HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտնականն ուսանողներին խորհուրդ է տալիս վերապատրաստվել դրսում, բայց անպայման վերադառնալ՝ հայրենիքում աշխատելու

Թափանցիկ ապակիներով երկար դռներից երեւացող սպիտակ խալաթով երիտասարդ գիտնականներն անընդհատ շարժման մեջ են: Խորհրդային տարիներից մնացած գույքից միանգամից տարբերվում են նոր սարքավորումները, որոնք վկայում են նոր ժամանակների մասին: Ներսում փորձ են անում. եռացող հեղուկների ձայնն է եւ քիմիական նյութերի հոտը:

Մեզ համար գուցե ոչ հետաքրքիր թվացող այդ պրոցեսները ստեղծագործելու անսպառ հնարավորություններ են քիմիկոս Արփինե Հարությունյանի համար: Ասում է՝ քիմիան նկարչության պես է, այստեղ գույներ են, ստեղծագործելու հնարավորություններ եւ ամենակարեւրորը՝ քիմիայում միշտ արդյունք ես ունենում: «Բյուրեղների ձեւից, գույներից ու փորձի արդյունքներից ամեն օրը տարբեր է»,- նկատում է նա:

Քիմիական գիտությունների թեկնածու Արփինե Հարությունյանն աշխատում է ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հոգեմետ միացությունների սինթեզի լաբորատորիայում որպես ավագ գիտաշխատող: Նա նաեւ օրգանական եւ դեղագործական քիմիայի իոնական հեղուկների մշակման եւ կիրառության խմբի ղեկավարն է:

Դպրոցում քիմիան Արփինեի ամենասիրելի առարկան չի եղել, սակայն բնագիտական առարկաները շատ է սիրել: Ծնողները երկու պայման էին դրել նրա առջեւ՝ մայրենի լեզվին լավ տիրապետելն ու բնագիտական առարկաները փայլուն իմանալը:

-Ինչի՞ համար եք սիրում քիմիան,- հարցնում եմ նրան:

-Ստեղծագործելու, արարարելու եւ մարդու օրգանիզմի շատ բարդ պրոցեսներն ուսումնասիրելու համար եմ սիրում,- պատասխանում է:

Լաբորատորիայում սինթեզված նյութերը երկար փորձեր եւ փորձաքննությունների փուլեր են անցնում, իսկ ստացված արդյունքն օգտագործվում է դեղագործության ոլորտում: Բացի հոգեմետ նյութերից՝ այս լաբորատորիայում ստանում են հակաուռուցքային, հակավիրուսային, հակամանրէային նյութեր:

Արփինեի ղեկավարած խումբը լաբորատորայից զատ է, զբաղվում է իոնական հեղուկների սինթեզով։ Նրա խոսքով՝ ժամանակակից քիմիական տեխնոլոգիայում եւ օրգանական սինթեզում առաջնային խնդիրներից է նոր, ավելի արդյունավետ եւ էկոլոգիապես անվտանգ կատալիզատորների, ռեակցիոն միջավայրների եւ լուծիչների կիրառմամբ միացությունների ստացումը, սինթեզի մեթոդի մշակումը, պրոցեսների օպտիմալացումը եւ դրանք արդյունաբերական դաշտ տանելը։ Իոնական հեղուկները, գիտնականի դիտարկմամբ, այսօր լայնորեն կիրառվում են գիտության եւ տեխնոլոգիայի տարբեր ճյուղերում՝ քիմիայում, ֆիզիկայում, բնապահպանության ոլորտում, կենսատեխնոլոգիայում, ֆիզիոլոգիայում, հրթիռաշինության, նավթարդյունաբերության, դեղագործության մեջ։

Գիտությունը դեռ ցավոտ տեղեր ունի

Արփինեն ասում է, որ գիտկոմի շնորհիվ շատ խնդիրներ սկսել են լուծվել, սակայն ոլորտում դեռ խնդիրներ կան:

Ըստ նրա՝ այսօր հայաստանյան գիտության ոլորտի ցավոտ տեղերից մեկը «Պետական գնումների մասին» օրենքով սահմանված կանոններն են, համաձայն որոնց՝ գիտնականը պետք է ձեռք բերի ամենացածր գին առաջարկողի սարքավորումը: Ընդ որում՝ գիտահետազոտական սարքեր արտադրող ճապոնական կամ եվրոպական հայտնի կազմակերպությունները մասնաճյուղեր չունեն Հայաստանում, եւ հայ գիտնականը հայտարարված տենդերի դեպքում կարող է ձեռք բերել լավագույն դեպքում չինական լյուքսը: Մեր զրուցակցի խոսքով՝ տենդերով գնվում է այն, ինչը համապատասխանում է առաջադրված պարամետրերին, բայց թե այդ սարքը որքան կաշխատի, հնարավոր չէ ասել: Սրա հետեւանքով, ըստ Արփինե Հարությունյանի, տուժում է ե՛ւ պետությունը, ե՛ւ գիտնականը:

Գիտության խնդիրներից մեկն էլ սերնդափոխությունն է: Միջին սերունդ գրեթե չկա: Արփինեն նկատում է, որ ինքն էլ դրսում աշխատելու առաջարկներ եւ հնարավորություններ շատ է ունեցել, բայց հրաժարվել է: «Հայաստանը չուզեցի թողնեմ»,- նշում է նա:

Ժամանակին սերնդափոխության խնդիրներից էր նաեւ ավագ սերնդի գիտնականների վերաբերմունքը երիտասարդների նկատմամբ: Զրուցակիցս ասում է՝ ավագները սերնդափոխությունից պոտենցիալ վտանգ էին տեսնում: «Հիմա դա հաղթահարվել է գիտկոմի դրամաշնորհների միջոցով, որոնց դեպքում երիտասարդները պետք է պարտադիր ներգրավված լինեն։ Կանայք ունեին խնդիր մեր ոլորտում: Անձամբ ես չեմ ունեցել, բայց կար այդ խնդիրը: Մտածում էին, որ կանայք պետք է ամուսնանան, երեխա ունենան եւ ընտանիքով զբաղվեն՝ գիտությունը մոռանալով, եւ առաջին հերթին տեղ էին տալիս տղաներին: Նրանք էլ երկար չէին մնում ոլորտում, դուրս էին գալիս, եւ ստացվում էր, որ ոլորտը լճանում է: Մտքի փոփոխություն չէր լինում, եւ ավագ սերունդը տալիս էր նույն գիտելիքը, ինչ 20-30 տարի առաջ»,- նշում է նա:

«Մյուս խնդիրը դպրոցներից է սկսվում: Սերնդափոխությունը միայն աշխատավարձով եւ եկող սերնդով չէ, այլ նաեւ գիտելիք չունեցող կամ ֆակուլտետներ դիմողների պակասով է, դպրոցի մանկավարժների՝ որոշ դեպքերում ցածր մակարդակով է, որը չի բերում ոլորտի նկատմամբ սիրուն կամ ճիշտ գնահատմանը»,- ասում է քիմիական գիտությունների թեկնածուն ու ավելացնում, որ Հայաստանում քիմիան, անկախ պայմաններից, անհրաժեշտություն է լինելու:

-Ի՞նչ կուզեիք, որ փոխվեր գիտության ոլորտում,- հարցնում եմ Արփինեին:

-Միջազգային մակարդակի գիտություն լիներ: Հաշվի նստեինք, ընդունեինք եւ ձգտեինք դրան:

Համագործակցություն արտերկրի գիտական կենտրոնների հետ ունեն, բայց դրանք, ըստ Ա․ Հարությունյանի, միշտ ավելի շատ պետք է լինեն: Նրա ղեկավարած իոնական հեղուկների մշակման եւ կիրառության խումբը որպես խորհրդատու է ընտրել Ռուսաստանի հայտնի քիմիկոսներից մեկին: «Նյութերի ձեռքբերման անդադար խնդիր ունենք: Կան սարքեր, որոնք մենք չունենք, իրենք ունեն, դրանցից ենք օգտվում, կենսաբանական որոշ փորձեր կան, Ռուսաստանում են արվում: Այսօրվա դրույթամբ շատ լավ քիմինֆորմատիկա չունենք, այդ բացն էլ ենք նրանց հաշվին անում»,- ասում է նա:

Ուսանողներին, մագիստրոսներին գիտնականը խորհուրդ է տալիս վերապատրաստվել, գնալ ու սովորել դրսում՝ վերադարձի պայմանով: «Մենք այդքան սերունդ չունենք դուրս գնալու համար»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter