HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» սնանկության գործերով մնացել է վաճառել մեկական լոտ

Անկախությունից հետո սնանկացած ուղեւորափոխադրող 3 ավիաընկերությունները՝ «Հայկական ավիաուղիները», «Արմավիան» եւ «Էյր Արմենիան», շարունակում են իրենց դանդաղ ընթացքը դեպի լուծարում: Հիշեցնենք, որ 3 ընկերություններն էլ գտնվում են լուծարման գործընթացում, ավելի կոնկրետ՝ ներկա փուլում աճուրդներով վաճառվում է նրանց գույքը՝ բավարարելու պարտատերերի պահանջները: Սակայն աճուրդները տեւում են տարիներ, քանի որ գույքը չի վաճառվում գնորդ չլինելու պատճառով, իսկ որպես հետեւանք ընկերությունները տարիներ անց դեռ չեն լուծարվել:

«Հայկական ավիաուղիներ»

2004-ի մարտին սնանկ ճանաչված «ՀԱՈւ»-ի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը փորձում է աճուրդով վաճառել Սեւան քաղաքի Երեւանյան խճուղու վրա գտնվող երկու հողամասերի (5,903 եւ 5,78 հա մակերեսներով) կառուցապատման իրավունքը, որոնք պատկանում են նախկին պետական ավիաընկերությանը: Եթե 2013-ին դրանց գները համապատասխանաբար 236 մլն եւ 260 մլն դրամ էին, ապա ներկայում գներն իջել են մինչեւ 60 մլն եւ 66 մլն դրամ: Գուցե մի օր այս հողերը կառուցապատելու «ՀԱՈւ»-ի իրավունքը հաջողվի վաճառել, սակայն գրեթե 100 տոկոսով կարող ենք ասել, որ չի վաճառվելու Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 2004-ից ի վեր կանգնած «Իլ-86» (հայկական գրանցումը՝ EK-86117) ինքնաթիռը, որը փաստացի դարձել է մետաղաջարդոն, ավելին՝ կայանման համար հսկայական պարտքեր է կուտակել, որոնք մի քանի անգամ գերազանցում են դրա արժեքը: Բացի կուտակած պարտքերից՝ օդանավը վաճառելու փորձ չի արվում նաեւ այն պատճառով, որ դրա համար նախ պետք է որոշել ինքնաթիռի արժեքն այս պահին, այնինչ վերջինս ապրել է իր դարը, ու նաեւ նման տիպի օդանավերը դուրս են եկել շահագործումից, այսինքն՝ անիմաստ է որեւէ ջանք ներդնել օդանավի այժմյան արժեքը որոշելու եւ աճուրդի դնելու ուղղությամբ: Ըստ azdarar.am կայքի՝ վերջին անգամ կառավարիչ Գ. Բարխուդարյանը 2 հողամասերի կառուցապատման իրավունքի աճուրդի մասին հայտարարություն տարածել է 2019-ի սեպտեմբերին:  

«Արմավիա»

2014-ի հոկտեմբերին սնանկ հայտարարված «Արմավիայի» գործով գույքի աճուրդը եւս «խցանված» վիճակում է, չնայած պետք է ասել, որ մնացել է միայն մեկ լոտ, մնացած գույքը («Դիլիջան Ֆրոլովա» գործարան, «Ծաղկատուն» հանգստյան տուն եւ հյուրանոց, նյութական միջոցներ) անցած տարիներին հաջողվել է վաճառել: Միակ լոտը «Արմավիայի» կազմում շահագործված «CRJ 200LR» ինքնաթիռն է (նախկին հայկական գրանցումը՝ EK-20014), որը կայանված է «Զվարթնոցում» 2013-ից ի վեր, երբ ավիաընկերությունը դադարեցրեց գործունեությունը: Օդանավն այժմ վաճառվում է 54 մլն դրամով, չնայած 2015-ին դրա գինը 364 մլն էր: 1999 թ. արտադրության ինքնաթիռի վրա բացակայում է աջակողմյան շարժիչը, ղեկավարման սրահում էլ չկան որոշ կարեւոր համակարգեր: Ըստ azdarar.am-ի՝ «Արմավիայի» սնանկության գործով կառավարիչ Կարեն Ավետիսյանը վերջին անգամ այս լոտի աճուրդի մասին հայտարարություն տարածել է 2018-ի հոկտեմբերին:

Ինչպես տեղեկանում ենք azdarar.am-ից, Կ. Ասատրյանը 2018-ի տարեվերջին եւ 2019-ի տարեսկզբին «Արմավիայի» գույքի վաճառքից գոյացած միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրը դեպոնացնելու միջնորդություններ է ներկայացրել դատարան: «Սնանկության մասին» օրենքը նշում է, որ պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են սնանկության հատուկ հաշվին, իսկ հետո բաշխվում են օրենքով սահմանված հերթականությամբ՝ կառավարչի կողմից հաստատված եւ պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Ընդ որում՝ ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման եւ փոխանցման ծախսերը, ինչպես նաեւ կառավարչի վարձատրությունը:

Միջանկյալ բաշխման ծրագիրը կառավարիչը ներկայացնում է դատարան՝ մեկական օրինակ տալով պարտապանին եւ պարտատերերին, բայց եթե պարտատերերը 10-ից շատ են, կառավարիչը բաշխման ծրագիրը դատարան է ներկայացնում այն դեպոնացնելու միջնորդությամբ եւ այդ մասին հայտարարություն է հրապարակում: Դեպոնացումը փաստաթղթի տեղակայումն է դրան ծանոթանալու հնարավորությամբ, այսինքն՝ քանի որ «Արմավիայի» պարտատերերը թիվն անցնում է 170-ը, կառավարիչը դիմել է դատարան, որ վերջինս բաշխման ծրագրին ծանոթանալու հնարավորություն տա պարտատերերին: Համաձայն օրենքի՝ եթե պարտատերերը բաշխման ծրագիրն ստանալուց կամ կառավարչի հայտարարությունը հրապարակելուց հետո 7 օրվա ընթացքում ծրագրի դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա բաշխման ծրագիրը համարվում է նրանց կողմից ընդունված: Առարկություն լինելու դեպքում դատարանն է որոշում՝ ստացված միջոցների բաշխման ծրագիրը թողնել անփոփո՞խ, փոփոխե՞լ, թե՞ մերժել: Նշենք, որ azdarar.am-ում որեւէ տեղեկություն չկա «Արմավիայի» գործով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկությունների մասին:

«Էյր Արմենիա»

Ինչ վերաբերում է «Էյր Արմենիային», որը սնանկ է ճանաչվել 2015-ի նոյեմբերին, ապա սրա գործով կառավարիչը եւս Կարեն Ավետիսյանն է: Ընկերության կամ նրա պարտավորությունների համար գրավադրված գույքը վաճառվում է 2016-ից: Օտարվել են ավտոմեքենաներ, գրասենյակային գույք, առանձնատուն:

Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող առանձնատունը, որի սեփականատերերը «Էյր Արմենիայի» գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի ծնողներն էին, իսկ հետո Ավետիսյանն ու մայրը, մի որոշ ժամանակ (2018-2019 թթ.) հանվել էր աճուրդից: «Սնանկության մասին» օրենքի համաձայն՝ կառավարչի միջնորդությամբ ու դատարանի որոշմամբ ընդհատվում է հրապարակային սակարկություններով գույքի իրացումը, եթե տեղի է ունեցել այդ գույքի կազմի (նախորդ աճուրդների նկատմամբ), ինչպես նաեւ շուկայական գների կտրուկ փոփոխություն: Գույքը կրկին սակարկության է դրվում դատարանի որոշմամբ: Հիշեցնենք, որ այն գրավադրված էր «HSBC» բանկում, որի հայցով էլ սնանկ էր ճանաչվել «Էյր Արմենիան»: 2019-ի օգոստոսին կառավարիչ Կ. Ասատրյանը միջնորդել է դատարանին կրկին թույլատրել առանձնատան վաճառքը: Արդեն սեպտեմբերին հայտնի է դարձել այս գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին: Օրենքը թույլ է տալիս պարտապանի գույքի ուղղակի վաճառքը, եթե դրան դեմ չեն պարտատերերն, ու դատարանը թույլատրում է:

2016-ին նշված առանձնատան աճուրդային մեկնարկային գինը 813 մլն դրամ էր, այնինչ 2019-ի սեպտեմբերին դատարանը թույլատրել է այս գույքն ուղղակի վաճառքով օտարել Երեւանի մի բնակչի 291 մլն դրամով:

Ներկայում «Էյր Արմենիայի» գույքից մնացել է միայն մեկ լոտ՝ հիմնական եւ շրջանառու միջոցները, որը ժամանակին բաղկացած էր 785 ենթալոտերից եւ գնահատվում էր 19 մլն դրամ: Այսօր լոտը կազմված է 2 ենթալոտից, ընդհանուր մեկնարկային արժեքը՝ 950 հազ. դրամ: Հերթական աճուրդը Կ. Ասատրյանը նշանակել է մայիսի 15-ին: Չնայած աճուրդի հանված 2 ենթալոտերը չի հաջողվում օտարել երկար ժամանակ, տպավորություն է, որ սնանկացած 3 ավիաընկերություններից առաջինը հենց «Էյր Արմենիայի» լուծարման վարույթն է ավարտին հասցվելու:         

Տես նաեւ՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter