HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Para TV-ի փոխտնօրենը՝ ՀՌՀ անդամի թեկնածու

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Անժելա Նալբանդյանի թեկնածությունը:

Նալբանդյանը 2010-2013 թվականներին «Արմենիա» հեռուստաընկերությունում կոմերցիոն բաժնի գովազդի գծով մասնագետի հաստիքն է զբաղեցրել, այնուհետև «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի վարչությունում է աշխատել, նախ՝ որպես մասնագետ, ապա՝ որպես ղեկավար: 2015 թվականին զբաղեցրել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը, 2017 թվականից «Զանգեզուր» հեռուստաընկերության պրոդյուսերն է, ինչպես նաև՝ «Para TV» առցանց հեռուստաընկերության փոխտնօրենը: 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու:

ՀՌՀ անդամի թափուր տեղի համար Անժելա Նալբանդյանի առաջադրման հարցն ընդգրկված է ԱԺ գլխադասային հանձնաժողովի՝ փետրվարի 22-ին սպասվող նիստի օրակարգում: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցի շուրջ դեռևս քննարկում չի եղել: Պատգամավոի խոսքով՝ սպասվող նիստին թեկնածուն կներկայացնի իր տեսլականը, որից հետո պատգամավորներն իրենց հարցադրումներով հանդես կգան, ապա կորոշեն, թե ինչպես են քվեարկելու:

ՀՌՀ անդամի թեկնածության՝ ընդդիմության առաջարկն Անժելա Նալբանդյանն ընդունել է, քանի որ իր պատկերացումներն ու տեսլականն ունի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ և, ինչպես ինքն է ասում, ընտրվելու պարագայում պատրաստ է մասնագիտական գիտելիքները ծառայեցնել ի նպաստ կառույցի գործունեության: ՀՌՀ անդամի թեկնածուն մեզ հետ զրույցում չշտապեց կանխատեսումներ անել, թե ինչպիսին կլինի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների դիրքորոշումը, սակայն վստահեցրեց՝ պատշաճ ձևով կներկայացնի իր մոտեցումները:

Դիտարկմանը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու է եղել, արդյոք ընտրվելու պարագայում կկարողանա՞ օբյեկտիվություն և անաչառություն պահպանել, մեր զրուցակիցն ասաց. «Վստահ եմ, որ ունեմ բավականաչափ խոհեմություն, որ քաղաքական դիրքորոշումն ու մասնագիտական գործունեությունը հստակ կարողանամ զատել: Մասնագիտական գործունեություն իրականացնելիս, ինչը նաև օրենքի պահանջ է, կամք կդրսևորեմ, որպեսզի կարողանամ էդ բաժանարար գիծը հստակ տանել: Իմ քաղաքական կողմնորոշումը նույնն է և չի փոխվել, բայց որևէ կերպ իմ մասնագիտական գործունեության վրա չի կարող անդրադառնալ, ուստի՝ չի էլ կարող խանգարել»,-ասաց Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը, վերջինիս թեկնածության քննարկմանը վիճաբանություն սկսվեց նրա և իշխանական պատգամավորների միջև, միմյանց հասցեին հնչած վիրավորանքներից հետո Հակոբյանն ինքնաբացարկ հայտնեց:

Հիշեցնենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 2 թափուր տեղերի համար առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի և բանաստեղծ Հակոբ Մովսեսի թեկնածությունները, երկուսն էլ ընտրվել էին միայն մեծամասնության ձայներով: ՀՌՀ օրենքի համաձայն՝ այս թափուր պաշտոնը պետք է լրացնի կին թեկնածու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter