
Էրդողանը երրորդ անգամ կառաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երրորդ անգամ կառաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում, իսկ նախագահական ընտրությունները կկայանան 2023 թվականի հունիսին։ Այդ մասին հայտնում է թուրքական Star թերթը՝ հղում անելով Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին։
Էրդողանը կներկայացնի «Ժողովրդի դաշինք» քաղաքական միավորումը, որի կազմում են իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ու Ազգայնական շարժում կուսակցությունը։ Բահչելիի խոսքով՝ Էրդողանի վերընտրության համար որևէ խոչընդոտ չկա։
«Նախագահի մեր թեկնածուն պարզ է։ Դա Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Ես հավատում եմ, որ պարոն Էրդողանը 2023 թվականի հունիսի ընտրություններում կհաղթի մեծ տարբերությամբ, և «Ժողովրդի դաշինք»-ը նաև նոր հաղթանակ կտանի։ Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի նախագահը կարողանա ընտրվել առնվազն երեք ժամկետով»,- հայտարարել է ԱՇԿ առաջնորդը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2003-2014 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ 2014 թվականին նա հաղթել է Թուրքիայի նախագահի ուղիղ ընտրություններում, որից չորս տարի անց վերընտրվել արտահերթ ընտրություններում։ 2021 թվականին Էրդողանն իրեն անվանել էր աշխարհի առաջնորդների մեջ ամենափորձառուն։ Նա նաև բացառել էր արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը, ինչը պահանջում էր ընդդիմությունը։
2022 թվականի հունվարին Էրդողանի վարկանիշը, ըստ Metropoll-ի տվյալների, կազմել է 40,7 %։ Նրա գործունեությանը հավանություն չի տալիս 54,4 %-ը։ Նախագահի վարկանիշի ընկնելը տեղի է ունեցել թուրքական լիրայի անկման ֆոնին։ Մեկ տարվա ընթացքում լիրան էժանացել է մոտ 50 %-ով։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել