանը 1969թ․ հոկտեմբերի 31-ին։ Վերջինս նշել է, որ «Երևան քաղաքի Ալավերդյան փողոցի 1-23 և 2-24 շենքերի գերակշիռ մասը կառուցված են 19-րդ դարի վերջում։ Դրանց զգալի մասը որոշակի արժեք են ներկայացնում 19-րդ դարի հայկական ժողովրդական ճարտարապետության զարգացման էտապների ամբողջականացման նկատառումով»։

Անդրադառնալով այդ շենքերից որոշների վիճակին և պատմությանը՝ զեկուցողն առաջարկել է պետական պահպանության տակ վերցնել Ալավերդյան փողոցի 1-24 հասցեներում ընկած շենքերը՝ իբրև 19-րդ դարի հայկական ժողովրդական ճարտարապետության ուշագրավ նմուշներ։

«Այս դեպքում պետք է ազատել բնակարանները և նրանց պահպանման համար ծախսել հսկայական ֆինանսական միջոցներ»,- նշել է զեկուցողը։

«Եթե հանգամանքների բերումով (քաղաքաշինության և քանդման ենթակա շենքերի ճարտարապետության առումով) դրանք չարժե առնել պահպանության տակ, ուստի տվյալ փողոցի այդ հատվածն ամբողջությամբ ենթակա է քանդման»,- որպես երկրորդ առաջարկ ձևակերպել է զեկուցողը։

Զեկուցողը նաև ձեռագիր քարտեզ է տրամադրել, որտեղ պատկերված են այդ շենքերը։ Դրա ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ 21 հասցեն հենց Հանրապետության 46 շենքն է, որը և, ըստ զեկուցագրի, նույնպես պետք էր վերցնել պետական պահպանության տակ։

ԿԳՄՍՆ-ի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» ՊՈԱԿ-ի հավաքածուի մեջ ընդգրկված են Հանրապետության 46 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ փաստավավերագրական նյութեր։ Մասնավորապես, մեր հարցմանը պատասխանելիս ՊՈԱԿ-ը նշել է, որ կան 1-ին, 2-րդ հարկերի հատակագծերը, գլխավոր ճակատը, կտրվածք և մանրամասների չափագրություն, որն արվել է 1979 թվականին։ Նաև պահպանված է 3 սևանկար։ Սակայն երբ փորձեցինք դրանք ձեռք բերել և հրապարակել, պարզվեց, որ յուրաքանչյուր չհրապարակված էջի արժեքը, ըստ ՊՈԱԿ-ի գնացուցակի, 17 հազար դրամ է, իսկ սևանկարներից յուրաքանչյուրի հատը՝ 5000 դրամ։

Մենք ձեռք բերեցինք միայն մի սևանկար (տես՝ գլխավորում), որի տարեթիվը պահպանված չէր, սակայն ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ասացին, որ այն 1970-ականների վերջին կամ 1980-ականների սկզբին արված լուսանկար է։

ՊՈԱԿ-ում պահպանված չափագրությունը որևէ տեղ հրապարակված չէ, չեն վերցրել նաև կառուցապատողները, որպեսզի դրանից կարողանան օգտվել հուշարձան-շենքը վերակառուցելու ընթացքում։

«Շեմք» ՍՊԸ-ն Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի տեխնիկական վիճակի և այն վերակառուցմամբ վերականգնելու հնարավորության վերաբերյալ եզրակացություն էր տվել նախագծողներին: Այդ եզրակացությամբ նշվել է, որ շենքն իր ծավալատարածական լուծումներով ճարտարապետական և պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան-կառույց է: Կառուցվել է 1800-ականների անհատական նախագծով, մասնակի նկուղաբաժնով, Г-աձև հատակագծային տեսքով երկհարկանի բնակելի կառույց է: Կոնստրուկտիվ համակարգը երկայնական և լայնական կրող պատերով և միջհարկային ծածկերով է: Պատերի հիմքերը ժապավենային են, խամքարաշարվածքից:

Կադաստրային տվյալներ

Կադաստրի պետական կոմիտեին հարցմամբ խնդրել էինք տրամադրել Հանրապետության 46 հասցեի սեփականատերերի, դրանց սեփականության իրավունքի ծագման հիմքերի մասին տեղեկություններ։ Կադաստրից միայն 1-ին բնակարանի վերաբերյալ են տեղեկություններ տրամադրել, ինչից պարզ է դառնում, թե ինչպես է ընթացել բնակիչների տարհանման գործընթացը։

Մասնավորապես, 1-ին բնակարանը 1993թ․ ապրիլի 21-ին գույքագրված է եղել Անիկ Խաչատրյանի անվամբ։ Դրա համար հիմք է հանդիսացել Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 12.03.1993թ. թիվ 9/15 որոշումը և 12.04.1993թ. թիվ 2017 առուվաճառքի պայմանագիրը։ 2007թ․ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա այն գրանցվել է Մարինե Սողոմոնյանի անվամբ։

Արդեն 2008թ․ հոկտեմբերի 31-ին գրանցվել է «Սիթի սենթր դիվելըփմենտ» ՓԲԸ-ի իրավունքը, որի համար հիմք է եղել հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պայմանագիրը։ Այս ժամանակահատվածում, երբ գույքը գտնվել է է «Սիթի սենթր դիվելըփմենտ» ՓԲԸ-ի տիրապետության տակ, 2013թ․ դեկտեմբերի 23-ին գույքը գրավադրվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության։

2017թ․ օգոստոսի 15-ին սեփականության իրավունք է գրանցել «Բիթլիս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որի համար հիմք է հանդիսացել 2015թ․ մարտի 26-ի բաժանիչ առանձնացման հաշվեկշիռը։ «Բիթլիս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նշված գույքը 2019թ․ գրավադրել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում։

2021թ․ նոյեմբերի 11-ին «Բիթլիս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի անվամբ տրամադրվել է նոր վկայական։

Կադաստրի էլեկտրոնային տվյալներով՝ Հանրապետության 46 հասցեում 14 առանձին գույք է գրանցված, որից մեկը՝ ավտոտնակ, մեկը՝ հասարակական տարածք, մնացածները՝ բնակարաններ։

Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ճարտարապետության պատմաբան Մարիետա Գասպարյանը, ով  ուսումնասիրել է Երևանի 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի ճարտարապետությունը, մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ հուշարձանի մասին տեղեկություններ չեն պահպանվել, հայտնի չէ նաև ճարտարապետը, սակայն որպես տիպային շինություն այն երկու բնակարան ունեցող կառույց է։ «Որպես ճարտարապետական տիպ, սովորաբար նման տները ունեն երկու բնակարան, իսկ սովետի ժամանակ այդ բնակարաններից յուրաքանչյուրը մոտ 10 սենյակ ուներ, և դրանք տրվել են տարբեր մարդկանց, ով ասես ապրել և գրանցվել է»,- ասում է Մ․ Գասպարյանը՝ այդպիսով բացատրելով ներկայում 2-ից ավելի բնակարան ունենալու հանգամանքը։

Մարիետա Գասպարյանն ասում է, որ այդ տները, հավանական է, որ  պատկանել է պարսիկ սեփականատիրոջ, որովհետև մի քանի տներ այդ տարածքում պարսիկներին են պատկանել։ 

Շենքը հուշարձանների ցանկում ընդգրկվել է որպես գեղարվեստական հուշարձան։  

Հանրապետության 46-ի վերջին բնակիչը

Վարուժան Գևորգյանը Հանրապետության 46 շենքի վերջին բնակիչներից է, որ հանձնել է իր 31 քմ-անոց բնակարանն ու տեղափոխվել (փաստացի օգտագործել է 43 քմ)։ Վարուժանն այդտեղ ապրել է կնոջ ու երկու երեխաների հետ 1988 թվականից։ Դրանից առաջ այդ նույն տանն ապրել են կնոջ ծնողները։

Վարուժանը պատմում է, որ երբ իրենց տանը թեթևակի վերանորոգում են արել, հատակի տակից հայտնաբերել են տան սեփականատիրոջ լուսանկարը: Վարուժանենց տանը պահպանվել է նաև բուխարին։ 

«Մեծերից պատմել են, որ մեծահարուստը բակի կողմից լողավազան է ունեցել, իսկ առաջին հարկը հասարակաց տուն է եղել»,- հիշում է Վարուժանը։

Վարուժանի խոսքով՝ շենքը հիմնականում սկսել է «փչանալ» կտուրի վնասվելու պատճառով։ Դիմել են պատկան մարմիններին, սակայն ոչ եկել են, ոչ էլ վերանորոգել։ Վարուժանի կարծիքով՝ եթե կտուրը սարքեին, ապա շենքը լավ վիճակում կպահպանվեր։ Շենքը հայտնի Բաղդադի խյուսով է կառուցվել, այն շատ ամուր է եղել, և երկրաշարժի ժամանակ ոչինչ չի փլուզվել կամ տեղաշարժվել։

Վարուժանը կատակում է՝ Բաղդադի խյուսն էլ նպաստել է, որ շենքի վրա ծառ աճի (ծառը մինչ օրս  պահպանվում է)։

«Հնությունը պահպանվում է իր եղածով, ոչ թե քանդեն, նորը սարքեն։ Մենք ուզում էինք տեղում մնալ, մեզ ասացին՝ սա բնակելի շենք չի լինելու, պատմամշակութային շենք է լինելու, բայց ոնց նայում ենք՝ բնակելի է լինելու»,- դժգոհում է Վարուժանը։

Վարուժան Գևորգյանը ցույց է տալիս արդեն քանդված տան պատուհաններն ու պատմում, որ երբ իրենց տեղափոխում էին, ասել են, որ նույն շենքում բնակելի հատված չի լինելու, դրա համար Վարուժանը համաձայնել է տեղափոխվել։

Վարուժանի երկսենյականոց բնակարանը երկրորդ հարկում էր։ Նրա բնակարանը փոխանակել են «Գլենդել Հիլզի»՝ Մոսկվայի տան հետնամասում կառուցած նույն քառակուսով, բայց մեկ սենյականոց բնակարանի հետ, որը վերջինս վաճառել է և 3-րդ մասում այլ՝ ավելի մեծ բնակարան գնել։ Հավելավճար չեն տվել կառուցապատողները՝ հաշվի չառնելով նույնիսկ Կենտրոնում գտնվելու հանգամանքը։

Ըստ նախագծի՝ Հանրապետության 46 հասցեում և հարակից 2 լոտում կառուցապատողը նախատեսել է բազմաֆունկցիոնալ բնակելի մեծ համալիր կառուցել: Կառույցը լինելու է 9 և 12 հարկանի՝ համապատասխանաբար 30 և 45 մ բարձրությամբ: 1-3 հարկերը նախատեսված են գրասենյակային տարածքների և խանութների համար: 4-12-րդ հարկերում բնակարաններ են լինելու:

Որքան արժեն բնակարանները դեռ չկառուցված Հանրապետության 46-ում

Հանրապետության 46 հասցեն, Կառավարության որոշմամբ, տրվել էր «Բիթլիս քոնսթրաքշն» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունը 2021թ․ նոյեմբերին նոր սեփականատեր է ունեցել՝ Գլենդելում գրանցված Վիգեն Աղաջանյանը։ Ընկերության կանոնադրական կապիտալը 362 մլն դրամ է։

Վիգեն Աղաջանյանը նաև «Ադանա քոնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետերն է դարձել նույն օրը։ 125 մլն դրամ էլ այս ընկերությունն է կանոնադրական կապիտալ ձևավորել։

«Ադանա քոնսթրաքշն»-ին տրվել է այլ լոտ՝ Հանրապետություն նրբանցքում։

«Ադանա քոնսթրաքշնը» ֆեյսբուքյան իր էջում այս պահին գովազդում է Հանրապետության 46 շենքի նոր բնակարանները։

Նշված հեռախոսահամարով փորձեցինք պարզել, թե գնային ինչ շեմ է գործում այստեղ։ Հեռախոսահամարին պատասխանող երիտասարդը պատմեց, որ բնակարանների քմ-ը սկսվում է 2500 դոլարից և հասնում մինչև 3500 դոլարի՝ կախված բնակարանի դիրքից և հարկից։ 37 քմ բնակարանից մինչև 300 քմ բնակարաններ են լինելու Հանրապետության 46 հասցեի 3 շենքում՝ 4-12-րդ հարկերում։ Ներքևի հարկերը գրասենյակային տարածքներ են լինելու։ Ավտոկայանատեղիի արժեքը սկսվելու է 30 հազար դոլարից։ Քանի որ 33-րդ թաղամասը երկրորդ գոտի է համարվում, գործելու է նաև եկամտահարկի վերադարձի դրույթը։

Դեռևս որոշված չէ՝ ինչին կծառայի հուշարձան-շենքը

«Ադանա քոնսթրաքշնի» տնօրեն Գևորգ Տոնոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ քարերի համարակալումը չի նշանակում, որ այն քանդվելու է։ ԿԳՄՍՆ նախագծի համաձայն՝ շենքը վերակառուցվելու է, սակայն քարերը համարակալել են, որպեսզի վերակառուցման ընթացքում պոկվել-ընկնելու կամ վնասվելու դեպքում կարողանան նույն կերպ վերականգնել։

Կառուցապատողը հավաստիացրեց, որ ոչ մի նախագծային փոփոխություն չի լինելու շենքում, այն նույնությամբ վերակառուցվելու է։

Հուշարձան-շենքն ինչի համար է ծառայելու հարցին, կառուցապատողը պատասխանեց, որ դեռևս հստակ որոշված չէ, գուցե տուն-թանգարան դառնա կամ մշակութային որևէ ոլորտի ծառայի: «Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, հնարավոր է՝ հայկական ինչ-որ հինավուրց հայկական բակի տեսքով ռեստորան լինի, հնարավոր է՝ ինչ-որ մեկի տուն-թանգարան դառնա, դեռևս որոշված չէ»,- ասում է Գևորգ Տոնոյանը։

Վիգեն Աղաջանյանն օտարերկրյա ներդրող է, Հայաստանում չի բնակվում, ապրում է ԱՄՆ-ում։ Համաձայն ռեգիստրի տվյալների՝ վերջինս գրանցված է Գլենդելում։

Թե ինչու է որոշել ներդրում անել Հայաստանում և որքան ներդրում է պատրաստվում անել Վիգեն Աղաջանյանը, փորձեցինք ընկերության միջոցով կապ հաստատել վերջինիս հետ և զրուցել այդ մասին։ Սակայն տնօրեն Տոնոյանը, ներդրողի հետ ճշտելուց հետո, մեզ փոխանցեց, որ վերջինս ընկերության կառավարումը վստահել է իրենց, հետևաբար հարցերին ևս իրենք պետք է պատասխանեն։ Իսկ ներդրումների չափի մասին հարցին, այդուհանդերձ, պատասխանել չցանկացան։

«Հին Երևանի սրտում որպես սփյուռքահայ, հավանաբար, ուզում է իր լուման և ներդրումն ունենալ»,- նշեց կառուցապատողը։

Մարկ Գրիգորյան «Հին շենքը քանդելով՝ մենք ոչնչացնում ենք մեր քաղաքի հիշողությունը»

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը փորձել է «փրկել» Հանրապետության 46 շենքի փայտե փորագրություններով դուռը՝ տեղափոխելով այն թանգարան, սակայն նրան դա չի հաջողվել, կառուցապատողները չեն հաղորդակցվել թանգարանի տնօրենի հետ։

«Հին շենքը մշակութային արժեք չպիտի ունենա։ Հին շենքերը պետք է պատմական արժեք ունենան, որովհետև դրանք միջավայր են ստեղծում, հին շենքերը պահպանում են մեր հիշողությունը քաղաքի մասին, մեր անցյալի մասին և օգնում են մեզ փոխանցելու մեզ այդ հիշողությունը իմ սերնդին, ձեր սերնդին, մեր երեխաների սերնդին, առանց հին շենքերի՝ հիշողությունը չի փոխանցվում կամ փոխանցվում է այլ ձևով, որը շատ ավելի թույլ է։ Հին շենքը քանդելով, եթե նույնիսկ ասում ենք, տակը մնում է, վերևը ավելացնում ենք՝ մենք, միևնույն է, ոչնչացնում ենք մեր քաղաքի հիշողությունը, և դրա վտանգն այստեղ է։ Այդ վտանգը գալիս է մեր քաղաքային իշխանությունների անկարողությունից»:

Մարկ Գրիգորյանը կարծում է, որ Հանրապետության 46 շենքը պիտի մնար և ծառայեր որպես հասարակական տարածք։ «Մենք ունենք հասարակական տարածքների պակաս և դրանք ավելացնելու անհրաժեշտություն։ Հասակական տարածք ասելով՝ նկատի չունեմ սրճարան, նկատի ունեմ թանգարան, ցուցասրահ, գեղագիտական դպրոց, երգչախմբի համար տարածք, ավելի շատ՝ մշակութային ոլորտին ծառայող»,- ասում է նա։

Ավելին, ըստ թանգարանի տնօրենի, ոչ մի բան չպետք է կառուցվեր հուշարձան-շենքի գլխին, քանի որ շենքից վերև բարձրացող հատվածը շենքի հետ իրականում կապ չի ունենալու․ «Երևանում կան բազմաթիվ օրինակներ, որոնց մեջ ես չեմ կարող թվարկել գոնե մեկը, որն արդարացնի հին շենքի գոյությունը։ Այդ շենքի դիմացը կա նմանատիպ օրինակ»։

Գլխավոր լուսանկարը՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» ՊՈԱԿ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter