
Գարիկ Սարգսյանի վարորդն անվճար երթուղու «Գազելն» է վարում
Արդեն երկու օր է Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է անվճար միջհամայնքային երթուղի, որն ապահովում է Վեդի համայնքի բնակավայրերի միջև տրանսպորտային կապը։ Երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի ծառայողական ավտոմեքենայի վարորդն է:
Քաղաքացիները նշված լուրի «ֆեյսբուքյան» գրառման տակ մեկնաբանություններ էին թողել՝ հիշեցնելով, որ ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը չի կարելի բարեգործություն կատարել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։
Գարիկ Սարգսյանը «Հետք»-ի զրույցում ասաց, որ անվճար երթուղու սպասարկումը որևէ առնչություն չունի առաջիկայում սպասվող ընտրական գործընթացների հետ և չի կարող ընկալվել որպես պաշտոնական դիրքի օգտագործում:
Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ Գարիկ Սարգսյանը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Վեդու ընտրություններում ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06 %, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 38,21 %, իսկ «Հանրապետությունը»՝ 16,39 %: Քանի որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չուներ, իսկ կոալիցիա ձևավորել չհաջողվեց, իշխանությունները որոշեցին նոր ընտրություններ անցկացնել:
2021թ. դեկտեմբերի 16-ին թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու անդամի թեկնածուների գրանցումը: Վերջիններս ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել՝ նպատակ ունենալով Վեդիում անցկացնել նոր ընտրություններ:
Հունվարի 4-ին կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
Արտահերթ ընտրություններ նշանակելուց մեկ օր անց՝ հունվարի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Նա դարձյալ առաջադրվելու է Վեդի համայնքի ավագանու ընտրություններում, ուստի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելն ընկալվում է որպես վարչական ռեսուրսի կիրառմամբ, ամեն գնով նրան համայնքի ղեկավար դարձնելու փորձ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2022թ. հունվարի 10-ի արտահերթ նիստով որոշել է Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացնել մարտի 27-ին:
Գարիկ Սարգսյաի պարզաբանմամբ, միասնական երթուղային ցանցի մրցույթն անցկացվել է, սակայն գործարկելու համար 6-ամսյա ժամկետ է տրված, որպեսզի հաղթողը տրանսպորտային միջոցներ ձեռք բերի:
«Այժմ մենք բաց երթուղիներ ունենք, գյուղերը Վեդիի հետ կապելու խնդիր կա, դրա համար որոշել ենք անվճար երթուղի շահագործել: Մենք չենք կարող վճարովի ծառայություն մատուցել, համայնքը չի կարող շահույթ հետապնդել»,-ասում է Գարիկ Սարգսյանը:
Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ անվճար երթուղին լուրջ ծախսեր չի նախատեսում և դրա համար «չարժեր նույնիսկ քաղաքացիներից գումար վերցնել»: Նրա հավաստմամբ, օրական 3500 դրամի չափով գազի գումար է պահանջվում:
«Վարորդը իմ վարորդն է, որը ծառայողական ավտոմեքենան պիտի վարեր: Ես հրաժարվել եմ վարորդից, իմ մեքենան վարում է օգնականս: «Գազել» մակնիշի ավտոմեքենան էլ համայնքապետարանի ավտոմեքենան է»,-ասում է Գ. Սարգսյանը՝ հավելելով, որ երթուղին գործելու է միայն աշխատանքային օրերին, և ամսվա կտրվածքով վառելիքի ծախսը չի գերազանցելու 70.000 դրամը: Իսկ «Գազելի» վարորդը վարձատրվում է նույն դրույքաչափով, ինչ նախատեսված է համայնքի ղեկավարի վարորդի համար:
Մեկնաբանել