HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փոխնախարար Մինասյանն անշարժ գույքի խոշոր սեփականատեր է

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի կողմից հունվարի 12-ին, օրերս լրացրած հայտարարագրում մեծածավալ գույք է ներկայացրել:

Գ. Մինասյանը, ով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կրտսեր եղբայրն է, հայտարարագրել է 14 միավոր անշարժ գույք, որոնք ձեռք է բերել 2004-2020 թթ. ընթացքում:

14 միավոր գույք. Երեւան, Ծաղկաձոր, Բուլղարիա, Հունաստան

Մինասյանն ու կինը հաշվառված են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում: Կենտրոնում պաշտոնյան 7 միավոր անշարժ գույք է հայտարարագրել՝ 2 բնակարան, 3 ավտոտնակ, հասարակական նշանակության 1 շինություն եւ 1 ավտոկայանատեղի: Շենգավիթում էլ Գրիգոր Մինասյանը 2 բնակարան եւ 2 հատ ոչ բնակելի տարածք ունի բազմաբնակարան շենքում: Երեւանից դուրս պաշտոնյան 1 առանձնատուն է հայտարարագրել Ծաղկաձորում, ինչպես նաեւ 1-ական բնակարան Բուլղարիայի Սոզոպոլ եւ Հունաստանի Սալոնիկ քաղաքներում:

Անշարժ գույքերից 4 հատը (Ծաղկաձորի առանձնատունը, Սալոնիկի բնակարանը, Կենտրոնում գտնվող ավտոտնակ ու ավտոկայանատեղի) Գ. Մինասյանին պատկանում են միանձնյա սեփականության իրավունքով, մյուսները՝ որպես համատեղ կամ բաժնային սեփականություն:

Բոլոր գույքերը, բացի երեքից, Մինասյանը գնել է: Նշված երեք գույքից երկուսի ձեռքբերման եղանակը հայտարարագրում նշված է «այլ» տողի տակ: Դրանցից մեկը Կենտրոնում գտնվող բնակարան է (2004-ին ձեռք բերված գույքի նկարագրության բաժնում նշված է՝ Մյասնիկյանի շրջգործկոմի որոշում), մյուսը՝ ոչ բնակելի տարածք Շենգավիթի բազմաբնակարաններից մեկում, որը ձեռք է բերվել 2014-ին, նկարագրության մեջ էլ գրված է՝ համայնքի ղեկավարի որոշում: Այս վերջին պարագայում խոսքն, ըստ էության, 2014 թ. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կայացրած որոշման մասին է, որով Արշակունյաց 49 հասցեում Մինասյանի կողմից ինքնակամ իրականացված նկուղն օրինական է ճանաչվել, ապա հասցե է ստացել: Նկատենք, որ 39-ամյա Մինասյանը 2013-2018 թթ. եղել է Երեւանի ավագանու անդամ ՀՀԿ խմբակցությունից: Նա նաեւ ՀՀԿ անդամ է եղել, չնայած այդ մասին արդարադատության նախարարության կայքում՝ փոխնախարարի կենսագրության բաժնում, այսօր խոսք չկա:

3 գույքից մյուսը, որ չի գնվել Մինասյանի կողմից, նրա բնակարանն է Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում, որը պաշտոնյան նվեր է ստացել 2012-ին:

Փոխնախարարի ծնողները նրան ու կնոջը ծովափնյա բնակարան են նվիրել

Բուրգասի շրջանի Սոզոպոլ քաղաքում, որը գտնվում է Սեւ ծովի ափին, Գրիգոր Մինասյանի ծնողները՝ բժիշկ Արա Մինասյանն ու Արմինե Հասրաթյանը (1962-1975 թթ. Երեւանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի դուստրն է), 2011 թ. օգոստոսին բնակարան են ձեռք բերել «Sozopoli Style Club» հյուրանոցում (հյուրանոցներում սեփականության իրավունքով բնակարաններ վաճառելը տարածված պրակտիկա է Բուլղարիայում, որի հիմնական նպատակը հավանական ներդրողներին գրավելն է):

Ամուսինները 71 քմ մակերեսով 2-սենյականոց բնակարանը (հյուրանոցն ունի 1-3-սենյականոց բնակարաններ) գնել են տեղական «Sozopolo» ընկերությունից 24.600 բուլղարական լեւով (ներկայում՝ մոտ 12.500 եվրո): Ենթադրաբար ցածր արժեքը պայմանավորված է նրանով, որ գույքը գնվել է կառուցապատման փուլում (նախկին հայ պաշտոնյաների կողմից Բուլղարիայում նման եղանակով ձեռք բերված գույքի մասին կարող եք կարդալ այստեղ): Մեր նշած տարբերակի օգտին է խոսում նաեւ այն, որ հյուրանոցային բնակարանները գովազդող բրոշյուրներից մեկում, որում առաջարկվում էին պատրաստի բնակարաններ՝ կահավորված եւ անհատական դիզայնով, 1 քմ-ի գինը նշվել է շատ ավելի թանկ՝ 749-1799 եվրո:

2012-ի հուլիսին Արա Մինասյանն ու Արմինե Հասրաթյանը բնակարանը նվիրել են Գրիգոր Մինասյանին եւ վերջինիս կնոջը՝ Մարիա Ստեփանյանին: Գույքը վերջիններիս համատեղ սեփականությունն է:

«Sozopoli Style Club»-ն անմիջապես ծովափին է, ծովից 150 մ հեռավորության վրա: Ընդհանրապես, Սոզոպոլ քաղաքը հայտնի է իր հին պատմությամբ, հուշարձաններով, բալկանյան եւ միջերկրածովյան խոհանոցով, մշակութային կյանքով ու ավազոտ ծովափով, որոնց շնորհիվ էլ դարձել է պահանջված ուղղություն տուրիստների շրջանում:

Մինասյանին ու Անդրեասյանին գրավել է Կենտրոնական Մակեդոնիան

Ինչ վերաբերում է հունական Սալոնիկում 2020 թ. Գրիգոր Մինասյանի գնած բնակարանին, որը, կրկնենք, նրա միանձնյա սեփականությունն է, ապա հետաքրքիր է, որ Հունաստանի այն նույն պերիֆերիայում (վարչական միավոր է), որտեղ գտնվում է Սալոնիկը՝ Կենտրոնական Մակեդոնիայում, 2019 թ. առանձնատուն է գնել (կրկին միանձնյա սեփականության իրավունքով) Մինասյանի ներկայիս վերադասը՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Վերջինիս տունը, սակայն, ոչ թե Սալոնիկում է, այլ դրանից 80 կմ հեռու գտնվող Գերակինիում, որը Սալոնիկի պես Էգեյան ծովի ափին է եւ կուրորտային բնակավայր է:

Նկատենք, որ Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը համատեղ աշխատելու փորձ ունեն: Առաջինը 2011-2016 թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էր, իսկ երկրորդը 2012 թ. ՄԻՊ-ի աշխատակազմում իրավական վերլուծության վարչության պետն էր:

Մեքենաները, ընկերությունները

Փոխնախարար Մինասյանը պաշտոնի ստանձնման հայտարարագրում նշել է նաեւ, որ ունի 2 հատ մեքենա՝ «Toyota» (2013 թ. արտադրության) եւ «Cadillac» (2016 թ.) մակնիշի:

Պաշտոնյան 2012-ին հիմնել է «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ն, որում 60 % մասնակցություն ունի: Մինասյանն այստեղ տնօրեն էր 2013-ից մինչեւ փոխնախարար նշանակվելը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Գ. Մինասյանը սեփական ընկերությանը 5 մլն դրամ փոխառություն է տվել: Կինը՝ Մարիա Ստեփանյանը, տնօրեն է եւ 100 % բաժնեմաս ունի «Փրոֆ Թաքս» ՍՊԸ-ում, որն զբաղվում է հաշվապահական հաշվառմամբ, աուդիտով, խորհրդատվական ծառայություններով:  

Գ. Մինասյանը նաեւ Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) տնօրենների խորհրդի անդամ է (2011-ից ՀՀ պաշտոնական ներկայացուցիչն է այստեղ), բացի դրանից՝ 2014-ից կազմակերպության երեւանյան մասնաճյուղի տնօրենն է:  

Թանկարժեք զարդերը, դրամական միջոցներն ու եկամուտները

Նորանշանակ փոխնախարարը 4 մլն դրամը գերազանցող մի քանի միավոր թանկարժեք գույք ունի, որոնք բոլորը նվեր է ստացել 2009-ին: Մինասյանի «հավաքածուում» կա 2 հատ ձեռքի ժամացույց՝ 22 հազ. եւ 16 հազ. դոլար արժեքներով, ինչպես նաեւ 3 հատ արվեստի գործ, որոնք արժեն 15 մլն դրամ, 15 հազ. դոլար եւ 12 հազ. դոլար:

Դրամական միջոցների բաժնում պաշտոնյան հայտարարագրել է բանկում ունեցած մոտ 3,4 մլն դրամ, 1.030 դոլար եւ շուրջ 180 հազ. եվրո, իսկ կանխիկ միջոցներից՝ 20 հազ. դոլար եւ 2.000 եվրո:

Որպես եկամուտ Գրիգոր Մինասյանը հայտարարագրել է երեւանյան «Թի ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ-ից ստացած 480 հազ. դրամ վարձակալության վճարը: Ըստ էության, այս գումարը նա ստացել է հունվարի 1-ից 12-ի ընթացքում, քանի որ օրենքով պաշտոնի ստանձնման հայտարարագրում նշվում են այն եկամուտները, որոնք տվյալ անձը ստացել է հունվարի 1-ից մինչեւ պաշտոնն ստանձնելու օրը: Նշված ընկերությունն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է հանրային սննդի կազմակերպմամբ, սակայն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը: Հետաքրքիր է, որ 2021-ին էլ նախարար Անդրեասյանն էր իր պաշտոնի ստանձնման հայտարարագրում գրել, որ 4,2 մլն դրամ վարձավճար է ստացել «Թի ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ-ից (այսինքն՝ 2021 թ. հունվար-օգոստոս հատվածում):

Գ. Մինասյանը հայտարարագրել է նաեւ 1.400 եվրո վարձ Մուրաթիդիս Խարալամբոսից (ըստ ամենայնի, ազգությամբ հույն է): Սա, թերեւս, Սալոնիկի բնակարանի վարձակալությունից հայ պաշտոնյայի ստացած եկամուտն է հունվարի առաջին տասնօրյակում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter