HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները կարծում են՝ Կիևի հարձակման վերաբերյալ հայտարարությունները ճիշտ չեն

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարծում են, որ Դոնբասի՝ Կիևի կողմից չվերահսկվող շրջանների վրա ուկրաինական հնարավոր հարձակման ապացույցներ չկան: Այդ մասին նշվում է երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։

Եվրոպացի նախարարները քննադատել են ծանր սպառազինության կիրառումն ու քաղաքացիական շրջանների անխնա գնդակոծությունները, որոնք Մինսկի համաձայնագրերի ակնհայտ խախտում են։

«Մենք ի գիտություն ենք ընդունել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» առաջնորդների հայտարարությունները բնակչությանը Ռուսաստան տարհանելու մասով, որպես ենթադրյալ նախազգուշական միջոց, ուկրաինական հնարավոր հարձակման վերաբերյալ։ Մենք որևէ հիմք չունենք աջակցելու այդ մեղադրանքներին և կոչ ենք անում Ռուսաստանին օգտագործել ինքնահռչակ հանրապետությունների վրա իր ազդեցությունը՝ նպաստելով զսպվածությանն ու իրավիճակի սրման թուլացմանը»,- նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Բերբոքն ու Լե Դրիանը կարծում են, որ «բեմադրված միջադեպերը կարող են օգտագործվել որպես հնարավոր ռազմական էսկալացիայի առիթ»։ Նախարարները ողջունել են ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի փորձը հրավիրելու եռակողմ կոնտակտային խմբի արտահերթ նիստ և ափսոսանք հայտնել, որ «ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» ներկայացուցիչները հրաժարվել են դրան մասնակցել»։

Բերբոքը և Լե Դրիանը կրկին իրենց մտահոգությունն են հայտնել ընթացող իրադարձությունների վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, կարող է նպաստել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական նոր զորքերի տեղակայմանը։ Նրանք ևս մեկ անգամ Ռուսաստանին կոչ են արել հեռացնել զորքերը սահմանից։

Իրավիճակը խիստ լարված է Դոնբասում։ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակհանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսներով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։ 

Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին», հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։

Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter