HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դմիտրի Պեսկով. «Եռակողմ հանդիպումը նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակոնֆերանսի ձևաչափով գագաթնաժողովը նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Իրոք, մենք հաստատել ենք, որ աշխատանքներ են իրականացվում այդպիսի հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, սակայն այստեղ մենք ցանկանում ենք նշել, որ դեռևս հստակ պայմանավորվածություններ և ըմբռնում, թե երբ նման գագաթնաժողով կարող է կայանալ, չկա։ Այդ աշխատանքը շարունակվում է»,- նշել է Պեսկովը։

Նախօրեին «Интерфакс»-ի հարցին ի պատասխան՝ Պեսկովը հայտնել էր, որ տեսակոնֆերանսի ձևաչափով կարող է կայանալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում։ Интерфакс-ի աղբյուրների տվյալներով էլ՝ առցանց ձևաչափով նախատեսվող հանդիպումը տեղի կունենա այս շաբաթվա սկզբին։

Ավելի վաղ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էին, որ դեռևս չկա որևէ տեղեկատվություն Ալիևի և Փաշինյանի միջև որևէ հանդիպման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը, պատասխանելով իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, հայտարարել էր. «Այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, պարբերաբար, քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և, ենթադրաբար, նման հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում, բայց անդրադառնալով եղած հրապարակումներին` ուզում եմ ասել, որ այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում»: 

Ջեյհուն Բայրամովը ևս նշել էր, որ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ «Ադրբեջանական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից։ Մենք մշտապես արձագանքել ենք բանակցությունների կոչերին․․․․ Մենք միշտ պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները՝ միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա»,- հայտարարել էր Բայրամովը։

Նոյեմբերի 9-ին կլրանա Արցախում մարտական գործողությունների դադարեցման մեկ տարին։ 2020 թվականի հենց այդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով փաստացի ձևակերպվեց Ադրբեջանի հաղթանակն այդ պատերազմում։ Բաքուն ոչ միայն կարողացավ ստանալ նախկին ԼՂԻՄ հարակից շրջանները, այլև բռնազավթեց Հադրութն ու Շուշին։

Լուսանկարը՝ Regnum գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter