HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում

Գերմանիան Ուկրաինայի շուրջ հակամարտության սրման ֆոնին ևս 350 զինծառայողի և սպայի կգործուղի Լիտվա՝ ՆԱՏՕ-ի անձնակազմի քանակական ավելացման համար։ «Այդպիսով մենք մեծացնում ենք մեր ներդրումն արևելյան ուղղությամբ»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը՝ նշելով, որ Բունդեսթագը տեղեկացված է այդ որոշման վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Բունդեսվերի Եվրոպայի արևելք ուղարկվող 250 զինծառայողներ ծառայում են ցամաքային զորքերում, իսկ մնացած 100-ը՝ մյուս զորատեսակներում։ Ներկայում Լիտվայում, որը 2004 թվականից անդամակցում է ՆԱՏՕ-ին, տեղակայված է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ողջ անձնակազմի մոտ կեսը, որը կազմում է 1200 զինծառայող և սպա։

Փետրվարի 7-ին պաշտոնական Լոնդոնը հայտարարեց, որ ևս 350 զինծառայող և սպա կուղարկվի Լեհաստանի արևելյան սահման, որտեղ արդեն իսկ գտնվում են բրիտանացի 100 զինծառայող։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ սահմանին բրիտանական զորքերի ներկայության մեծացումը «ուժեղ ազդակ է ուղարկում, որ Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը կանգնած են մեջք մեջքի»։

Հունվարի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ նախատեսում է կրկնապատկել բրիտանացի զինծառայողների թիվն Արևելյան Եվրոպայում։ Դրանից առաջ Արևելյան Եվրոպա զորքերի ուղարկման մտադրության մասին հայտարարել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ 2000 ամերիկացի զինծառայողից բաղկացած առաջին խումբը Գերմանիա և Լեհաստան է ժամանել փետրվարի 4-ին։

Արևելյան Եվրոպայի երկրներում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը պայմանավորված է Ուկրաինայի շուրջ առկա ճգնաժամային իրավիճակով։ Արևմտյան առաջնորդներն ու Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանը մտադիր է ներխուժել Ուկրաինա։ Կրեմլը հերքում է այդ լուրերը, սակայն շարունակում զորքեր տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին՝ պատճառաբանելով, որ դրանց տեղակայումը պայմանավորված է զորավարժություններով, իսկ իր տարածքում զորքերի տեղաշարժը Ռուսաստանի ներքին գործն է։

Լուսանկարը՝ արխիվային/nationalinterest.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter