HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը

Ազգային ժողովի այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում ներկայացվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ նախագիծը։ Այն ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Իր խոսքում փոխնախարարը կարևորեց նախագծում ներառել այլընտրանքային կրթական ծրագրի հստակ սահմանումը, որը բացակայում էր նաև գործող օրենքից, ինչպես նաև ուսումնական պլանի անհատական բաղադրիչ սահմանման հստակեցումը, որով շեշտվել է սովորողի ընտրության կարևորությունը։  

Ներառական կրթության մասով ասաց, որ կարևոր է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ներդրումը, որն ուղղված է վերափոխել գործող հատուկ դպրոցները՝ ի շահ երեխաներին ուղղվող առավել որակյալ ծառայության։ «Լսողության խնդիր ունեցող երեխաների դպրոցը կարող է դառնալ ժեստերի լեզվի ուսուցման կենտրոն, որն անհրաժեշտ վերապատրաստում կիրականացնի դպրոցների ուսուցիչների, դրա կարիքն ունեցող մարդկանց համար, մեթոդական աջակցություն կտրամադրի»,- նշեց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ կփոխվի բուժման երկարատև գործընթացում գտնվողների և քրեակատարողական հիմնարկներում գտնվողների կրթության ապահովման ձևը։

Նրա խոսքով՝ կարևոր է երկարատև բուժման մեջ գտնվողին ապահովել համապատասխան կրթությամբ, իսկ քրեակատարողական հիմնարկում գտնվողներին կրթությամբ ապահովելը հնարավորություն կտա նրանց վերասոցիալականացնել։

Փոխնախարարը խոսեց ուսուցիչների կամավոր ատեստավորման ներդրման ուղղությամբ կատարված փոփոխությունների մասին, ասաց, որ հեշտացվել են տարակարգի կարգավորման դրույթները։ Այն ևս կնպաստի ուսուցչի աշխատավարձի բարձրացմանը։ «Քննարկվում է ուսուցչի դրույքաչափը ատեստավորման արդյունքում 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը, որն էլ, համակցվելով 2 գործիքների առավելագույն հավելավճարների հետ, կարող է հասնել մինչև 400 հազար դրամի»,- նշեց Անդրեասյանը։

Նա անդրադարձավ նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկայի առարկաների թափուր հաստիքներին՝ ասելով, որ եթե մասնագետներն ունեն ոլորտում մասնագիտացված կրթություն, սակայն մանկավարժ չեն, ապա կարող են դիմել թափուր հաստիքի համար, իսկ կրեդիտները հավաքել 1 տարվա աշխատանքի ընթացքում։

Նախագծով առաջարկվում է փոփոխել տնօրենի ընտրության կարգը, ըստ որի՝ հայտարարվելու է մրցույթ, իսկ մրցույթն անցկացնելու համար ձևավորվելու է մասնագիտական հանձնաժողով, լիազոր նորմերում սահմանվել է հանձնաժողովի ձևավորման կարգը։ Ներդվելու է դպրոցների համակարգողի գործունեության կարգը, որը կզբաղվի դպրոցների վարչատնտեսական հարցերով, իսկ տնօրենը՝ բովանդակությամբ և որակյալ կրթության ապահովմամբ։

Նախագծով սահմանվել է նաև, որ տնօրեն չի կարող լինել կուսակցության կամ տարածքային ստորաբաժանումների ղեկավարը, չի կարող տնօրեն կամ համակարգող լինել քրեական գործով անցնող անձը, ինչպես նաև՝ բարեկամական, խնամիական կապ ունեցող անձինք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter