Նախատեսվում է բուհերի 2022թ․ ընդունելության համար սահմանել 2922 անվճար տեղ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) նախատեսում է բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022թ․ ընդունելության համար սահմանել 2922 անվճար տեղ։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
2922 անվճար տեղը կհատկացվի 2022/23 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի ընդունելության համար։ 2922 տեղից 1938-ը կհատկացվի ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող բարձրագույն ուսումնական հաստատություններին։
Ըստ նախագծի՝ 1938 տեղերից 1100-ը (56,8%) կտրամադրվի բնագիտամաթեմատիկական ոլորտին, որից 414-ը (37,6%-ը) կհատկացվի տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին:
Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին ինչպես և նախորդ տարի, նախատեսվում է հատկացնել 230 տեղ, ՊՆ Մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին նախորդ տարվա 100 տեղի փոխարեն՝ այս տարի նախատեսվել է 76, իսկ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատությունների համար նախորդ տարվա 82 տեղի փոխարեն, այս տարի սահմանվել է 115 տեղ:
ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար 350 տեղի փոխարեն, այս տարի նախատեսվում է 245 տեղ, այդ թվում 20 տեղ՝ Արցախի Հանրապետությանը:
Ինչպես նշված է նախագծում, նախորդ տարիների նման, այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար: Ընդհանուր 2922 տեղից 88-ը կհատկացվի օտարերկրյա քաղաքացիներին։
Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
Հավելենք, որ նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը բուհերի ընդունելության համար հատկացրել էր 2918 անվճար տեղ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել