HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջեյհուն Բայրամովը նշել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի պայմանը

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման ու սահմանագծման հարցը։ APA գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ «Այսօրվա հանդիպման ժամանակ ես այդ հարցը հասցրել եմ մոլդովացի գործընկերոջը»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ 

Բայրամովի պնդմամբ՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում Հայաստանն առաջ է քաշում նախապայմաններ։ «Դա չի նպաստում դրական դինամիկային»,- նշել է նա։ 

Բայրամովը խոսել է նաև Արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների մասին։ «Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում բարձրացրել է անհետ կորած անձանց հարցը և շարունակում է դա անել<...> Փետրվարի 4-ին կայացած քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հումանիտար հարցեր և բարձրացվել անհետ կորածների հարցը։ Անհետ կորած է համարվում 3890 մարդ, որոնցից 719-ը կանայք և երեխաներ են, քաղաքացիական անձինք»,-ասել է ադրբեջանցի նախարարը։ Ըստ նրա՝ Հայաստանի ԱԳ նախարարը խոստացել է համագործակցել այդ ոլորտում, սակայն ավելի ուշ, ըստ Բայրամովի, իրենք ականատես են եղել անտրամաբանական հայտարարությունների։ 

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է այն մասին, որ որևէ խոստում չի տրվել։ <...> Ադրբեջանը մշտապես և համառորեն կշարունակի զբաղվել այդ հարցով։ Աշխարհի պետությունները պետք է այս ուղղությամբ ուժեղացնեն ճնշումը Հայաստանի վրա»,- եզրափակել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսակապով հանդիպումը։ Դրան մասնակցել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ հայկական կողմը համաձայնվել է տեղեկություններ տրամադրել Արցախյան I պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցիների և նրանց զանգվածային գերեզմանների տեղակայման մասին։ Հանդիպումից երեք օր անց՝ փետրվարի 7-ին ադրբեջանական կողմը Հայաստանին վերադարձրեց 8 ռազմագերիների։ 

Ազգային ժողովում փետրվարի 9-ին Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անհետ կորածներից խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայկական կողմը վերջին մեկ տարում Ադրբեջանին է վերադարձրել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի աճյուն, առաջիկա օրերին կփոխանցվի ևս երկու մարմին»,- նշել էր Փաշինյանը։ 

Նրա խոսքով` Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորածներ:

«Ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորածներ ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի խոսքով` հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել է առանց նախապայմանների:

«Մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: Նույնպես վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որ դա չդառնա սակարկության առարկա: Որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք»,- ասաց Փաշինյանը:

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter