HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարսի խճուղու վերջին տնակում լավ կյանքի հույսը չի մարում

Գյումրու Ղարսի խճուղու վերջնամասում գտնվող տնակից աջ ամայի դաշտեր են, իսկ դիմացը բացվում են անեզր թվացող գերեզմաններ։ Տարածքը լի է թափառող շներով։ Տնակի տիրուհին՝ Մարիամ Նազարյանը, հապշտապ դուրս է վազում ու ուղեկցում մեզ ներս։ Դրսից դեռ լսվում են շների հաչոցները։ Որպես խոհանոց, լոգարան և հյուրասենյակ ծառայող նեղլիկ սենյակի անհարթ հատակին դրված է փայտե վառարանը, կողքին նստած է Մարիամի 11-ամյա դուստրը։ Հարեւան սենյակից լսվում է մուլտֆիլմի երաժշտություն․ այնտեղ Մարիամի 7-ամյա որդին է։ Նա մեզ պատմում է իր սիրելի մուլտֆիլմերի մասին, ցուրտ սենյակում նրա ամեն բառի հետ գոլորշի է դուրս գալիս։

Ընտանիքի հայրը 4-5 տարի է՝ լքել է նրանց։ Պատճառը պարզելու համար հարցեր ենք տալիս Մարիամին։ Նա կցկտուր պատասխան է տալիս։

-Որովհետև երեխեքս մե քիչըմ խնդիրներ ունեին, այ էն դեղը կուդամ երեխեքիս,- մատնացույց է անում դիմացի սեղանին դրված դեղը։

-Ի՞նչ դեղ է,- փորձում եմ հասկանալ։

- Էպիլեպսիայի համար է,- ասում է Մարիամը՝ շրթունքները դողացնելով։

35-ամյա Մարիամ Նազարյանն ամուսնանալուց երկու շաբաթ անց ամուսնու հետ տեղափոխվել է այս տնակ, որը պատկանում է իր ընտանիքին։ 

Մարիամի հայրը վաղուց է մահացել։ Մայրը իրեն և եղբորը միայնակ է մեծացրել հենց այս տնակում։ Հետո Մարիամի ընտանիքը տուն է ստացել, որտեղ հիմա ապրում են եղբոր ընտանիքն ու մայրը, իսկ տնակը բաժին է հասել Մարիամին։

Ամուսնանալիս Մարիամին հայտնի չի եղել, որ ամուսինը, նրա եղբայրը ու այլ հարազատներ ևս հիվանդ են։ Մի անգամ նա տեսել է, թե ինչպես է ամուսնու եղբայրը ցնցման մեջ ընկնում, վախեցել է։ «Ես ըդպես բան չէի տեսե, չիդեի՝ ինչ է, շատ էի վախեցե։ Սկեսուրիս ըսեցի՝ ի՞նչ պատահեց, ինքը պահեց, ըսավ՝ բան էլ չկա»։

Այս դեպքից մի քանի տարի անց, երբ Մարիամի դուստրն արդեն 3 տարեկան էր, ցնցումներ է ունենում։ Մարիամը չի կռահում, թե ինչ կարող է պատահած լինել։ Երեխային տանում են բժշկի, որտեղ հայտնում են, որ երեխան հիվանդությունը ժառանգել է։ Սակայն, ինչպես Մարիամն է նշում, ամուսինը և սկեսուրը կտրականապես ժխտում են իրենցից ժառանգած լինելու վարկածը։

«Ես էդ ժամանակ արդեն զգացի, որ բանըմ էն չէ, տեգորս դեպքն էլ կհիշեի, բայց որ իրանք հաստատ կըսեին, թե մեզնից չէ, չիդեի արդեն, թե ինչ մտածեի»,- պատմում է Մարիամը։

Ամիսներ անց ամուսնու առողջական վիճակը վատացել է։ Մարիամը զգացել է նրա թուլությունը, գունատությունը։ «Մե օրըմ ատամնաբուժարանն էինք, ատամը քաշելու վախտ վատըցավ, ընկավ ցնցման մեջ, ես էլ բժշկի վրա կճվայի, թե ինչ սրսկեցիր, որ ըսպես եղավ, բժիշկն էլ, թե՝ աղջիկ ջան, իրանք էս խնդիրն ունին։ Դաժե բժիշկը գիտեր։ Էդ ժամանակ արդեն ամեն ինչ պարզ էր»,- ասում է Մարիամը։ 

Եղելության բացահայտվելուց հետո ամուսինների հարաբերությունները կտրուկ վատանում են։ Դեպքից շուրջ 4 տարի անց, երբ դուստրն առաջին դասարանում էր, իսկ որդին՝ 3 տարեկան, հայրը լքում է ընտանիքը։ «Մե օրըմ եկավ տուն, ըսեց՝ խոպան բդի երթամ։ Վեշերը հավաքեց ու գնաց»,- նշում է Մարիամը և հավելում, որ այդ օրվանից երեխաների համար ինքը և՛ մայր է, և՛ հայր։ «Ես իրանց ըսել եմ, որ եթե շատ մեծ ցանկություն կունենաք պապա ըսելու, ընձի ըսեք»,- ասում է նա։

Նա չի ցանկանում խոսել թե ինչպես է ծանոթացել ու ամուսնացել երեխաների հոր հետ, չի ցանկանում նշել անգամ նրա անունը․ «Որովհետև էդ մարդն իմ համար այլևս գոյություն չունի»։ 

Մարիամն արդեն 5-րդ տարին է՝ միայնակ է մեծացնում իր զավակներին։ Հարցին, թե ինչպես է կարողանում, պատասխանում է, որ իր ուժն իր երեխաներն են․ «Ես օր վատ կեղնիմ, իրանք միամգամից կզգան, ըդուր համար ես միշտ ընձի ձիգ կպահեմ»։

Ընտանիքը միայն 28 հազար դրամ նպաստ է ստանում։ Մարիամը ցանկանում է, որ երեխաներին թոշակ տան։ Իսկ թոշակ նրանք կարող են ստանալ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ստանալու դեպքում, այսինքն՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմինների կողմից նրանց հաշմանդամությունը ճանաչելու դեպքում։

Ձմռան վառելափայտը սուղ է, Մարիամի խոսքով՝ մի քանի անգամ դիմել է Գյումրու քաղաքապետարան, սակայն վառելիք չեն տրամադրել։ Նախորդ տարի Շիրակի մարզպետարանն է տրամադրել, իսկ այս տարի ընտանիքին վառելափայտ է տվել «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը։

Մինչ երեխաների ծնունդը, Մարիամն աշխատել է որպես ծառեր մշակող, հիմա նրա զբաղմունքն իր երեխաներն են։ Ասում է՝ սիրում է կենդանիներ պահել, ու դա միակ բանն է, որ երեխաներին խնամելուն զուգահեռ հասցնում է անել։ Դուրս է գալիս տնակից՝ ցույց տալու իր ձեռքով պատրաստած երկաթե գոմը, որտեղ հավ, բադ ու խոզ է պահում։

Երեխաների կրթությունը Մարիամի համար առաջնային է։ Նա «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ է տանում երեխաներին, որտեղ օգնում են դասապատրաստման հարցում, նաև հոգեբանական աջակցություն են տրամադրում։ Մարիամն ասում է՝ ոչ մեկի հետ չի շփվում, միայն Կենտրոնի աշխատակիցներն են իր համար քույրեր դարձել, անգամ երեխաներին Երևան հետազոտությունների տանելիս աշխատակիցներից մեկը միշտ ուղեկցում է Մարամին։ Նա նշում է, որ երեխաների առողջական վիճակը լավացել է այն դեղից հետո, որը նշանակել են Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ Դեղը Մարիամն անվճար է ստանում, բայց երբ չի լինում, ստիպված գնում է․ այն արժի մոտ 12 հազար դրամ։ «Գուզեմ խելացի երեխեք մեծցնեմ, որ ես ըսքան կպայքարեմ, հետո իրանք էլ կռնանան պայքարեն, բայց ես հմի ամեն ինչով իրանց կողքն եմ»,- ասում է նա։

- Ի՞նչ երազանք ունեք,- հարցնում ենք։

- Երազանքս էն է, որ երեխեքս լավ էղնին, էս տնակն էլ քիչմ սարքվի, ուղղակի ես չեմ կռնա թե՛ ֆիզիկապես, թե' ֆինանսապես։ Բայց հլը որ ես հեչ բանից չեմ կտրե հույսս,- ասում է Մարիամը։

Մեկնաբանություններ (3)

Gjalt Voolstra
Yesterday (monday febr 21) the Famtofam foundation (www.famtofam.nl) brought the family food and wood.
john
to Zevart : Who is Alen "the BMW" ?
Zevart
Would like to see Alen “the BMW” donate money to these poor folks.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter