
Ալիևն ու Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպեն
Առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնել է ռուսական Россия 1 հեռուստաընկերությունը։
«Շաբաթվա ընթացքում կշարունակվեն նաև արտասահմանյան առաջնորդների կարևոր այցերը։ Ադրբեջանի նախագահը պաշտոնական այց կունենա Ռուսաստան։ Կրեմլում սպասում են նաև Պակիստանի վարչապետին»,- նշվել է «Москва. Кремль. Путин» հաղորդման ընթացքում։
Հիշեցնենք, որ Ռուսաստան Իլհամ Ալիևը վերջին անգամ այցելել էր 2021 թվականի դեկտեմբերի 28-ին։ Նա այցելել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայացել էր Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցել էին նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդները։ Սանկտ Պետերբուրգում այդ անգամ Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չէր ունեցել։
Փոխարենը, ավելի վաղ նոյեմբերի 26-ին Սոչիում Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդները եռակողմ հանդիպում էին ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի արդյունքում պայմանավորվել էին մինչև տարեվերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ։
Լուսանկարը՝ Alexey Druzhinin/AFP/Getty Images
Մեկնաբանել