
Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասին Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունը։
«Նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին՝ անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում»,- ՌԴ ԱԳՆ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։ Նրա խոսքով՝ դա Լուկաշենկոյի տեսլականն է։
Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, ապա այն, Զախարովայի խոսքով, փակ միավորում չէ, ենթադրում է մասնակից մյուս երկրների միավորման հնարավորություն։ «Այդ տեղեկատվությունը վաղուց հայտնի է, որևէ գաղտնիք չկա»,- եզրափակել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Միութենական պետության կազմում նոր երկրների հնարավոր միավորման մասին, ակնարկել էր, որ Հայաստանը մեծ հավանականությամբ կմիանա դրան, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին քննարկման թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից դրդված, առաջին հերթին տնտեսական, նույնպես կմիանան»,- հայտարարել էր Լուկաշենկոն:
Լուկաշենկոյի հայտարարությունը մեծ արձագանք էր ստացել հայաստանյան ներքաղաքական օրակարգում։ Նախ, խորհրդարանում պատգամավորները կոշտ արձագանքել էին Բելառուսի նախագահին՝ հայտարարելով «իսկ ո՞ւմ է պետք Լուկաշենկոն»։
Այնուհետ հայտարարություն էր տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հրավիրվել ԱԳՆ։
«Մեր խորին համոզմամբ` այս ձևակերպումներն ուղղված են սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, արտաքին քաղաքական օրակարգի հետ որևէ առնչություն չունեն: Այո՛, երեկ դեսպանը կանչվել է նախարարարություն, որտեղ դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքները, որ միմյանց մասին հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա և հաշվի առնեն միմյանց շահերը»,- Ազգային ժողովում հայտարարել էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել