HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԱԻՆ-ը ներկայացրել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը

Արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) առաջարկում է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենք ընդունել։ Օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչն ըստ ԱԻՆ-ի՝ չի համապատասխանում միջազգային ներկայիս պահանջներին։ ԱԻՆ-ն ընդգծում է, որ 2018-2019թթ. պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքով մանրակրկիտ ձևով կարգավորված չեն այն միջոցառումների շրջանակը, հիմնական ուղղությունները, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, արձագանքմանն ու վաղ վերականգնմանը, ինչպես նաև հետաղետային վերականգնմանը:

Մինչ այժմ գործող օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով աղետների ռիսկի կառավարման գործընթացը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակն ավելի սահմանափակ է և ոչ լիարժեք, մինչդեռ, ինչպես փոխանցում է Արտակարգ իրավիճակնեի նախարարությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում պետք է համակարգված և օպերատիվ կերպով իրականացնեն աղետների ռիսկի նվազեցումը, արձագանքումը և այլ միջոցառումների իրականացումը:

Բացի այդ, գործող օրենքով կանոնակարգված չեն արտակարգ իրավիճակի կառավարման մակարդակները, որոնք ենթադրում են հանրապետական, մարզային, համայնքային և տեղային բնույթի:

Նախագծով բնակչության պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացում հստակեցվում և ընդլայնվում են պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակը, ապահովվում է աղետների ռիսկի կառավարման ապակենտրոնացման գործընթացը:

Սահմանվում են նաև արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը, հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ իրավիճակ, արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձանց շրջանակը, ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները, ինչպես նաև որոշման հրապարակման առանձնահատկությունները:

Նախագիծը մշակել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը։ Այս օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթից:

ԱԻՆ-ը շեշտում է, որ նախագծի ընդունումը Հայաստանի 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

Հավելենք նաև, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծին մանրամասն ծանոթնալու համար սեղմեք այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter