
Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ իշխանությունները միտումնավոր չեն անդրադառնում Արցախի հարցին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ իշխանությունը միտումնավոր չի անդրադառնում Արցախին ու Արցախի հարցին, որպեսզի հանրությունը հույսեր չունենա իր հետ:
Նման տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը փետրվարի 17-ին հրավիրված ասուլիսին:
«Մեկ տարի Ղարաբաղից չխոսելը տպավորություն է ստեղծելու, որ այդ հարցի հետ մենք առանձնապես կապ չունենք, գնացեք ռուսների հետ խոսեք: Սա, կարծում եմ, գիտակցաբար է արվում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե, ըստ իրեն, այս իրավիճակում հնարավո՞ր է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությամբ քննարկումներ լինեն ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանն ասաց.
«Մեկ-մեկ ուզում եմ պատկերացնել այդ բանակցությունների առաջին փուլը. հանդիպեցին մեկ սեղանի շուրջ, ինչի՞ մասին են խոսելու, Հայաստանի պատվիրակն ի՞նչ թեմա է քննարկելու, ի՞նչ տարբերակ: Ոնց մեր նախկին լրագրող պատգամավորներն են անում խորհրդարանում, ադրբեջանական կողմը ձայնագրությունը դնելու է, միացնի, ասի՝ ձեր ղեկավարը ամբողջ հայ ժողովրդին համոզում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վաղուց ճանաչված է Հայաստանի կողմից»:
Ըստ Քոչարյանի՝ չի կարող արդյունավետ քննարկում լինել, քանի որ ադրբեջանցիները կարող են նույնիսկ այն մասին խոսել, որ Հայաստանի ղեկավարը կասկածի տակ է առել անգամ Արցախի հայկական լինելը:
«Անկեղծ ասած՝ մեծ անհանգստությամբ եմ սպասում այդ բանակցություններին, նույնիսկ մտածում եմ՝ հիմա դրանք պետք են, թե չէ, այնքան ժամանակ քանի դեռ այս իշխանությունն է»,- ասաց նա:
Մեկնաբանել