Փաշինյանը հարցաքննվելու է քննիչ հանձնաժողովում, Արծրուն Հովհաննիսյանն էլ փորձագետ կլինի
Մեկնարկել են Արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքները: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտը, որը վերաբերում է ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալներին, արձանագրված անհաջողությունների քաղաքական ու ռազմական պատճառներին, զինվորական ղեկավար մարմինների ընդունած որոշումների օպերատիվությանը, դրանց համարժեքությանը ստեղծված ռազմական իրավիճակին, պատերազմի ընթացքում նյութատեխնիկական ապահովմանը, բանակցային գործընթացին, պատերազմի ավարտին:
Հանձնաժողովի իրավասության ոլորտն է պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, համապատասխան քննչական հարուցված քրեական գործերից տեղեկատվություն: Նիստերին հրավիրվելու են ներկա ու նախկին պաշտոնատար անձինք, զինվորականներ:
Նիստի սկզբում Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ մամուլից տեղեկացել է` ընդդիմությունը չի մասնակցելու աշխատանքներին և խնդրեց հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին պարզաբանել, քանի որ գրավոր ծանուցում չի ստացել այդ մասին: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով` գործող իշխանության կառավարման շրջանում օբյեկտիվ քննություն չի կարող լինել:
«Մենք համարում ենք, որ դրա աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը չլինի իշխանության»,- ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ ասաց` իր հիմնական նպատակներից մեկը պատերազմի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելն է, բայց այն քաղաքական ուժը, որի կառավարման շրջանում եղել է պատերազմ, կաշկանդված է, չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել:
Ապա հանձնաժողովի ընդդիմադիր անդամները լքեցին նիստերի դահլիճը: Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց` Ռոբերտ Քոչարյանը թույլ չի տվել ընդդիմադիրներին մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և իրենց հուզող հարցերն ուղղել պաշտոնյաներին, սա խոսում է «ընդդիմության որակի» մասին:
Նիստից հետո հանձնաժողովի իշխանական խմբակցության պատգամավորներն ասուլիսով հանդես եկան: Դիտարկմանը, որ այդպես էլ հանրությունը չծանոթացավ քառօրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի զեկույցին, չստացավ իր հարցերի պատասխանները՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն որոշակի վերապահումներ են ունեցել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության առնչությամբ:
«Հիմա արժե քննարկենք` այդ վերապահումները չեն փոխվել արդյոք, ենթադրում եմ՝ շատ հանգամանքներ փոխվել են, և եթե փոխվել են, ես ինքս կառաջարկեմ ԱԺ ղեկավարությանը` զեկույցն ամբողջությամբ հրապարակել, նաև տեսագրությունները»,- նշեց նա:
Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ասաց, որ ընդդիմությունը կարող էր քննիչ հանձնաժողովի հրավիրյալների ցանկ ներկայացնել, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջինը հրավիրել և հարցաքննել, սակայն չեն օգտվում այդ հնարավորությունից:
«Եթե օբյեկտիվությունից եք խոսում, բա դուք ո՞ւր եք, եկեք, ապահովեք այդ օբյեկտիվությունը, ասեմ ավելին` իրենք փող են ստանում պետությունից, և սա իրենց աշխատանքային պարտավորվածությունն է, որ գային մասնակցեին այս հանձնաժողովին ու դրա համար աշխատավարձ ստանային: Սա էլ է խրամատ, որոնք իրենք լքեցին, թող մանդատները դնեն, գնան, չմասնակցեն որևէ գործընթացի, իրենց այս գործողությունն ուղղված է պետության դեմ»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Արձագանքելով հարցին՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է հանձնաժողովում, դա վերջինիս ցանկությունն է:
ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այժմ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ է, հետաքրքրվեցինք`վերջինս քննիչ հանձնաժողովում որպես փորձագետ ներգավվելո՞ւ է, և արդյոք օբյեկտիվ աշխատանք կարող է տանել` հաշվի առնելով պատերազմի ընթացքում զբաղեցրած պաշտոնը:
«Արծրուն Հովհաննիսյանը մեր հանձնաժողովի փորձագետ է, աշխատում է շատ ոգևորված և էֆեկտիվ, տնօրինում է շատ մեծ տեղեկատվության: Դուք հիմա այն պատկերի շուրջ եք, որ Արծրուն Հովհաննիսյանի շուրջ փորձեցին ստեղծել… Արծրուն Հովհաննիսյանը որպես ՊՆ՝ էդ ժամանակ ինֆորմացիայի կրող, շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի նիստերի ընթացքում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Վահագն Ալեքսանյանն էլ հավելեց` Արծրուն Հովհաննիսյանն այն փորձագետն է, որ տարիներ շարունակ պնդել է` պետք է զարգացնել օդուժը, ու նրան լսողներ չեն եղել, շատ դեպքերում գրոտեսկային պատասխաններ են եղել պատկան մարմինների կողմից:
«Էնպես որ, նրա ընդհանուր փորձագիտական աշխատանքները զետեղված են իր գրքերում, որոնք խորհուրդ կտամ ուսումնասիրեք ու հասկանաք, որ մարդը շատ լավ տիրապետում է ռազմական արվեստին ու կարող է լինել շատ լավ փորձագետ»,- ասաց Ալեքսանյանը:
Նշենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է: Նիստերը լինելու են դռնփակ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել