HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը Ուկրաինայի հարցով ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը՝ փետրվարի 20-ին, Սպիտակ տանը Ուկրաինայի հարցով Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարի։ Այդ մասին նշվում է շաբաթ ուշ երեկոյան Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքիի գրավոր հայտարարության մեջ։

«Վաղը նախագահը Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ կգումարի Ազգային անվտանգության խորհրդի նիստ»,- հայտնել է նա։

Մամուլի քարտուղարը նշել է, որ Բայդենը կշարունակի հետևել Ուկրաինայի շուրջ փոփոխվող իրավիճակին, իսկ նրա ազգային անվտանգության հարցերով թիմը պարբերաբար զեկուցում է իրադարձությունների զարգացման մասին։ «Նրանք (Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնականները- խմբ․) հաստատել են, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի վրա հարձակում սկսել ցանկացած ժամանակ»,- պնդել է Փսաքին։ 

Փաստաթղթում նշվում է, որ շաբաթ օրը Բայդենին նաև զեկուցել են հանդիպումների արդյունքների մասին, որոնք փոխնախագահ Քամալա Հարիսն ունեցել է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, ինչպես նաև մերձբալթյան երկրների ղեկավարների հետ։

Իրավիճակը խիստ լարված է Դոնբասում։ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակհանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսներով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։ 

Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին», հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։

Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

Լուսանկարը՝ AP Photo/Carolyn Kaster

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter