HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատ սրբազան․ «Աբգարի ծննդյան առջեւ մենք հատուցման խնդիր ունենք»

Երեկոյան «Մետրո» թատրոնի նախասրահում անցուդարձը դադարել էր։ Թույլ լուսավորված դահլիճում ազատ աթոռ արդեն չկար։ Մռայլության ու տխրության մի խիտ շղարշ էր իջել այդտեղ, որը, կարծես, ցրում էր բեմի էկրանից նայող Աբգար Նազարյանը։ Փետրվարի 4-ին նա կդառնար 20 տարեկան։

Հայրը՝ Գեղամ Նազարյանը, երբեք չէր էլ պատկերացնի, որ որդու վերջին նվերը ինչ-որ տեղ դառնալու էր ճակատագրական։ Բանակ զորակոչվելուց առաջ Աբգարը նրան էր նվիրել Պետեր Հանդքեի «Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ» գիրքը։ Աբգարը 2 ամսվա եւ 3 օրվա ծառայող էր, երբ պատերազմն սկսվեց։ Ծառայում էր Հադրութի զորամասում։

Զորակոչվելուց առաջ ընդունվել էր Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Տնեցիներին ասել էր, որ Հայաստանում միջազգային իրավունքի մասնագետները քիչ են, եւ ինքը պիտի այդպիսին դառնա, որ Հայաստանի շահերը կարողանա լավ ներկայացնել։ Սակայն սեպտեմբերի 29-ին Ֆիզուլու Կարախանբեյլի գյուղի մոտ ԱԹՍ-ի հարվածը խլեց Աբգարի եւ նրա երկու մարտական ընկերների կյանքը։

Որդու զոհվելու մասին իմանալուց հետո Գեղամ Նազարյանն սկսել էր գիրք գրել։ Վերնագիրը ակամա հուշել էր հենց Աբգարը։ Փետրվարի 7-ին գիրքը, որը կոչվում է «Աբգարի կարճ նամակը երկար հրաժեշտից առաջ», արդեն ընթերցողների սեղանին էր։ Գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է Տավուշի մարզի Կիրանց գյուղի փոքրիկ եկեղեցու նորոգմանը։ Դա Աբգարի երազանքն էր։ Գեղամ Նազարյանն այս գյուղից է։

Գրքում գործող հերոսը Աբգարն է։ Պատմությունն սկսվում է նրա զոհվելուց հետո։ Խճանկարի պես հավաքված են տղայի 18-ամյա տարիների հուշերը։ Նույնիսկ ամենափոքր թվացող դրվագն այստեղ կենդանություն է առնում։ Գիրքը խոշորացույցի պես պատկերում է Աբգարի կյանքը՝ իր ողջ մաքրությամբ, մտածումներով։ Աբգարը երկխոսում է ընկերների, հարազատների հետ, պատմում գուցե այն ժամանակ աննկատ մնացած կամ փոքր թվացող դեպքերն ու դիպվածները։ Ժամանակն այստեղ ներկա է։

Եվ այդ ներկան դահլիճի էկրանին էր նաեւ․ Աբգարն էր՝ մանկության եւ պատանեկության տարիներին։ Գրքից հատվածների ընթերցումներ հնչեցին։ Դրանք ընկերների հետ երկխոսություններից էին։ Գործողությունները կատարվում են ներկայում, եւ Աբգարն ընկերներին ասում է, որ նրանց կողքին է։

«Ես մերժում եմ այն արտահայտությունը, որ անընդհատ նշվում է, թե մենք իրենց ապրեցնում ենք։ Մենք իրենց չենք կարող ապրեցնել, մենք իրենց ճանապարհով մեզ ենք փորձում ապրեցնել։ Իրենք ապրել են, ապրում են, ապրելուց ավելի են ապրում եւ մեր ապրելիքն է, որ փորձում ենք այդ ճանապարհով ինչ-որ ձեւով սրբագրել, եթե փորձում ենք»,- բացման խոսքում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Նրա դիտարկմամբ՝ Աբգարը եւ մյուս նահատակները իրենց ապրեցնելու կարիք եւ անհրաժեշտություն չունեն, եւ նույնիսկ նրանց տարեդարձները նշելու կարիք չկա, քանի որ նրանց ծննդյան խորհուրդն այլեւս երկնքում է։

«Աբգարի ծննդյան առջեւ մենք հատուցման խնդիր ունենք։ Նախ՝ ինքներս մաքրվելու, ապա՝ հատուցելու այդ արյունը, վճարելու այդ գինը։ Այդ գնի վճարման միակ տարբերակը, ինչպես մեր մյուս նահատակ զավակի, մեր սիրելի Հենրի Հարությունովի մայրիկն է ասում, մեր հայրենիքի վերականգնումն է՝ ամբողջությամբ․ այլ տարբերակ ու ճանապարհ չունենք։ Ամեն մարդ ամեն օր պետք է մտածի դրա մասին»,- նշեց հոգեւորականը։

Աբգարի ավագ եղբայրը՝ Արմենակը, թատրոնի նախասրահում լուռ կանգնած էր։ Բնավորությամբ քչախոս է։ Երկու եղբայրներն առհասարակ խառնվածքով շատ տարբեր են։ Արմենակի զորացրվելուց մեկ շաբաթ հետո Աբգարն էր զորակոչվել։ Եղբոր ծառայության 2 տարիներին անընդհատ խոսում էին հեռախոսով։ Վերջին խոսակցությունները հիմնականում հայրենիքը պաշտպանելու մասին էին։ Դրանցից մեկի ժամանակ Արմենակն ասել էր, որ Նժդեհ է կարդում։ «Ասեցի, գիտես, էստեղ մի տող կա, որ շատ է դուրս եկել։ Ասում է՝ ամեն հայ իր վրա պետք է նայի այնպես, ինչպես դատապարտվածի, որ ամեն վայրկյան իր կյանքը կարող է տալ հայրենիքին։ Ասեց՝ գիտես, ես էդքան էլ համաձայն չեմ, որովհետեւ հայրենիքի համար կյանք տալը դատապարված լինել չէ, դա պատիվ կլինի ինձ համար»,- մեզ հետ զրույցում պատմեց Արմենակը։ Աբգարն այդ ժամանակ սովորում էր 12-րդ դասարանում։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter