
Հայաստանի հավաքականը տարին սկսում է 92-րդ տեղում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման 2022 թ․ վարկանիշային առաջին ցուցակը։ Հայաստանի ընտրանին 1242 վարկանիշային միավորով պահպանել է 92-րդ հորիզոնականը 210 հավաքականների մեջ։
Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Արգենտինան, Անգլիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Դանիան, Նիդերլանդները։
Ազգերի լիգայի առաջիկա խաղարկությունում մեր ընտրանու գալիք մրցակիցներից Ուկրաինան 27-րդն է, Շոտլանդիան՝ 40-րդը, իսկ Իռլանդիան՝ 49-րդը։ Ընդ որում՝ բոլոր այս ընտրանիները նահանջել են դեկտեմբերյան վարկանիշային ցուցակի համեմատ։
Ինչպես հայտնի է, մարտի 24-ին Երեւանում կայանալու է Հայաստան-Մոնտենեգրո ընկերական մրցավեճը, իսկ մարտի 29-ին Օսլոյում տեղի կունենա Նորվեգիա-Հայաստան հանդիպումը։ Մոնտենեգրոն այս պահին ՖԻՖԱ-ի աղյուսակում 72-րդն է, իսկ Նորվեգիան՝ 45-րդը։
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ուկրաինան է, որն, ինչպես ասվեց, 27-րդն է, Ռուսաստանը 35-րդ տեղում է, Ուզբեկստանը՝ 85-րդ, Վրաստանը՝ 86-րդ, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։
Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 21-րդն է, Թուրքիան 39-րդն է, Վրաստանը, կրկնենք, 86-րդը, իսկ Ադրբեջանը՝ 121-րդը։
Մեկնաբանել