HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվեց

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը Ազգային ժողովի այսօրվա նիստում խոսեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի այն դրույթի մասին, որը վերաբերում է դպրոցի կառավարմանը։

Պատգամավորի խոսքով՝ նախագիծը վերաբերում է ոչ միայն 1400 հանրակրթական հաստատություններին, այլև ամբողջ հասարակությանը։

Ասաց, որ նախագծի փոփոխության համար մի շարք առաջարկներով է հանդես եկել Կառավարություն, որոնց մի մասը ընդունվել է, սակայն մտահոգիչ է մնում կրթության հաստատությունների կառավարման մոդելը։ Նշեց, որ շարունակելու են քննարկել մի նախագիծ, որը միանգամայն կառավարման նոր մոդել է առաջարկում։ Նոր մոդել, որը գլխիվայր շրջում է գործողը, իսկ գործող համակարգն ավելի ժողովրդավարական էր, մասնակցային։ Ներկայում առաջարկվում է աֆտորիտար, ոչ բավարար կանոնակարգված իրավունքների և լիազորությունների անհստակությամբ, իրավական անորոշություններով կրկնվող և կոնֆլիկտային գործառույթներով մի մոդել»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ուսումնական հաստատությունների ընթացիկ գործունեության կառավարումը իրականացվելու է երկգլխանի գործադիր մարմնի կողմից, որը բաղկացած է տնօրենից և վարչական մարմնի համակարգողից։

Նշեց, որ հայտարարվող մրցույթի գաղափարը ևս տեղին չէ, քանի որ լիազոր մարմնի կողմից ձևավորված հանձնաժողովն է նշանակելու տնօրեն ու համակարգող։

«Մենք ունենք բացատիկ կոնֆլիկտային հարաբերությունների մի դաշտ, որը դպրոցի կառավարումը տանելու է ցնցումների։ Ինչպես կարող է զարգացման ծրագիրն իրագործել տնօրենը, երբ ֆինանսների կառավարումն իրականացնելու է համակարգողի կողմից»,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ ամենամեծ խնդիրը չգործածված նախագծի, «չապրած» նախագծի ներդրումն է։ «Մի ամբողջ համակարգ տանում ենք ցնցումների առանց փորձարկելու»,- նշեց պատգամավորը։ Գալստյանը տեղեկացրեց, որ դեմ են քվեարկելու նախագծին։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը պատգամավորի ելույթից հետո նշեց, որ անիմաստ վատնում են պետական փողերը, քանի որ 12-13 առաջարկ են արել, որի համար ստացել են աշխատավարձ, և առաջարկներն ընդունվել են․ «Ստացվում է ինքնանպատակ է։ Լինել ընդդիմություն, նշանակում է դեմ քվեարկել։ Եթե մտահոգություն ունեիք, որ աֆտորիտար է, հոդվածի վերաբերյալ էլ առաջարկ տայիք, քննարկում ծավալվեր և ոչ թե նիստի ժամանակ հայտարարեիք, որ փնթիություն է։ Նիստի կեսից վեր կենայիք ու գնայիք, փնթիությունը դա է իմ կարծիքով»,- նշեց Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ եթե դեմ էին, ինչու էին թուղթ ու գրիչ փչացնում։ Գաբրիելյանն ասաց, որ կատարվող փոփոխությունն աֆտորիտար համակարգի հակառակն է, քանի որ չի լինելու միակենտրոն համակարգում, և եթե պետությունն է պատասխանատու շենքային պայմանների համար, ապա պետք է պետությունն էլ զբաղվի այդ հարցով, իսկ տնօրենը՝ կրթության որակի ապահովմամբ։

Հավելեց, որ Կառավարության ծրագրով առաջարկվել է մինչև 2026թ.-ն սեյսմիկ խնդիրներով դպրոցների հարցը լուծել։

Լիլիթ Գալստյանը մտքերի փոխանակման ընթացքում նշեց, որ հանձնաժողովի նիստից շուտ է դուրս եկել, իսկ հանձանժողովի նախագահը դրա մասին տեղյակ է եղել, ինչպես նաև նշեց, որ իր առաջարկները թեև ընդունվել են՝ ամենախնդրահարույց հարցը չի կարգավորվել։

Նախագիծն ընդունվեց 61 կողմ, 26 դեմ ձայներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter