HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը «ձևական է». տեղական թռչնամիս արտադրողները թույլ դիրքերում են

Հայաստանի թռչնաբուծարաններում արտադրված հավի միսը ներմուծված թռչնամսի հետ դժվարությամբ է մրցակցում։ Ներմուծվածն ունի գնային առավելություն, որի պատճառով տեղականը հետին պլան է մղվում։ Թռնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը տեղական արտադրողների նկատմամբ կառավարության ռազմավարությունը ոչ բավարար է համարում։ Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքի բարձրացումը իրավիճակը չի փրկում։

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով՝ 2021 թվականի Հայաստանում արտադրվել է 15 հազար տոննա հավի միս, նույն ընացքում ներմուծվել է 38 հազար տոննա։ Այլ խոսքով՝ 2.5 անգամ ավելի շատ ներմուծվել է, քան արտադրվել։ 

Եթե համարենք, որ ներմուծված և արտադրված հավի միսը ամբողջությամբ սպառվել է, ապա ստացվում է, որ 2021-ին սպառվել է մոտ 53 հազար տոննա թռչնամիս, որի միայն 29%-ն է ապահովել տեղական արտադրությունը։ Առհասարակ, վերջին հինգ տարիների տվյալները վկայում են, որ Հայաստանում սպառվող հավի մսի շուրջ 30%-ն է միայն տեղական արտադրությամբ բավարարվել, մնացածը՝ ներմուծվածի հաշվին է։ 

Հայաստանից հավի միս ինչպես 2021 թվականին, այնպես էլ նախորդող տարիներին չի արտահանվել։ 

Վերջին հինգ տարիներին Հայաստանում արտադրված հավի մսի ծավալները չեն գերազանցել 15.4 հազար տոննան։

Փոխարենը ներմուծումը շատ ավելի բարձր մակարդակում է եղել։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալներով՝  Հայաստան հավի միս է ներկրում շուրջ հինգ տասնյակ ընկերություն։

Ի դեպ, թռչնամիս ապրանքախումբը ներառում է ոչ միայն հավի միսը, այլև՝ բադի, հնդկահավի և սագի միսը, բայց նշված վերջին երեք տեսակների պահանաջարկը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում փոքր է։ Համեմատության համար՝ 2020 թվականին Հայաստան ներմուծված թռչնամսի 96%-ը եղել է հավի միս։  

Թե ինչու է Հայաստանում գերիշխող դիրքում ներմուծված թռչնամիսը և ոչ թե տեղականը, արտադրողներն ու կառավարությունը միանշանակ պատասխան ունեն՝ ներմուծվողը շարունակում է անհամեմատ ավելի էժան լինել։ Դրսում արտադրանքի ինքնարժեքն ավելի ցածր է։ 

Տեղական արտադրողներն էլ դժվարությամբ են մրցակցում ներմուծողների հետ։ 

«Հայատանի թռչնաբուծության զարգացման համար ոչ մի դրական տեղաշարժ չկա։ Պայմանականորեն, եթե Ռուսաստանում հավի կերի՝ ցորենի մեկ տոննան արժե 100 դոլար, երբ այն հասնում է Հայաստան, դառնում է մոտ 200 դոլար։ Գազի գնի առումով ևս տարբերությունը մեծ է, ու այդ ամենն ազդում է Հայաստանում արտադրված թռչնամսի ինքնարժեքի վրա։ Հետևաբար, Ռուսաստանում արտադրված թռնամիսն ավելի էժան է»,- «Հետքի» հետ զրույցում նշում է Հայաստանի թռչնաբույծների միության վերլուծաբան Տիգրան Առաքելյանը։

Հայկական շուկայում կարելի է ներմուծված և տեղական հավի մսի ամենատարբեր գնային տեսականի գտել։ Ամենաէժանը ներմուծված սառեցված թռչնամիսն է, որը սովորաբար մասնատված է լինում։ Չնայած, որ մասնագետները մշտապես կասկածի տակ են առնում այդտեսակ մսի որակը, սակայն ակնհայտ է, որ Հայաստանում դրա պահանջարկը կա։ 

«Սոցիալապես անապահով խավ գոյություն ունի, և պահանջարկը բավականին մեծ է, դրա համար էլ երրորդ երկրներից, հատկապես՝ քվոտայով բերվող երկրներից այդ թռչնամիսը գնային մեծ առավելություն ունի հայկականի կողքին»,- ասում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Որպեսզի տեղական թռչնամիսը մրցակցային առավելություններ ունենա ներմուծվածի կողքին կամ գոնե հավասար մակարդակում լինի, ըստ Ստեփանյանի, հարկավոր է, որ կառավարությունն օգնի տեղական արտադրողներին։ Առաջին հերթին՝ բարձրացնելով մաքսատուրքրերը ներմուծողների համար և հանելով մաքսային արտոնությունները՝ քվոտաները։ 

Ներմուծվող թռչնամսի հետ մրցակցությունում տեղականը կարող է առավելություններ ձեռք բերել նաև ինքնարժեքի նվազման հաշվին։ «Ինքնարժեքի իջեցման առաջնային գործիքներից մեկը սեփական մայրական կազմ ունենալն է։ Այսօր մայրական կազմ ունեն միայն երկու-երեք թռչնաֆաբրիկաներ: Հիմա ներմուծվում է։ Ինչպես նաև գրեթե ամբողջությամբ ներմուծվում է կերը, որը ինքնարժեքի մեջ 60-65% է»,- ասում է Թռչնաբույծների միության նախագահը։ 

Ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը չի մեղմել տեղական թռրնաբուծարանների խնդիրները

Դեռևս նախորդ տարվանից հայտարարվեց, որ 2022 թվականից երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող թռչնամսի համար 80% մաքսատուրք է սահմանվելու։ Թեև կարող էր տպավորություն ստեղծվել, որ թռչնամսի ներմուծման մաքսատուրքի բարձրացումը Էկոնոմիկայի նախարարություն նոր ծրագրերի մի մասն է և նպատակ ուներ, թանկացնելով ներմուծվողը, խթանել տեղական արտադրությունը, սակայն իրականում դա Հայաստանի համար ԵԱՏՄ-ի շրջանակներում պարտադրված որոշում է։

Ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը վերաբերում է ոչ ԵԱՏՄ, այսինքն՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներին: 

Տեղական թռչնաբուծարանները, սակայն, մեծ հույսեր չեն կապում ներմուծման մաքսատուրքերի բարձրացման հետ, քանի որ գործնականում 80% մաքսատուրքը, ամենայն հավանականությամբ, չի տարածվելու ներմուծման վրա. ԵԱՏՄ-ից և Ուկրաինայից ներմուծվում է 0% մաքսատուրքով, իսկ մնացած երկրների համար քվոտավորման շրջանակներում 25% է լինելու։

  

Այսօր ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող թռչնամսի համար 0% մաքսատուրք է սահմանված և նշված բարձրացումը նրանց վրա չի ազդում։ 

Ներմուծվող թռչնամսի զգալի հատված էլ գալիս է Ուկրաինայից, որի հետ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում՝ նշված երկրից ներմուծված թռչնամսի համար մաքսատուրքը չի գանձվում, 0% է։ 

«Բացի դա, ԵԱՏՄ գործող կարգավորումների համաձայն՝ Հայաստանն օգտվում է սակագնային քվոտաներից, որի շրջանակներում երրորդ երկրներից ընտանի թռչնի միսը ներմուծվում է 25% մաքսատուրքով։ Հիմա ավելի քան 30 հազար տոննայի համար քվոտա է տրված, իսկ Հայաստանը երրորդ երկրներից դրանից քիչ է ներմուծում, այսինքն՝ բացի ԵԱՏՄ-ից և Ուկրաինայից, որոնց դեպքում 0% է, մյուս երկրների համար կգործի 25% մաքսատուրք, ոչ թե՝ 80%»,- նշում է Թռչնաբույծների միության վերլուծաբան Տիգրան Առաքելյանը։

Մեկ շաբաթ առաջ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է թռչնամսի շուկայի ուսումնասիրությունը, որտեղ նշվում է, որ ստացված վերջին տվյալներով՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան է ներմուծվել 30.8 հազար տոննա թռչնամիս, որի 44%-ը Ուկրաինայից է, 18%-ը՝ Ռուսաստանից։ 

Այսինքն՝ առնվազն 62%-ը ներմուծվել է 0% մաքսատուրքով։ 

Մնացած 38%-ը՝ 11.7 հազար տոննան եղել է քվոտավորված ներմուծում։ Թեև ամբողջ 2021 թվականի համար Հայաստանն իրավունք է ունեցել ներմուծել 44 հազար տոննա քվոտայի շրջանակներում, սակայ դրանից միայն 11.7 հազար տոննայի կարիքն է ունեցել։ 

«Կառավարությունը ավելի շատ հնարավորություններ է տալիս ներկրողներին, քան տեղական արտադրողներին։ Կառավարությանը դիմել ենք, ասել ենք, որ շուկան հավասարեցնելու, հավասար մրցակցություն ունենալու համար կա՛ մ պետք է քվոտան հանել, կա՛ մ Ուկրաինայից ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը բարձրացնել»,- ասում է Սերգեյ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ իրենց ևս առաջարկվել է ցանկության դեպքում մասնակցել քվոտավորված ներմուծմանը, սակայն տեղական արտադրողները կտրուկ դեմ են եղել։ 

«Մենք առ այսօր ոչ մի գրամ դրսից չենք ներկրել։ Գայթակղիչ է դրսից բերել ու էժան վաճառել։ Բայց եթե մենք դառնանք դրսից ներկրող, նշանակում է տեղական արտադրությունը դանդաղելու է, չի զարգանալու»,- շեշտում է Թռչնաբույծների միության նախագահը։ 

Ներմուծվող թռչնամսի մաքսատուրքերի բարձրացումը կարող է հանգեցնել ներմուծվող մսի գնի բարձրացմանը։ Այդ ժամանակ, տեղական թռչնամիսը կարող է ավելի մրցունակ դառնալ ներմուծվողի կողքին։ Սակայն, դրա գինը վճարելու է սպառողը՝ թանկացած միս գնելով։ Մյուս կողմից էլ, ամեն ինչ շթայական է։ Եթե տեղական արտադրությունը զարգանա, կարող են նոր աշխատետեղեր բացվել, նոր ներդրումներ հոսել, ինչը թույլ կտա նվազեցնել տեղական թռչնամսի ինքնարժեքն ու վաճառքի գինը։

«Իսկ այսօր, երբ բիզնեսմենը տեսնում է, որ տեղական թռչնաբուծարանները դժվարանում են ներմուծողների հետ մրցակցելիս և այսպիսի խնդիրներ կան, ինչո՞ւ պետք է ներդրումներ անի այս ոլորտում։ Թռնամսի տեղական արտադրության ոլորտում այսօր մոտ 2000 հոգի է աշխատում, միջին տարիքի կանայք են, հիմնականում՝ խոցելի շերտից։ Երբ թռչնաբուծարանները փակվեն, նրանք ու՞ր են գնալու»,- ասում է միության վերլուծաբան Տիգրան Առաքելյանը։ 

Ըստ նրա՝ տեղական արտադրությանը պետք է պատշաճ ուշադրության արժանացնել, հակառակ պարագայում՝ բացի աշխատատեղերի փակվելուց ու հարկերի նվազելուց, երկիրը թռչնամսի գծով պարենային անվտանգության խնդիր առաջ կարող է կանգնել՝ ամբողջությամբ կախված լինելով արտաքին շուկաներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter