
Lufthansa-ն և Austrian Airlines-ը դադարեցնում են թռիչքները Ուկրաինա
Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 21-28-ը դադարեցնում է թռիչքները դեպի Կիև։ Այդ մասին հայտնում է AFP-ն։ Ավիափոխադրողը կդադարեցնի թռիչքները նաև դեպի Օդեսա։
#BREAKING Lufthansa cancels flights to Kyiv and Odessa from Monday: spokesman pic.twitter.com/SxDVC69FWU
— AFP News Agency (@AFP) February 19, 2022
«Lufthansa-ն մշտապես հետևում է իրավիճակին և ավելի ուշ որոշում կընդունի հետագա թռիչքների վերաբերյալ»,- նշվում է ընկերության կայք էջում։
Համանման որոշման մասին հայտնել է նաև Ավստրիայի ազգային ավիափոխադրողը՝ Austrian Airlines-ը, որը փետրվարի 20-ից մինչև այս ամսվա վերջ կդադարեցնի թռիչքները դեպի Կիև ու Օդեսա։
Գերմանիայի ու Ավստրիայի իշխանությունները նախօրեին իրենց քաղաքացիներին կոչ էին արել լքել Ուկրաինան՝ Ռուսաստանի հնարավոր ներխուժման պատճառով։
Փետրվարի կեսերին նիդերլանդական KLM ավիաընկերությունը ևս դադարեցրել էր թռիչքները դեպի Ուկրաինա։
Իրավիճակը խիստ լարված է Դոնբասում։ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակհանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսներով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։
Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին», հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։
Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
Լուսանկարը՝ Adam Moreira/ Wikimedia Commons
Մեկնաբանել