
Բայդենն ամերիկացիներին կոչ է արել անմիջապես լքել Ուկրաինան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բոլոր ամերիկացիներին, որոնք գտնվում են Ուկրաինայում, կոչ է արել լքել այդ երկիրը։ Այդ մասին ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ամերիկյան քաղաքացիները պետք է հիմա ևեթ հեռանան»,- հայտարարել է Բայդենը։ Նա նշել է, որ Ուկրաինայի հետ կապված իրավիճակում ԱՄՆ իշխանությունները գործ ունեն «ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ»։ «Ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Ջո Բայդենը նաև նշել է, որ որևէ պարագայում ամերիկյան զորքերին չի ուղարկի Ուկրաինա՝ տարհանելու ԱՄՆ քաղաքացիներին։ Բայդենի պնդմամբ՝ եթե նույնիսկ Վլադիմիր Պուտինն «այդքան հիմար գտնվի, որ ներխուժի (Ուկրաինա- խմբ․)», ապա ինքը բավականին խելացի է, որ ոչինչ չձեռնարկի, որը բացասաբար կարող է անդրադառնալ ամերիկյան քաղաքացիների վրա։ «Եթե ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, կսկսվի համաշխարհային պատերազմ»,- նշել է Բայդենը։
Փետրվարի 10-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը նաև հրապարակել էր իր խորհուրդները՝ խնդրելով իր քաղաքացիներին չմեկնել Ուկրաինա կամ անմիջապես լքել դրա տարածքը։ Պատճառը ռուսական հնարավոր հարձակման սպառնալիքն էր, ինչպես նաև COVID-19-ը։
Հունվարի վերջին Կիևում ԱՄՆ դեսպանությունը դիմել էր Պետքարտուղարությանը՝ խնդրելով թույլատրել աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքներին լքել Ուկրաինան, ինչը Պետքարտուղարությունը բավարարել էր։ Դրանից հետո Ուկրաինայից իրենց դիվանագետների մասնակի տարհանման մասին հայտարարել էին Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան և Ճապոնիան։
Լուսանկարը՝ AP / Andrew Harnik
Մեկնաբանել