HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնը տեսակապով հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակապով հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ 

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուրբաթօրյա տեսակոնֆերանսը հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի միջնորդական մոտեցման մաս, որն իրականացվում է Եվրոպական խորհրդի նախագահի հետ համակարգմամբ և ուղղված է երկխոսության խրախուսմանն ու հումանիտար միջոցների և վստահության վերականգնման միջոցների համատեղ իրականացման ապահովմանը։

«Նախագահ Մակրոնը և նախագահ Միշելը վերահաստատել են իրենց լիակատար հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և վստահության ձևավորմանն ուղղված ջանքերին։

Նրանք ամփոփեցին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից հետո ձեռք բերված առաջընթացը, մասնավորապես՝ պահվող անձանց վերջին ազատ արձակումները, անհայտ կորածների որոնման համատեղ ջանքերը, ինչպես նաև երկաթուղային գծերի առաջիկա վերականգնումը:

Պետությունների և կառավարությունների ղեկավարները համակարծիք էին, որ այս հանդիպումը արժեքավոր հնարավորություն էր՝ քննարկելու հարցերի լայն շրջանակ։

ԵՄ-ն և Ֆրանսիան հավատարիմ են մնում այլ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ աշխատելու սկզբունքին՝ բարգավաճ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ, հաղոդրագրություն է տարածել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմը։ «Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։

Վերջին անգամ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպել էր 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Նույն օրը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին նաև Շառլ Միշելի հետ։ 

Հանդիպումը հաջորդել էր նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը, որի ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները հանդիպել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Բրյուսելում հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։ 

«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում կազմակերպել։ Առաջնորդները համաձայնել են Բրյուսելում անցկացնել հանդիպում՝ տարածաշրջանային իրավիճակի և լարվածության հաղթահարման ճանապարհների քննարկման համար»,- նշվում էր հաղորդագրության մեջ։ 

Կողմերը պայմանավորվել էին նաև ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով՝ միջադեպերից խուսափելու համար։

Լուսանկարը՝ AFP 2022 / YOAN VALAT

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter