
Լավրովը վստահ է, որ կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը
Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը կկայանա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։ Այդ մասին ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հանդիպման համար անհրաժեշտ է համաձայնություն, որպեսզի բոլոր նրանք, որոնք պատրաստվում են հանդիպել, համաձայնվեն դրա հետ։ Ես վստահ եմ, որ այդպիսի հանդիպում կկայանա»,- նշել է նա։
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ դեռևս նախատեսված չէ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպում։ Նրա խոսքով՝ եռակողմ շփումների համար անհրաժեշտ է համաձայնություն և բոլոր կողմերի պատրաստակամություն։
Վերջին օրերին բավական լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում։ Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները, ապօրինաբար հատելով սահմանը, առաջ են եկել ՀՀ արևելյան հատվածում։ Ադրբեջանական թիրախի տակ է հայտնվել Երևան-Կապան ավտոճանապարհը։
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական գործողությունները սկսվել էին ադրբեջանական սադրանքի արդյունքում։ Հայկական կողմը հայտարարել էր, որ դիմելու է Ռուսաստանին օգնության համար։
«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ նրա՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կլինի վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նույն օրը՝ ժամը 18:30-ից սկսած, ռուսական կողմի միջնորդության արդյունքում, կողմերը դադարեցրել էին մարտական գործողությունները։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել