HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հնարավոր է համարում Դոնբաս ՀԱՊԿ խաղաղապահների ուղարկումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Կիևի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության պարագայում, կարող է խաղաղապահներ ուղարկել Դոնբաս։ Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ 

«Տեսականորեն դա (խաղաղապահների տեղակայումը- խմբ․) կարելի է պատկերացնել Ուկրաինայի կողմից բարի կամքի պարագայում, քանի որ դա իր տարածքն է, եթե լինի մանդատ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և եթե անհրաժեշտություն առաջանա ու այդ որոշմանը աջակցեն մեր բոլոր կառավարությունները»,- հայտարարել է Զասը։ 

Վերջինիս կարծիքով՝ իրավիճակի լուծումը պետք է փնտրել երկխոսության միջոցով։ «Պետք է հասկանալ, որ անհրաժեշտ է նստել սեղանի շուրջ և բանակցել ինչ-որ բանի շուրջ։ Սա նոր իրականություն է»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ 

Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ն և նրա անդամները մշտապես մանրակրկիտ գնահատում են ցանկացած որոշում, որը կապված է ուժի կիրառման հետ, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը կարող է հապճեպ խաղաղապահներ ուղարկել։ «Հավատացեք, կարող ենք ուղարկել, ինչքան որ անհրաժեշտ է։ Եթե մեզ 300 հազար պետք լինի, մենք կուղարկենք, եթե մեզ 17 հազար պետք լինի, ապա դարձյալ կուղարկենք։ Եթե մեզ ավելի շատ պետք լինի, ավելի շատ կուղարկենք։ Այնքան, որքան անհրաժեշտ է»,- ասել է Զասը։ 

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչը РИА Новости-ին հայտարարել էր, որ Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահների հարցը վերջնականապես փակված է և չի քննարկվում։ Ըստ նրա՝ ներկայիս պայմաններում ռուս-ուկրաինական սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայում պետք չէ, նրանք չեն օգնի լուծել ներուկրաինական հակամարտությունը։

Իրավիճակը խիստ լարված է Դոնբասում։ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակհանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսներով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։ 

Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին», հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։

Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

Լուսանկարը՝ Белта գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter