HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վանաձորում ընտրական շեմը չհաղթահարած կուսակցությունը պահանջում է անվավեր ճանաչել ավագանու ընտրությունը

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը Վանաձորում 2021թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրության արդյունքներով ընտրողների ամենամեծ քվեն էր ստացել, սակայն համայնքի ղեկավարի ընտրությունը պետք է անցկացվեր քվեարկության միջոցով: Ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերից ոչ մեկը ավագանու անդամների տեղերի 50%-ից ավելին չէր ստացել: 

Վանաձորում ավագանու մանդատները հետևյալ կերպ են բաշխվել՝ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինք՝ 9 մանդատ, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ 5 մանդատ, «Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ,  «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:

Վանաձոր համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը պետք է տեղի ունենար 2021թ. դեկտեմբերի 17-ին, համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու էր դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը։ Դեկտեմբերի 15-ին Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, իսկ 16-ին կալանավորվեց 2 ամսով: Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու օրը՝ դեկտեմբերի 15-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի: Հայցվոր «Լուսավոր Հայաստան»-ը, որը մասնակցել էր ՏԻՄ ընտրություններին և չէր հաղթահարել ընտրական շեմը, դատարանից պահանջում է անվավեր ճանաչել 2021թ. դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրության արդյունքները, թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումները և ընտրված ճանաչել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների: 

2021թ.-ի դեկտեմբերի 21-ի վճռով վարչական դատարանը մերժել է հայցը: «Դատարանն արձանագրում է նաև, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված չէ մանդատների բաշխման այնպիսի կարգ, որը հնարավորություն կընձեռեր թվով 12 անճշտությունները գումարել որևէ կուսակցությանը, սույն դեպքում՝ հայցվոր «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների ձայներին»,- պատճառաբանել են դատավորները:

Հայցը մերժելը վարչական դատարանը հիմնավորել է նրանով, որ սույն դեպքում Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված անճշտությունների ընդհանուր թիվը կազմել է 12 (անճշտությունների նշված չափն ընդունում են դատավարության մասնակիցները): «Ընտրական օրենսգրքի» կարգավորումների համաձայն այն գումարվել է կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվին, և ավագանու անդամների մանդատները բաշխվել են այն կուսակցությունների և կուսակցության դաշինքի միջև, որոնց կողմ քվեարկած ձայները նշված հաշվարկի արդյունքում հաղթահարել են համապատասխանաբար՝ 4% և 6% շեմը:  

Վարչական դատարանը հայցը քննել է դատավորների կոլեգիալ՝ 5 հոգանոց կազմով, դատարանի որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 

Չնայած դրան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, բողոքի ընդունումը դատարանը մերժել է: Վերաքննիչի մերժումը Էդմոն Մարուքյանը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում: 2022 թ-ի փետրվարի 7-ին բողոքը մակագրվել է դատավոր Ռուզաննա Հակոբյանին, դատական ակտը հրապարակելու օրը հայտնի չէ։

Նույն օրը՝ 2022թ.-ի հունվարի 7-ին, հայտնի է դարձել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդման հիման վրա արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել վարչական դատարանի կոլեգիալ կազմը նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ։ Նախարարը պատճառաբանել է, որ նշված գործով վճիռը դատական նիստում բարձրաձայն ընթերցել է ոչ թե նախագահող դատավոր Դանիելյանը, այլ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավոր: 

Փետրվարի 3-ին վարչական դատարանի 20 դատավորներ հայտարարություն տարածեցին և բացատրեցին, թե ինչու Դանիելյանը չի հրապարակել վճիռը: «Կարևորն այն է, որ դատական ակտի եզրափակիչ մասն ընթերցվել է հրապարակային դատական նիստում, ընդ որում՝ դատավոր Դ. Դանիելյանի կողմից չընթերցելը պայմանավորված է եղել նրա՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով դատական նիստին տեսակապի միջոցով մասնակցելով»,- ասվում է դատավորների հայտարարության մեջ:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չի ընդունել դատավորի բացատրությունը, հունվարի 27-ին դատավոր Դանիել Դանիելյանին կարգապական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում է կայացրել և միջնորդությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ): 

«Դատավոր Դ. Դանիելյանին կարգապական պատասխանատվության ենթարկելու հարցով արդարադատության նախարարի կողմից ԲԴԽ դիմելը տարակուսանք է առաջացնում դատավորներիս մոտ: Արտահայտում ենք մեր խիստ մտահոգությունը և ակնկալում ենք, որ հետայսու ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորին կարգապական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ դիմելը տեղի կունենա բացառապես «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված ծայրահեղ դեպքերում և միայն ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում»,- ասվում է հայտարարության մեջ:

«Լուսավոր Հայաստանի» ներկայացրած հայցապահանջի պատճառով Վանաձոր համայնքի ավագանին չի կարող նիստ գումարել համայնքի ղեկավար մարմին ընտրելու օրակարգով: Վանաձոր համայնքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը «Հետք»-ին հայտնեց, որ նորընտիր ավագանին մեկ անգամ է նիստ գումարել իր նախաձեռնությամբ՝ ավագանու անդամների ընդհանուր թվի 1/3-րդ-ով: Հունվարի 24-ին հրավիրված արտահերթ նիստում վարչական դատարանում քննվող գործով Վանաձոր համայնքի շահերը ներկայացնող լիազոր ներկայացուցիչ են ընտրել։

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը ներկայացնող ավագանու անդամ Գ. Քալանթարյանը փոխանցեց, որ ավագանու մանդատ ստացած մյուս կուսակցությունները նույնպես մտահոգված են ստեղծված վիճակով։ Տեղական իշխանություն չձևավորելու հետևանքով համայնքը ֆինանսական, կազմակերպչական, ծառայությունների մատուցման և այլնի հետ կապված տարաբնույթ վնասներ է կրում։ Համայնքապետարանի աշխատանքը պարալիզացված է, ընդամենը աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված և նրա վրա բազմաթիվ լիազորություններ են դրվել: ՏԻՄ օրենքը դրա իրավասությունը չի տալիս նրան, երբ համայնքի ղեկավարը չկա, նրան պետք է փոխարինի առաջին տեղակալը։ Որոշ գործառույթներ, որոնք պատասխանատվություն չեն ենթադրում, քարտուղարն իրականացնում է, բայց պատասխանատու որոշումներ չի կարող ընդունել:

Վանաձոր համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը հայտնեց, որ Ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային ստորագրության հնարավորություն է տվել, որպեսզի աշխատավարձերը վճարեն և նախկինում կայացած մրցույթներով գումարները փոխանցեն ընկերություններին: Դրանից բացի, ինքը ուրիշ ոչ մի գործողություն չի կատարում: 

«2022թ. հունվար ամսից սկսած, ինչ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի լիազորությունները դադարել են, մենք ո՛չ մրցույթներ ենք անցկացնում, ո՛չ գնումներ ենք կատարում, ոչինչ չենք կարողանում անել: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը եռամսյակային մրցույթներ է իրականացրել, որոնց ժամկետները լրանում են մարտի վերջին, և մենք այլևս ոչինչ չենք կարող անել»,- հայտնեց աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարը:

«Միտում եմ տեսնում այստեղ, ամեն ինչ արվում է, որ չկարողանանք նիստեր գումարել, բայց Մամիկոն Ասլանյանի կալանավորված լինելը չի խանգարում մեզ, որ համայնքի ղեկավարի տեղակալներ ընտրենք և կարևոր այլ որոշումներ ընդունենք, քանի որ բարձիթողի, խայտառակ վիճակ է Վանաձորում։ Վանաձորի հետ միավորված բնակավայրերում չկան վարչական պատասխանատուներ և բազմաթիվ գործառություններ չեն իրականացվում»,- հայտնեց տկն Քալանթարյանը: Տեղեկացրեց, որ ավագանին մտադիր է կրկին ավագանու նիստ հրավիրել, քանի որ բազմաթիվ հարցեր կան կուտակված։ 

Գայանե Քալանթարյանը նաև համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ է, որը նույնպես չի գործում: Նիստեր չեն կարողանում գումարել, որովհետև համայնքի ղեկավարը պետք է որոշումները հաստատի: Համայնքապետարանն այլ հանձնաժողովներ էլ ունի, որոնք նույնպես չեն գործում, որովհետև ավագանին ամեն տարի պետք է հաստատի  հանձնաժողովների կազմը: «Բազմաթիվ գործեր կան կուտակված համայնքապետի պարտադիր հաստատումը պահանջող այլ գործառույթների հետ կապված։ Ավագանին բյուջե, տեղական տուրքերի տարեկան դրույքաչափերը չի հաստատել և այլն»,- նշեց տկն Քալանթարյանը:

Նրա ասելով՝ ավագանու կազմում կարող մարդիկ են հավաքված և ափսոսում է, որ այդ ներուժը չեն կարողանում օգտագործել համայնքային խնդիրները լուծելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter