
Փաշինյանն ու Ալիեւը դեկտեմբերին կհանդիպեն Բրյուսելում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցներից հետո, համաձայնության են եկել դեկտեմբերի 15-ին հանդիպել Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերություն գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ Շառլ Միշելն այդ մասին գրառում է արել նաև թվիթեր իր միկրոբլոգում։
«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կազմակերպել։ Առաջնորդները համաձայնել են Բրյուսելում անցկացնել հանդիպում՝ տարածաշրջանային իրավիճակի և լարվածության հաղթահարման ճանապարհների քննարկման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի դրանից, հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով՝ միջադեպերից խուսափելու համար։
Նոյեմբերի սկզբից ի վեր ռուսական կողմը հայտարարում էր, որ նախապատրաստվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպում։ Սակայն չէր նշվում, թե երբ է այն նախատեսվում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշում էին, որ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը:
Վերջին օրերին բավական լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում։ Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները, ապօրինաբար հատելով սահմանը, առաջ են եկել ՀՀ արևելյան հատվածում։ Ադրբեջանական թիրախի տակ է հայտնվել Երևան-Կապան ավտոճանապարհը։
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական գործողությունները սկսվել էին ադրբեջանական սադրանքի արդյունքում։ Հայկական կողմը հայտարարել էր, որ դիմելու է Ռուսաստանին օգնության համար։
«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ նրա՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կլինի վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նույն օրը՝ ժամը 18:30-ից սկսած, ռուսական կողմի միջնորդության արդյունքում, կողմերը դադարեցրել էին մարտական գործողությունները։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Մեկնաբանել