HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Մակրոնը շուրջ 6 ժամ քննարկել են Ուկրաինայի շուրջ առկա ճգնաժամը

Կրեմլում ուշ երեկոյան ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցությունները։ Նրանք շուրջ 6 ժամ քննարկել են Ուկրաինայի շուրջ առկա ճգնաժամը։

BBC-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ նրանք Պուտինի հետ քննարկել են իրավիճակի լարման թուլացման և շփման որոշ կոնկրետ տեսակետներ, որոնք, Մակրոնը կքննարկի նաև Կիևի, Վաշինգտոնի և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների հետ։ Թե ինչ տեսակետների ու միջոցների մասին է խոսքը, Ֆրանսիայի նախագահը չի մանրամասնել և միայն նշել, որ այդ առաջարկների ճակատագիրը, հավանաբար, կորոշվի առաջիկա ժամանակահատվածում։ 

«Հաջորդ մի քանի օրերը կլինեն որոշիչ և կպահանջեն ինտենսիվ քննարկումներ, որոնք մենք միասին կանցկացնենք»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ Պուտինի հետ բանակցություններից հետո։ 

Ռուսաստանի առաջնորդը ևս չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը, սակայն Մակրոնի որոշ առաջարկներ նա համարել է հեռանկարային։ «Նրա մի շարք գաղափարներ, առաջարկություններ, հավանաբար, որոնց մասին դեռ շուտ է խոսելը, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ լրիվ հնարավոր են, որպեսզի դրվեն մեր հետագա համատեղ քայլերի հիմքում»,- հայտարարել է Պուտինը։ 

Այդուհանդերձ, Մակրոնն ընդգծել է, որ կարևորագույն հարցերի շուրջ Պուտինի հետ տարաձայնությունները պահպանվում են։ Խոսքը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության մասին է։ Ռուսաստանը պահանջում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պարտավորվի իր կազմում չներառել Ուկրաինային և Վրաստանին, բայց ՆԱՏՕ-ն և դրան անդամակցել ցանկացող արևելաեվրոպական երկրները մերժում են այդ պահանջը՝ հայտարարելով, որ անդամակցության կամ չանդամակցության հարցը պետք է իրար հետ որոշեն կոնկրետ ինքնիշխան պետությունն ու դաշինքը։   

Այդ տարաձայնությունների մասին մամլո ասուլիսի ժամանակ խոսել է նաև Պուտինը։ Նա կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն իրենց գրավոր պատասխաններում ամբողջությամբ անտեսել են Ռուսաստանի համար կարևոր այդ պահանջները։ «Բոլոր հիմնական խնդիրներով, որոնց թվում են ՆԱՏՕ-ի չընդլայնումը, մեր սահմաններին հարվածային համակարգերի չտեղակայումը, ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների վերադարձը 1997 թվականին առկա վիճակին, չկա որևէ դիրքորոշում, նույնիսկ ոչ պատասխան. այո կամ ոչ։ Մենք այնտեղ քաղաքական կլիշե ենք տեսնում, այլ ոչ մեր հարցերին պատասխան»,- նշել է Պուտինը։

ՆԱՏՕ-ի երկրները և Ուկրաինան, երբ Ռուսաստանը դեկտեմբերի կեսերին հրապարակեց իր պահանջները, անմիջապես հայտարարեցին, որ դրանք անիրագործելի են և դրանց շուրջ բանակցություններ հնարավոր չեն։ Իրենց գրավոր պատասխանում արևմտյան դաշնակիցները Ռուսաստանի առաջարկներին ի պատասխան նշել էին, որ լավ կլինի Ռուսաստանն իր զորքերը հանի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքներից։

Սա վերջին երկու տարիներին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների առաջին անձնական հանդիպումն էր։ Վերջին անգամ Պուտինն ու Մակրոնը անձամբ հանդիպել էին 2019 թվականի ամռանը։ Այդ ժամանակ Ֆրանսիայի առաջնորդը իր ռուս գործընկերոջն ընդունել էր Լազուրե ափին գտնվող իր ամառային նստավայրում։ 

Հիմա Մակրոնը ժամանել է Մոսկվա քննարկելու ուկրաինական ճգնաժամը, իսկ Մոսկվայից նա կմեկնի Կիև, որտեղ փետրվարի 8-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ 

Պուտինին ու Մակրոնին զուգընթաց Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակը քննարկել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հանդիպումից հետո Շոլցը նշել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պարագայում Արևմուտքի պատժամիջոցները կոշտ կլինեն և որ Գերմանիան պատրաստ է վնասներ կրել այդ միջոցներից, բայց հանդես կգա դաշնակիցների հետ փոխգործակցաբար։ 

Փետրվարի 8-ին Շոլցը ևս Կիևում կվարի բանակցություններ։ Նախօրեին՝ այնտեղ էր գտնվում նաև Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը, որը հանդիպել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։  

Արևմտյան քաղաքական գործիչները և ԶԼՄ-ները մի քանի ամիս հայտնում են Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման մասին, որը, նրանց կարծիքով, կարող է վկայել ներխուժման նախապատրաստության մասին։ Նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ։ 

Կրեմլը պնդում է, որ ինքը նման մտադրություններ չունի։ Այդուհանդերձ, Մոսկվան Արևմուտքից պահանջում է, որ իրեն տրամադրվեն «անվտանգության երաշխիքներ»։ 

Պուտինի հետ հանդիպումից առաջ Էմանուել Մակրոնը լրագրողներին հայտարարել էր, որ «չի հավատում ինքնաբուխ հրաշքների», բայց լավատեսորեն է տրամադրված։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ էր արել այդ բանակցություններից չակնկալել «որևէ որոշիչ շրջադարձի», բայց ընդգծել, որ Պուտինը պատրաստ կլինի շարունակել այն քննարկումը, որը Մակրոնի հետ սկսել են հեռախոսով։ 

Ինչպես փոխանցել էր Ելիսեյան պալատը, անձնական հանդիպումից առաջ Մակրոնն ու Պուտինը  5 անգամ հեռախոսազրույց էին ունեցել։ Կրեմլի հայտարարության համաձայն՝ վերջին անգամ կողմերը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 3-ին, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու առաջնորդների երրորդ հեռախոսազրույցն էր։

Լուսանկարը՝ Thibault Camus/Pool via Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter