HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Պուտինն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա». Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ իր տվյալներով, Վլադիմիր Պուտինն արդեն որոշում է ընդունել Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման վերաբերյալ։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է Սպիտակ տունը։

Ամերիկյան առաջնորդը կարծում է, որ Կիևին փորձում են սադրել Դոնբասում։ Նա վստահ է, որ ռուսական զորքերը մնում են Ռուսաստանի սահմանի մոտ։ Բայդենի խոսքով՝ ռուսները մի քանի օրվա ընթացքում նախատեսում են ներխուժել, իսկ Միացյալ Նահանգները չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այդուհանդերձ, Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Կիևին։

«Ուկրաինան հարձակման որևէ իմաստ չունի։ Ռուսաստանը շարունակում է կեղծել իր վրա Ուկրաինայի նախապատրաստվող հարձակման մասին հայտարարությունները։ Դա դասական մոտեցում է, որը Ռուսաստանն արդեն կիրառել է»,- նշել է Բայդենը։

Հայտարարությունից առաջ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակը քննարկել էր ՆԱՏՕ-ի անդամ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Կանադայի առաջնորդների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ԵՄ ղեկավար կազմի հետ։

Սպիտակ տանը նաև հիշեցրել են, որ Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի պարագայում Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կսահմանի ռուսական խոշոր ֆինանսական ինստիտուտների և պետական ընկերությունների դեմ, ինչպես նաև արդյունաբերության մի քանի հատվածների նկատմամբ։

Իրավիճակը խիստ լարված է Դոնբասում։ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսներով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։ 

Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին», հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։

Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter