HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմավիայի» նախկին օդանավի նոր տերն այն դուրս է բերել «Զվարթնոցից»

Նոյեմբերին համացանցում տարածվեցին տեսանյութ եւ լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես է «Արմավիա» ավիաընկերության նախկին օդանավերից մեկը վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվում «Զվարթնոց» օդանավակայանի աերոդրոմի տարածքից դուրս: Ավիատորների եւ ավիացիայով հետաքրքրվողների շրջանում սա ընդունվեց ոչ միանշանակ՝ միաժամանակ առաջ բերելով տարբեր հարցեր:

Այն բանից հետո, երբ «Արմավիան» 2013 թ. գարնանը դադարեցրեց թռիչքային գործունեությունը, այս ինքնաթիռը կանգնած էր «Զվարթնոցում», իսկ երբ 2014-ի հոկտեմբերին նախկին ազգային ավիափոխադրողը սնանկ ճանաչվեց, ու 2015-ի ապրիլին դատարանը սկսեց նրա լուծարման վարույթը, օդանավը, ի թիվս «Արմավիայի» այլ գույքի, դրվեց աճուրդի:

1999 թ. արտադրված եւ 50 հոգու համար նախատեսված «CRJ 200LR» օդանավը գործարար Միխայիլ Բաղդասարովի «Արմավիան» ձեռք էր բերել ու Երեւան տեղափոխել 2009-ի սեպտեմբերին: Մինչ այդ բորտը շահագործվել էր գերմանական գիգանտ «Lufthansa»-ի դուստր «Lufthansa CityLine»-ի կողմից: Ինքնաթիռը ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվեց 2009 թ. սեպտեմբերի 28-ին որպես EK-20014 ու ստացավ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անունը: Թե՛ շահագործողը, թե՛ սեփականատերը «Արմավիան» էր: Ընդ որում՝ սա ընկերության առաջին սեփական «CRJ 200»-ն էր (մինչ այդ՝ 2009-ի օգոստոսին, Բաղդասարովի թիմը վրացական «Georgian Airways»-ից վարձակալել էր նման օդանավ, սակայն արդեն դեկտեմբերին այն վերադարձրեց վրացական կողմին):

Բաղդասարովը հայտարարեց, որ ռեգիոնալ թռիչքների համար նախատեսված այս տիպի օդանավի ձեռքբերման նպատակը տոմսերի գների նվազեցումն ու սեփական ծախսերի կրճատումն է, քանի որ, օրինակ, ձմռանը մինչեւ 50 հոգի տեղափոխելն ավելի ձեռնտու է այս օդանավով, քան ավելի քան 100 հոգի տեղավորող «Airbus»-ով: Ըստ սեփականատիրոջ՝ «CRJ 200LR»-ը թռչելու էր դեպի Մինվոդի, Ստավրոպոլ, Վորոնեժ, ինչպես նաեւ նոր բացված ուղիներով՝ Ցյուրիխ, Հռոմ, նաեւ Աթենք (առավելագույն բեռնվածության պայմաններում ինքնաթիռը կարող է անցնել 3150 կմ): «Այս ինքնաթիռը բացի նրանից, որ ունի ուղեւորների փոքր թիվ, շատ հարմար է նոր չվերթերի բացման համար, երբ ուղեւորները դեռ չգիտեն, որ բացվել է նոր չվերթ, ու դրա համար քչերն են թռչում»,- բացատրել էր Միխայիլ Բաղդասարովը, ապա հավելել, որ եթե ուղեւորները շատանան, մինչեւ 100 հոգու դեպքում գործի կդնեն «Sukhoi Superjet 100» տիպի օդանավ (որից դեռ չէին ստացել), իսկ 100-ից ավել հոգու դեպքում՝ «Airbus»:

Հետագայում «Արմավիան» իր ավիապարկը համալրեց եւս 2 հատ «CRJ 200LR»-ով, բայց սնանկանալիս դրանք այլեւս ընկերության տրամադրության տակ չէին:

Բայց մինչեւ 2014 թ. հոկտեմբերին սնանկ ճանաչվելը «Արմավիայի» EK-20014 բորտը նույն տարվա ամռանը հանվել էր վաճառքի, որի մասին հայտարարությունը տարածվել էր grav.am կայքում ու սոցցանցային տիրույթում: Վաճառողն «Ամերիաբանկն» էր, հօգուտ որի գրավադրված էր օդանավը: Բանկից հայտնել էին, թե քանի որ ավիաընկերությունը չի կարողանում վճարել վարկը, իրենք վաճառքի են հանել գրավադրված գույքը: Grav.am-ում օդանավի համար բանկը պահանջում էր 700 մլն դրամ (այն ժամանակվա փոխարժեքով՝ 1.462.000 դոլար) եւ հավելում, որ այն ձեռք բերելու համար կարող է տրամադրել ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկ: Այդուհանդերձ, «Ամերիաբանկը» չկարողացավ իրացնել այս գույքը, եւ այն վաճառքի հանվեց սնանկության գործով աճուրդում:

Համաձայն «Արմավիայի» սնանկության գործի՝ «Ամերիաբանկը» գրավով ապահովված 1,25 մլն դոլարի պահանջ ունի ավիաընկերությունից: Այս բանկում գրավադրվել էր ոչ միայն նշված ինքնաթիռը, այլեւ Երեւանի Կիլիկիա թաղամասում գտնվող «Դիլիջան Ֆրոլովա» հանքային ջրերի գործարանը, որը չնայած պատկանում էր Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» օֆշորային ընկերությանը, գրավադրվել էր «Արմավիայի» պարտավորությունների կատարման ապահովման համար: Առաջ անցնելով՝ նկատենք, որ սնանկության աճուրդում թե՛ օդանավը, թե՛ գործարանը օտարվել են:

2015-ին, երբ հայտարարվեց «Արմավիայի» լուծարման վարույթի մասին, եւ վերջինիս գույքը դրվեց աճուրդի, Սերգեյ Մերգելյանի անունը կրող ինքնաթիռը վաճառվում էր 364.500.000 դրամով (այն ժամանակվա փոխարժեքով՝ շուրջ 760 հազ. դոլար): Ավիաընկերության սնանկության գործով նախկին կառավարիչ Կարեն Ասատրյանը երկար ժամանակ փորձում էր իրացնել օդանավը, որի վրայից բացակայում էին աջակողմյան շարժիչն ու ղեկավարման սրահի որոշ կարեւոր համակարգեր: Պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքում վերջին անգամ 2018-ի հոկտեմբերին էր Կ. Ասատրյանը հայտարարել օդանավի աճուրդի մասին: Ընդ որում՝ սա «Արմավիայի» գործով վերջին լոտն էր: Աճուրդը նշանակվել էր 2018-ի նոյեմբերին, մեկնարկային գինը սահմանվել էր 54 մլն դրամ (մոտ 111 հազ. դոլար): Դրանից հետո որեւէ ինֆորմացիա չկար այս բորտի վաճառքի մասին:

Հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է ունեցել ինքնաթիռը, վերջերս հարցում էինք ուղարկել «Ամերիաբանկ», որի իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը մեզ փոխանցել է, որ 2018-ի նոյեմբերին օդանավն աճուրդով իրացվել է երրորդ անձի, որի անունը, սակայն, չի նշել: «Նշված աճուրդային վաճառքից ստացված գումարը սնանկության գործով կառավարչի կողմից գործող օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղվել է բանկի հանդեպ ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների մասնակի մարմանը»,- հայտնել է Դ. Սարգսյանը:

Նույնիսկ իրացվելուց հետո ինքնաթիռը կանգնած էր «Զվարթնոց» օդանավակայանի աերոդրոմի տարածքում՝ չօգտագործվող ինքնաթիռների հարեւանությամբ (տես գլխավոր լուսանկարում): Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացել ենք, որ EK-20014-ը օդանավերի հայկական ռեգիստրից հանվել է 2019-ի ապրիլի 22-ին՝ հաշվի առնելով, որ վերջին 3 տարվա ընթացքում չի ունեցել պիտանիության սերտիֆիկատ: Բայց այնպես չէր, որ օդանավը նման սերտիֆիկատ չուներ միայն վերջին 3 տարիներին: Բանն այն է, որ եթե ռեգիստրում նշված է, որ օդանավը հանդիսանում է գրավի առարկա, ապա այն չի հանվում ռեգիստրից՝ առանց գրավառուի գրավոր համաձայնության: Թերեւս, սրանով կարող ենք պայմանավորել այն, որ 2013-ից չշահագործվող EK-20014-ը եւս 6 տարի մնացել է ռեգիստրում:

«Զվարթնոց» օդանավակայան․ 06.03.2021

«Հետքի» աղբյուրը հայտնել է, որ 2021 թ. նոյեմբերի 11-ին «Արմավիայի» նախկին օդանավի նոր սեփականատերը դիմել է «Զվարթնոցի» կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին՝ հայտնելով, որ ցանկանում է օդանավը տեղափոխել: Այդ նպատակով որոշվել է այն դուրս բերել աերոդրոմի հատուկ վերահսկելի գոտուց, քանդել եւ տեղափոխել մաս-մաս: Տարածված տեսանյութում երեւում է, որ վերամբարձ կռունկը «CRJ 200LR»-ը տեղափոխում է աերոդրոմի պարսպից դուրս: Ինչպես «Հետքին» հայտնել է քաղավիացիայի կոմիտեն, ինքնաթիռը գտնվում է «Զվարթնոցի» բեռնային համալիրին հարող տարածքում՝ ազատ գոտում, ցանկապատված տարածքում: Նշվածը կարող ենք տեսնել նաեւ արբանյակային պատկերի միջոցով:

«Զվարթնոց» օդանավակայան․ 14.11.2021

Ավիացիայի ոլորտում մեր աղբյուրը փոխանցել է, որ «CRJ 200LR»-ի նոր տերը «Բարձունք Էյ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը հիմնադրվել է 2017-ին Արարատի մարզի Մրգավետ գյուղում տեղի բնակիչ Արամ Աբրահամյանի կողմից որպես «Ասկառո» ՍՊԸ: Անվանափոխվել ու Երեւան է տեղափոխվել 2019-ին, երբ վաճառվել է ներկա տիրոջը՝ երեւանցի Տիգրան Գյոզալյանին: Ներկա տնօրենը մեկ այլ երեւանցի է՝ Արմեն Դարբինյանը: «Բարձունք Էյ» ՍՊԸ-ի մասին համացանցում ինֆորմացիա գրեթե չկա: ՊԵԿ-ի տվյալներից տեղեկանում ենք, որ ընկերության գործունեության տեսակը սեփական անշարժ գույքի առքուվաճառքն է, բացի դրանից՝ վերջինս 2019-ին ու 2020-ին ներառվել է հարկային վնասներ հայտարարագրած հարկատուների ցանկում:

Վերադառնալով «Արմավիային»՝ նշենք, որ չնայած «CRJ 200LR»-ը աճուրդում իրացված վերջին լոտն էր, մինչ օրս նախկին ազգային ավիափոխադրողի սնանկության գործը չի ավարտվել։ Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքի համաձայն՝ 2021 թ․ ապրիլին սնանկության գործով նախկին կառավարիչ Կարեն Ասատրյանին փոխարինել է Արտաշես Փարսադանյանը, սակայն գործն ավարտելու համար անհրաժեշտ է, որ կառավարիչը կազմի վերջնական հաշվետվություն եւ համապատասխան միջնորդություն ներկայացնի դատարան, որն իր հերթին, բավարարելով միջնորդությունը, կհայտարարի գործի ավարտի ու «Արմավիայի» լուծարված լինելու մասին։

Գլխավոր լուսանկարում՝ «CRJ 200LR»-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում, 21.05.2021, հեղ․՝ Չեմա Գոմես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter